Բնակիչները ե՛վ գոհ են, ե՛վ դժգոհ

Բնակիչները ե՛վ գոհ են, ե՛վ դժգոհ

Աշտարակ քաղաքում ջրագծերի նորոգման ու անցկացման կապիտալ աշխատանքներ են իրականացվում։ Այս ամենը գուցե շուտով իր դրական պտուղները տա՝ քաղաքի բնակիչները նորմալ ջրամատակարարում ունենան, սակայն աշխատանքների հետեւանքները դժգոհություն են առաջացրել աշտարակցիների մոտ։ Նրանք մեզ հետ զրույցում բողոքեցին, որ Համաշխարհային բանկի ֆինանսավորմամբ իրականացվող այս աշխատանքները լիարժեք չեն ընթանում՝ ճանապարհները քանդել, խողովակները փոխել են, սակայն փոսերը չեն լցրել, չեն ասֆալտապատել, ու հիմա ամբողջ քաղաքը փոշու ու կեղտի մեջ կորած է, ճանապարհներն էլ փոսերով են։ Ասացին, որ աշխատանքներն իրականացնող ընկերությունից ասել են, թե իբր իրենք լրացուցիչ ջրագիծ են անցկացրել, եւ նախատեսված գումարն սպառվել է, ուստի չեն կարող ասֆալտապատել։
Աշտարակի քաղաքապետի տեղակալ Գեւորգ Եղիազարյանն ասաց, որ չի կարող պարզաբանում տալ, քանզի ծրագիրը դեռ չի ավարտվել։ Իսկ աշխատանքներն իրականացնում է «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ-ն, որից էլ առաջարկեց մեր հարցերի պատասխանն ստանալ։



Այստեղից էլ ընկերության մամուլի խոսնակ Ալեքսանդր Օհանյանը մեզ ասաց, որ Աշտարակ քաղաքում մեծ ծրագիր է արվում, այն դեռ չի ավարտվել, երբ որ վերջացնեն աշխատանքները, կվերականգնեն նաեւ քանդված ճանապարհները։ Աշխատանքները, սակայն, գրեթե ավարտված վիճակում են, հիմա ընթանում են միացման աշխատանքները, եւ մոտ ժամանակներս լիարժեք պատրաստ կլինի համակարգը։ Իսկ իրենք տեղյա՞կ են բնակիչների դժգոհություններից, «Հայջրմուղի» մամուլի խոսնակն ասաց՝ այո, դժգոհ են հիմնականում նրանից, որ ջրամատակարարումը խափանվել է, օրվա մեջ քիչ ժամեր են ջուր ունենում, ինչը բնական համարեց այս օրերին, քանզի խողովակներն են փոխում. կավարտվի, ամեն ինչ կկարգավորվի։ Իսկ քանդված ճանապարհները, փոշին, կեղտը… Ա. Օհանյանն ասաց. «Օրինակ՝ Ձեր տանը, որ ռեմոնտ է լինում, պարզ է, չէ՞, որ փոշի կարող է լինել, բնական է դա»։



Ինչ վերաբերում է ՀԲ-ի ֆինանսավորմանն ու թվերին, Ալեքսանդր Օհանյանն ասաց, որ այս ծրագիրն իրականացվում է ամբողջ Հայաստանի տարածքում, իսկ կոնկրետ Աշտարակ քաղաքի ծրագրի արժեքը կազմում է 550 մլն դրամ։ Ֆինանսավորումը վարկի տեսքով է, որը վերցրել է հայրենի կառավարությունը։



 



Վահե ՄԱԿԱՐՅԱՆ