Ոչնչությունների դիկտատուրա է հաստատվել Հայաստանում

Ոչնչությունների դիկտատուրա է հաստատվել Հայաստանում

Ֆիզիկոս Սասուն Գևորգյանը ներկայանում է որպես նախկին «Երևանի ֆիզիկայի ինստիտուտի» նախկին աշխատակից։ Նա այն գիտնականներից է, որոնք հեռացել են Հայաստանից, քանի որ ունեն գիտությամբ ապրելու և սիրելի գործում առաջ գնալու հնարավորություն և դրսում իրենց ավելի պահանջված են զգում։ Չնայած դրան, Սասուն Գևորգյանը, մի քանի տարի Թայվանում ապրելուց հետո, վերադարձել է Հայաստան, մեր գիտությանը ծառայելու մտադրությամբ։ Սակայն ինտրիգների զոհ է դարձել և հայտնվել է գիտության պետական կոմիտեի նախագահ Սամվել Հարությունյանի թշնամության թիրախում։ Մեր հրապարակումներից մեկում գրել էինք, որ Գեւորգյանը հրապարակավ քննադատել է Սամվել Հարությունյանին այն բանի համար, որ «Երկիր Մեդիայի» եթերում վերջինս «Քենդլ» հիմնադրամի տնօրենի հետ փորձել է գերմանացիների նվիրած «ԱՐԵԱԼ» գծային արագացուցիչը ներկայացնել որպես Հայաստանի համար ունիկալ սարքավորում եւ «Քենդլի» սեփական ստեղծագործություն, այն դեպքում, երբ Ֆիզիկայի ինստիտուտում կան նման արագացուցիչներ։ Այս արարքից հետո, մեր տեղեկություններով, ֆիզիկայի ինստիտուտի տնօրինությանը արգելվել էր Սասուն Գևորգյանին հետ ընդունել աշխատանքի, և նա կրկին անգամ հիասթափված հեռացավ Թայվան։ Օրերս մեզ հաջողվեց կապ հաստատել Սասուն Գևորգյանի հետ։



-Նախ, ուզում էի իմանալ, թե ի՞նչ նվաճումներ ունեք Թայվանում։ Գիտեմ, որ ժամանակին Երևանի ֆիզիկայի ինստիտուտում եք աշխատել։
- Նվաճում բառը չեմ սիրում: Ասեմ հետևյալը: Մի քանի տարի առաջ մեր երևանյան խմբով դիմել էինք թեմատիկ ֆինանսավորում ստանալու համար: Երևանյան պայմաններում կատարել էինք էքսպերիմենտալ աշխատանք և արդեն տպագրել էինք Phys. Rev. Lett. Ամսագրում: Սա համարվում է ամենաառաջնակարգ ամսագիրը ֆիզիկայի բնագավառում: Ասեմ, որ մեր աշխատանքը կենսաֆիզիկայի բնագավառում է, և դա միակ փորձարարական հոդվածն է այդ ամսագրում, որ երբևէ տպագրվել է Հայաստանից: Թեմատիկ ֆինանսավորման համար դիմել էինք այս աշխատանքը շարունակելու համար: Փորձագետը մեզ նշանակել էր 100 բալ: Բայց ես և Գիտպետկոմի Սամվել Հարությունյանը արդեն թշնամիներ էինք (ժամանակին ընկերներ ենք եղել) : Ես նախագահի վերաստուգիչ կոմիտեի կազմում ստուգել էի Գիտպետկոմի գործունեությունը։ Կարծիքս խիստ էր, այն չէի թաքցրել: Ինչևէ, Սամվելիկը անձամբ խառնվել էր փորձագիտությանը և 100 բալը փոխարինել 50-ով: Սա ֆիքսված փաստ է և սրա մասին ես մամուլում հոդվածների շարք եմ տպագրել։ “Չֆինանսավորված” թեման բնական է մենք շարունակեցինք: Նորից մի հոդված տպագրեցինք Phys. Rev. Lett.-ում։ Սա քիչ էր, մի հատ էլ “Nature” –ի սերիաներից մեկում տպագրվեց հոդված: Սամվելիկի բախտը չի բերում`ես ի՞նչ անեմ:
- Մի քանի ամիս առաջ գրել էինք, որ գիտության կոմիտեի նախագահի ջանքերով եք հեռացել Հայաստանից, որովհետև քննադատել էիք «Քենդլ» ծրագիրը։ Ի՞նչ կասեիք այս մասին։ Ձեզ փորձե՞լ են համոզել, որ չգնաք Հայաստանից, երբ նման որոշում ընդունեցիք։
- Ցանկացածի “բերանը կպատռեմ” գոնե գիտության ասպարեզում: Սա ասում եմ, որ չմտածեք, թե տանջված գիտնական եմ`բարակ վզով և ջարդված ակնոցներով: “Քենդլ”-ը ես ծաղրել եմ`ոչ թե քննադատել: Հայաստանում դեռ մի քանի մարդ կա, այդ թվում նաև ես, որ աշխատել են սինխրոտրոն ճառագայթների օգտագործման բնագավառում: Վասյան /«Քենդլի» տնօրեն Վասիլի Ցակալովին նկատի ունի – Ս․Ս․/ և Սամվելիկը մանր ստահակներ են, որոնք “ծամում են” գիտության փողերը: Ինչ վերաբերվում է իմ հեռացմանը`դա պարզապես պոեմ է: Ես այստեղ էի գործուղման մեջ։ Երևանի ֆիզիկայի ինստիտուտի ղեկավարությունը (սրանց կյանքն էլ եմ կերել) մի դարակազմիկ փաստաթուղթ էր ստեղծել: Սկսվում էր “1937 թվականը” գլուխը քարովն էր տվել ոճով`ռուսերեն “Довожу до вашего сведения, что Геворкян С.Г. три дня не проходил через проходную”: Տնօրենը մակագրել էր.` “Так как Геворкян С.Г. под статьями в армянских газетах подписывается бывший сотрудник бывшего ЕрФИ, то надо его уволить”: Եվ տակը ստորագրել էին 5-6 հոգի: Ես շատերի կյանքն եմ կերել Հայաստանում, որ ինչ որ մարդիկ ինձ համոզեին մնալ: Օրինակ, «Առավոտի» կայքում 2010 թվականին տպագրվեց «Ինչպես ԷՈՒՇ-աբանները փակեցին Երեւանի ֆիզիկայի ինստիտուտը» հոդվածս։ Կայքը վերափոխելուց հետո իմ հոդվածների տակ մոռացել են իմ անունը գրել: Ժամանակին ամենաընթերցվածներն էին: Երևի, լրագրության պրոֆիներին դուր չէր եկել:
- Ինչո՞վ եք հիմա զբաղվում։ Կարո՞ղ եք կարճ ներկայացնել Ձեր անցած ճանապարհը գտության ուղով։
- Եթե կարճ, ապա մոտավորապես այսպես “Ես արտիստ եմ գիտության մեջ”: Հասկացեք ինչպես ուզում եք:
-Դուք մեծ փորձ ունեք և կարող եք համեմատել գիտության վիճակը այստեղ և Թայվանում։ Նկատի ունեմ, պետության մոտեցումները։
-Գիտության վիճակի և համեմատության մասին բազում հոդվածներ եմ գրել և հեռուստաելույթներ են եղել: Ֆեյսբուքյան իմ էջում կան ելութները: Կարծում եմ կրկնություն կլինի: Թայվանում գիտություն կա, Հայաստանում`չգիտեմ-կա թե չէ: Ինչը՞ համեմատեմ: Նույն գների պայմանում այստեղ ասպիրանտի թոշակը 1000 ԱՄՆ $ է, Հայաստանում երիտասարդ գիտնականները շարժում են սկսել “ավելացրեք գիտության ֆինանսավորումը” և դաժան ձևով պահանջում են աշխատավարձը 100-ից բարձրացնել մինչև 200 ԱՄՆ $: Սա “տղու” պահանջ է՞: “Ձաձա ջան, փող տու” ավելի սազական վերնագիր է: Մանավանդ որ Սամվելիկի տղան էլ է այս շարժման “առաջնորդների” մեջ:
-Ի՞նչ եք կարծում, ինչ՞ու է մեզ մոտ գիտության զարգացումը կաղում։ Դուք հետևու՞մ եք Հայաստանի իրավիճակին։



-Հայաստանում գիտության զարգացում չկա և չի լինի: Ոչ ոք շահագռգռված չէ դրանում: Ի՞նչ զարգացում կարող է լինել, եթե Գիտպետկոմը գիտական ֆինանսավորման մրցույթ է հայտարարում և նույն հիմնարկի վարչության պետ, «գեղացի» Վարդան Սահակյանը հաղթում է:
-Ինչն էր Ձեզ խանգարում Հայաստանում աշխատել։
- Եթե կարճ, ապա այսպես ասեմ. “Ոչնչությունների դիկտատուրա” է հաստատվել Հայաստանում: Սրա մասին էլ եմ գրել: