Թմրամիջոցների պրեկուրսորներով սաունաներ են մաքրում

Թմրամիջոցների պրեկուրսորներով սաունաներ են մաքրում

Վերջերս կառավարության նիստերից մեկում առողջապահության նախարարը հաստատման էր ներկայացրել «Ակվատուս» ՍՊԸ-ին թմրամիջոցների և դրանց պրեկուրսորների ներմուծման լիցենզիա տրամադրելու մասին որոշում։ «Հրապարակն» անդրադարձել էր այս որոշմանը․ ««Ակվատուսը», ինչպես հայտնի է, լողավազանների, սաունաների եւ շինարարական քիմիայի խանութ է, եւ անհասկանալի է, թե դրա ինչին է պետք թմրամիջոց կամ վերջինիս պրեկուրսոր ներմուծելը», - գրել էինք։ http://hraparak.am/?p=85436&l=am%2F։ Առողջապահության նախարարությունից արձագանքելով մեր հրապարակմանը, հայտնեցին, որ «Ակվատուս» ձեռնարկությունը թմրամիջոցների պրեկուրսորներն օգտագործում է սաունաների և լողավազանների մաքրման աշխատանքներում։ Ահա ինչու էր ընկերությանը անհրաժեշտ լիցենզիան։ Այնուամենայնիվ, ընդունենք, որ թմրամիջոցների ներմուծումը թույլատրելու պահանջ կառավարությանը հաճախ է ներկայացվում։ Դեղատների, դեղագործական հաստատությունների համար սա բնականոն և հասկանալի պահանջ է, բայց նման լիցենզիաներ ունեն, օրինակ, ատոմակայանը, Երևանի Ջէկ-ը, օրինակ, համակարգիչների վաճառքով զբաղվող «Դոքս քոմպյուտր» ՓԲԸ-ն։ Հիմա պարզ դարձավ, որ ցանկացած սաունա և լողավազան էլ կարող է թմրամիջոցների պրեկուրսորներ ներմուծել, քանի որ դրանք, փաստորեն, խիստ օգտակար ունիվերսալ նյութեր են և սանիտարական էֆեկտ ունեն։