Կոռուպցիայի դեմ պայքարի եվ ինքնամաքրվելու միջազգային փորձից

Կոռուպցիայի դեմ պայքարի եվ ինքնամաքրվելու միջազգային փորձից

Ըստ Transparency International-ի 2015թ. զեկույցի, աշխարհի ամենակոռումպացված երկրներն են Սոմալին, Հյուսիսային Կորեան, Սուդանը, Աֆղանստանը, Հարավային Սուդանը, Իրաքը, Թուրքմենստանը, Ուզբեկստանը: Նվազ կոռումպացված երկրներն են` Դանիան, Նոր Զելանդիան, Ֆինլանդիան, Շվեդիան, Նորվեգիան, Շվեյցարիան, Սինգապուրը, Նիդերլանդները, Լյուքսեմբուրգը, Կանադան: Հայաստանը 94-րդ նվազ կոռումպացված երկիրն է: Մեր հարեւաններ Ադրբեջանը 126-րդն է, Վրաստանը` 50-րդը, Իրանը՝ 136-րդը, Թուրքիան՝ 64-ը:



Ժողովրդավար երկրներում կոռուպցիոն սկանդալներից հետո հրաժարականի դիմում գրելը կամ իրավական ճանապարհով լուծումները սովորական բան են։ Մեզանում նման պրակտիկա չկա, քիչ են նաեւ բարձրագույն ու բարձր պաշտոնյաների շրջանում բացահայտումները, այլ միայն մանր ձկներն են ուռկանում հայտնվում: Մեզ մոտ կոռուպցիա ընդունված է համարել ձեռքին բռնած կաշառքը:
Բերենք օրինակներ միջազգային փորձից, թե կոռուպցիոն բացահայտումներն ու անգամ կասկածներն ինչ լուծում են ստացել:



05.06.2015թ. - Ռումինիայի նախագահ Կլաուս Յոհանիսն առաջարկեց վարչապետ Վիկտոր Պոնտային հրաժարական տալ՝ կոռուպցիոն սկանդալից հետո: Պոնտային մեղադրում են մեքենայության, փողերի լվացման, շահերի բախման եւ հարկերից խուսափելու գործով: Պոնտան հերքեց մեղադրանքներն ու հրաժարական տվեց:



25.05.2015թ. - Կոռուպցիոն դեպքերից դասեր քաղելու համար Չինաստանի կառավարությունը որոշում կայացրեց պաշտոնյաներին եւ նրանց կանանց էքսկուրսիա տանել տեղական բանտեր՝ կոռուպցիայի համար դատապարտվածներին այցի։



25.05.15թ. - Իսրայելի նախկին վարչապետ Էհուդ Օլմերտը դատապարտվեց ութ ամսվա ազատազրկման՝ խարդախության եւ վստահության չարաշահման համար: Դատարանը մեղավոր ճանաչեց ամերիկացի գործարարից գումարով ծրարներ ստանալու համար: Երուսաղեմում «Հոլիլենդ» հեղինակավոր բնակելի համալիրի կառուցմանը հավանություն տալու դիմաց կաշառք էր ստացել: Օլմերտն Իսրայելի վարչապետն է եղել 2006-2009 թվականներին:



16.05.15թ. - Ռուսաստանի Պետդուման օրենք ընդունեց՝ պետպաշտոնյաներին պարտավորեցնելով հաշվետվություն ներկայացնել չափազանց թանկ գնումների մասին: Պաշտոնյաները պետք է խոշոր գնումների մասին հաշվետվություն ներկայացնեն նաեւ այն դեպքում, երբ ակտիվի արժեքը չի գերազանցում ընտանիքի ընդհանուր եկամուտը` երեք տարվա համար: Օրենքը վերաբերում է ցանկացած ակտիվի, այդ թվում` ավտոմեքենայի, անշարժ գույքի, բաժնետոմսերի եւ այլն:



02.04.2015թ. - Ամերիկացի սենատոր Ռոբերտ Մենենդեսը լքեց Սենատի արտաքին հարցերով հանձնաժողովում իր պաշտոնը: Նա անցնում էր կոռուպցիայի գործով. քննությունը ենթադրում է, որ Մենենդեսն իր դիրքն օգտագործել է ընկերոջ առաջխաղացման համար եւ, ի պատասխան, թանկարժեք նվերներ ստացել:



20.03.2015թ. - Իտալիայի տրանսպորտի եւ ենթակառուցվածքների նախարար Մաուրիցիո Լուպին հրաժարական տվեց՝ քաղաքական պատասխանատվություն դրսեւորելով։ Պատճառն այն է, որ նա չարաշահել էր պաշտոնական դիրքը՝ որդուն աշխատանքի տեղավորելու համար։



12.03.2015թ. - Չիլիի դատարանը վճռեց ձերբակալել խոշոր գործարարների՝ մեղադրելով հարկերից խուսափելու մեջ։ Ձերբակալված անձինք ֆինանսական օգնություն էին ցուցաբերել ընդդիմադիր կուսակցություններին: Չիլիում առաջատար ընդդիմադիր «Անկախ ժողովրդական միություն» կուսակցության ղեկավար Էռնեստո Սիլվան հրաժարական տվեց՝ ներկուսակցական միասնությունը պահպանելու նպատակով, չնայած դեռ ապացուցված չէր այդ կուսակցության մասով մեղադրանքը:



30.10.2014թ. - Լիտվայի ներքին գործերի նախարար Դաիլիս Բարակաուսկասն առողջական խնդիրների պատճառով հրաժարական տվեց: Առողջական խնդիրները ծագեցին պետգնումների ոլորտում «անցանկալի բացահայտումներից» հետո:



20.10.2014թ. - Ճապոնիայի էկոնոմիկայի եւ առեւտրի նախարար Յուկո Օբուտին լքեց պաշտոնը՝ նախընտրական քարոզարշավի ժամանակ իր կողմնակիցների կազմակերպությունների միջոցները քաղաքականության հետ կապ չունեցող իրերի եւ շպարի վրա ծախսելու պատճառով: Ընդ որում, գնումները կատարել էր իր բարեկամների խանութներից: Նա մտավախություն ուներ, որ սկանդալից կտուժի իր կուսակցության անդամ վարչապետի հեղինակությունը, ուստի հրաժարական տվեց:



16.04.2014թ. - Ավստրալիայի Նոր Հարավային Ուելս նահանգի վարչապետ Բարրի Օֆարելը, ով Լիբերալ կուսակցության անդամ է, հրաժարական տվեց այն բանի համար, որ նրան 3 հազար դոլար արժողությամբ գինի են նվիրել:



09. 04. 2014թ. - Մեծ Բրիտանիայի մշակույթի, լրատվամիջոցների եւ սպորտի նախարար Մարիա Միլլերը հրաժարական տվեց, քանի որ նրան կասկածում էին պետական միջոցները ոչ նպատակաուղղված ծախսելու մեջ: Միլլերը հայտարարեց, որ սկանդալը «շեղում է կառավարությանը կարեւոր աշխատանքից»:



16.11.2013թ․ - Լեհաստանի տրանսպորտի եւ ջրային տնտեսության նախարար Սլավոմիր Նովակը պաշտոնը լքեց 6 հազար դոլարանոց թանկարժեք ժամացույցի հետ կապված սկանդալի պատճառով, որը նա չէր ներառել իր ունեցվածքի մասին հայտարարագրում։



08.10.2013թ. - Չինաստանում պաշտոնյային աշխատանքից ազատեցին որդու եռօրյա ճոխ հարսանիքը կազմակերպելու համար, որի արժեքը գնահատվել էր 250 մլն․ դոլար: Ճոխ բանկետի ժամանակ հյուրերի համար հանդես են եկել հայտնի կատարողներ: Հարսանիքի հյուրերին ուղեկցել են թանկարժեք լիմուզիններով: Պաշտոնյան հայտարարել է, որ հարսանեկան ծախսերի մեծ մասն իր վրա է վերցրել հարսնացուի ընտանիքը: Չինաստանի կոմունիստական կուսակցության հաղորդմամբ՝ բյուջեից միջոցներ չեն ծախսվել, սակայն չինովնիկը, այնուամենայնիվ, աշխատանքից հեռացվել է: Առանց կոռուպցիայի հնարավոր չէր նման հարսանիք անել: Իսկ մեզ մոտ մշտապես էլիտար հարսանիքներ են, ու, զարմանալիորեն, ոչ ոք հրաժարական չի տալիս:



08.07.2013թ. - Չինաստանի երկաթուղիների նախկին նախարար Լյու Չժիցզյունը մահապատժի դատապարտվեց: Նախկին նախարարը մեղադրվում է կոռուպցիայի եւ պաշտոնեական դիրքը չարաշահելու մեջ: Ըստ քննության` նախարարի պաշտոնն զբաղեցրած տարիներին Չժիցզյունը կաշառք էր վերցրել երկաթուղիների շինարարության պետական պայմանագրերի բաշխման համար:



17.06.2013թ․ - Չեխիայի վարչապետ Պետր Նեչասը երկրի նախագահ Միլոշ Զեմանին պաշտոնապես դիմեց հրաժարականի խնդրանքով: Կոռուպցիոն սկանդալի մեջ էին հայտնվել կառավարության ղեկավարի մերձավոր աշխատակիցները՝ վարչապետի գրասենյակի քարտուղարության պետը, վարչապետի գլխավոր օգնականը եւ իշխող կուսակցությունը ներկայացնող մի քանի բարձրաստիճան պաշտոնյաներ: Նրանք մեղադրվում են պատգամավորներին կաշառելու, քաղաքացիներին, մասնավորապես` վարչապետի կնոջը, անօրինական կերպով գաղտնալսելու մեջ: Վարչապետն իր որոշումը պատճառաբանեց ունեցած «քաղաքական պատասխանատվությամբ»:



20.03.2013թ. - Կոռուպցիոն սկանդալի պատճառով հրաժարական տվեց Ֆրանսիայի բյուջեի նախարար Ժերոմ Կայուզակը: Ասացին, թե հնարավոր է՝ Կայուզակը գաղտնի հաշիվներ ունի, որոնք օգտագործում է հարկերից խուսափելու համար: Նա հրաժարական տվեց` ասելով, որ չի ցանկանում ստվեր գցել կառավարության վրա:



14.11.2012թ. - Միացյալ Նահանգներում զինվորական բարձր պաշտոն զբաղեցնող, գեներալ Ուիլիամ Ուորդը պաշտոնանկ արվեց, քանի որ պետական միջոցները վատնել էր անձնական նպատակներով: Գեներալը կնոջ հետ ռազմական ինքնաթիռով հանգստանալու էր մեկնել Բերմուդյան կղզիներ, պետական միջոցների հաշվին շքեղ հյուրանոցներում գիշերել, ինչպես նաեւ կնոջը պետական մեքենաներով գնումների տարել։



21.09.2012թ. - Չինաստանի ճանապարհային ոստիկանության բարձրաստիճան աշխատակիցը հեռացվեց աշխատանքից՝ «թանկարժեք ժամացույց կրելու եւ աշխատանքային կարգապահությունը լրջորեն խախտելու համար»: 36 մարդու կյանք խլած ավտովթարի վայրում արված լուսանկարներում պաշտոնյան ժպտում է։ Միեւնույն ժամանակ լուսանկարներում երեւում են նրա թանկարժեք ժամացույցը, ակնոցներն ու թեւնոցը, ինչն իր հերթին հասարակության հետաքրքրությունն է առաջացրել պաշտոնյայի եկամուտների նկատմամբ:



09.08.2012թ. - Աթենքում աշխատանքից ազատվեց դատավոր՝ հաշվեհամարին չհայտարարագրված 8 միլիոն եվրո ունենալու համար: Պարզվեց, որ դատավորն իր տիրապետության տակ ունի նաեւ առեւտրային կազակերպություն եւ անշարժ գույքի տեսքով զգալի կարողություն: Նա չկարողացավ վերահսկիչ մարմնին բացատրել, թե որտեղից է կուտակել այդքան կարողություն:



17.02.2012թ. - Հրաժարականի մասին ուղիղ եթերով հայտարարեց Գերմանիայի նախագահ Քրիստիան Վուլֆը: Պատճառը գործարար Էգոն Գիրկենսից արտոնյալ պայմաններով վերցրած վարկի շուրջ ստեղծված աղմկահարույց պատմությունն էր: Կասկածում էին, որ տունը գնելու համար արտոնյալ վարկը ձեռք է բերել անձնական կապերով: Հրաժարական տվեց՝ չցանկանալով վնասել երկրի վարկանիշը: Բացի այդ, նա մի քանի անգամ ուրիշի հաշվին կանգ էր առել թանկարժեք հյուրանոցներում: Վուլֆը հրաժարական տվեց մինչեւ գործի իրավական հանգուցալուծումը:



16.01.2012թ. - Պերուի փոխնախագահ Օմար Չեադեն հրաժարվեց իր պաշտոնից՝ կոռուպցիայի մեջ մեղադրվելուց հետո: Նախաքննության վարկածով՝ Չեադեն ոստիկանության գեներալի միջոցով իր եղբոր համար շաքարի պլանտացիա էր «դասավորել»: Փոխնախագահը մեղադրանքը չէր ընդունում, բայց խորհրդարանի ճնշման տակ հրաժարական տվեց:



18.11.2011թ. - Նաուրուի նախագահ Մարկուս Սթիվենը հրաժարական ներկայացրեց այն բանից հետո, երբ նրան մեղադրեցին պարարտանյութի առեւտրով զբաղվելու մեջ:
Դեպքերը շատ են: Սրանց մեծ մասը մեզ համար ծիծաղելի է, ինչպե՞ս կարելի է նման չնչին պատճառով հրաժարական տալ: Բայց, պարզվում է՝ տալիս են… հիմարաբար…



Սեւակ ՀԱԿՈԲՅԱՆ