Ավագ դպրոց. Խոցելի բարքեր

Ավագ դպրոց. Խոցելի բարքեր

Կրթության բնագավառում ավագ դպրոցը հանրակրթության բարձր՝ երրորդ աստիճանն է, իսկ առանձին գործող ավագ դպրոցները, որ ի սկզբանե տարակուսանքով ընդունվեցին սովորողների, ծնողների ու հանրության կողմից, այսօր անխափան գործում են մայրաքաղաքում եւ մարզերում, փորձում ամրանալ, հաստատվել, չնայած հաղթահարելի ու անհաղթահարելի բազում դժվարություններին, ռիսկերին: Նրանք, ովքեր համոզված պնդում են, որ ավագ դպրոցները մեր հանրապետությունում կայացել են, այս հոդվածը կարդալուց հետո կփոխեն իրենց կարծիքը եւ գուցե իրենք էլ կխորհեն՝ ինչ անել, որ բարձր կարգավիճակ ունեցող հանրակրթական այս հաստատություններն իրապես ծառայեն օրենսդրորեն սահմանված խնդիրների ապահովմանը:



Ամենախոցելին այս դաշտում այն է, որ առանձին գործող ավագ դպրոցները ֆինանսավորվում են պետբյուջեից՝ ըստ սովորողների քանակի, ինչն ապահովելու համար ցանկացած տնօրեն, իր սկզբունքներին ու ավագ դպրոցի նպատակներին դավաճանելով, ընդունում եւ հրամանագրում է նաեւ թույլերին ու շատ թույլերին, ովքեր կրթությունը շարունակելու ոչ ցանկություն ունեն, ոչ ներուժ։ «Դե, ընդունում են, մենք էլ գալիս ենք: Քոլեջ գնանք՝ ո՞նց սովորենք»,- մտածում են սովորողները: Իսկ ի՞նչ է մտորում առանձին գործող ավագ դպրոցի ցանկացած տնօրեն յուրաքանչյուր նոր ուսումնական տարվա շեմին. «Դե, հումանիտար հոսք ունեմ, սրանց կտեղավորեմ այդ հոսքում կամ ընդհանուր հոսք կբացեմ, մեռնեմ օրենքին, սրանց կուղարկեմ ընդհանուր կամ էլ արհեստագործական հոսք կունենամ, իսկը սրանց տեղն է»: Իրականում տնօրենների մեծ մասը նախապատվությունը տալիս է հումանիտար հոսքին եւ թույլերով գերբեռնում այս հոսքը՝ շրջանցելով ու ոտնահարելով առանձին գործող ավագ դպրոցում հոսքային ուսուցման պետականորեն սահմանված բարձր իրավունքն ու նպատակը: Բա ի՞նչ անի, դպրոցի բյուջեն ո՞նց ապահովի. էլ սովորողների հավելագրում չի կարող անել, Կրթության պետական տեսչությունը կստուգի, իսկույն կբացահայտի, իրեն էլ կհեռացնեն աշխատանքից, մնում է ընդունի՝ ով դիմում է, միայն թե իններորդի ավարտական վկայական ներկայացնեն:



Մայրաքաղաքի փորձառու տնօրեններից մեկն անկեղծության մի պահի խոստովանեց, որ «20 դեբիլ աշակերտը դպրոցի համար 2 միլիոնից ավելի գումար է, ջեռուցման, շենքի պահպանման ծախսեր կան»: Այս համատեքստում ու առկա իրավիճակում հոսքային ուսուցման առավելությունների, ավագ դպրոցի դերի ու առաքելության եւ ուսուցման որակի մասին խոսելը դեռ շատ վաղ է, ինչպես վաղ է պետական ավարտական քննություններից իրական արդյունքներ ակնկալելը: Դե, իսկ փոխադրական քննությունների կազմակերպման որակին ու իրական արդյունքներին անդրադառնալն այս ենթատեքստում արդեն ավելորդ է (ըստ ավագ դպրոցի օրինակելի կանոնադրության՝ հոսքերում նախատեսված են փոխադրական քննություններ), մանավանդ որ շատ երեխաներ հոսքն ընտրում են ոչ թե ըստ ընդունակությունների ու նախասիրությունների, այլ, օրինակ, այն բանի համար, որ նախկին դպրոցի իր ընկերներն այդ հոսքում են, հետո հասկանում են սխալն ու հոսքից հոսք տեղափոխվում: Առանձին գործող ավագ դպրոցներում ներքին մեծ շարժի հետեւանքներին կանդրադառնանք հընթացս, այժմ խոսենք սովորողների հաճախումների աղետալի պատկերի մասին:
Նախորդ ուստարում ՀՀ կրթության եւ գիտության նախարար Ա. Աշոտյանի հրամանով Կրթության պետական տեսչությունը մշտադիտարկում իրականացրեց 12-րդ դասարանների սովորողների շրջանում, ինչի արդյունքների հիման վրա մի շարք տնօրեններ գրավոր նկատողություն ստացան:



Հետեւողական վերահսկողության շնորհիվ էապես բարելավվեց տասներկուերորդցիների հաճախումների պատկերը մայրաքաղաքում եւ մարզերում, սակայն այս ձեռքբերումը մեկ այլ վատ պրակտիկայի սկիզբ դրեց. շատ տնօրեններ, իրենց բոլոր գործերը թողած, զբաղվում էին միայն սովորողներին զանգահարելով, դպրոց կանչելով, բոլոր դասաժամերին դասարանից դասարան վազելով, սովորողների հաճախումներն անձամբ ստուգելով՝ չվստահելով դասղեկներին եւ համապատասխան տեղակալին: Ամեն պահի դասարան ներխուժելը, դաս խանգարելը եւ «ներկա-բացակա անելը» սովորական աշխատաոճ դարձավ ոչ միայն դպրոցի տնօրենի, այլեւ նրա տեղակալի, գործավարի համար, դասղեկներն էլ նույն վազքի մեջ էին՝ ոչ միայն իրենց դասերը տապալելու, այլեւ ամեն բացակայի համար տնօրենի մոտ սեւերես լինելու գնով:



Դառնանք ներքին շարժին: Ավագ դպրոցում սովորողը հոսքն ընտրում է հաստատության տնօրենին գրավոր դիմում ներկայացնելով, հետո կարող է կրկին դիմել, հոսքը փոխել՝ որքան սիրտն ու միտքը կամենան (արգելք ու սահմանափակում կա միայն ավարտական դասարանի երկրորդ կիսամյակի համար): Ներքին շարժը՝ հոսքից հոսք, դասարանից դասարան, առաջ է բերում մատենավարության կոպիտ խախտումներ, օրինակ՝ միեւնույն սովորողի համար տարեկան գնահատականներ են դրվում առնվազն 2 դասամատյանում, ինչը բերում է հաջորդ խախտումը․ ավարտական փաստաթղթերի բաշխման մատյանում նշված գնահատականները չեն համապատասխանում վերջին դասամատյանի գնահատականներին: Այս իրավիճակում արդյոք ատեստատում ճի՞շտ գնահատականներ են փոխանցվում (ցավոք, ատեստատների պատճենները չեն պահվում դպրոցներում. համապատասխան կարգում այդ պահանջը բացակայում է):



Այսպիսով, ավագ դպրոցում հոսքային ուսուցման առավելությունները մեզանում հաճախ ի չիք են դառնում չլուծված բազում խնդիրների պատճառով, այդ թվում՝ ավագ դպրոց ներթափանցած միջակ ու թույլ ուսուցիչների, ուսմասվարների:



Ալվարդ ԷՎՈՅԱՆ