Իրավապահների վատ աշխատանքի պատճառով կասկածյալը փախավ Բաքու

Իրավապահների վատ աշխատանքի պատճառով կասկածյալը փախավ Բաքու

Եթե «Ներազգային ազատագրական շարժում» քաղաքացիական նախաձեռնության ղեկավար Վահան Մարտիրոսյանը փախչեր ոչ թե Ադրբեջան, այլ, ասենք, Ֆրանսիա, ասուլիս տար ու ասեր, որ քննադատել է Սերժ Սարգսյանի հանցավոր ռեժիմը, հայտարարեր, որ Հայաստանում ցանկացած ոք դեմ է Ադրբեջանի հետ պատերազմին, անգամ ասեր, որ մեր բանակում սարսափելի վիճակ է, այսքան վրդովմունք չէր առաջացնի, ինչպես հիմա։ Գուցե հանրության մի ստվար մաս անգամ հերոսացներ Վահանին, որ նա ներկայացրել է ճշմարտությունը։ Բայց Վահանը փախել է թշնամու մոտ, Բաքու։ Նա թշնամուն է ասել, որ մեր բանակը թույլ է եւ նույնիսկ մի աֆրիկյան պետության չի կարող դիմակայել։ Այն բանակը, որը պաշտպանում է իր հարազատներին, ընկերներին, քաղաքը, որտեղ ծնվել է։ Ադրբեջանցի լրագրողներն էլ, երեւի, դահլիճում նստած զարմացել են, թե էս ինչ լավ բան եղավ, լսել ու ծիծաղել են Վահանի ու հայերի վրա։ Նախկին ակտիվիստը, որը հայտնի է «ՀայՌուսգազարդի» վերաբերյալ ելույթներով, գազի գնի եւ ՀԷՑ-ի չարաշահումների վերաբերյալ բացահայտումներով, օլիգարխ Մհեր Սեդրակյանի դեմ ելույթներով, հանկարծ Ադրբեջանում խոսել է բանակի մասին՝ թեմա, որը «Ներազգային ազատագրական շարժում» քաղաքացիական նախաձեռնության ղեկավարը երբեք հրապարակավ չէր շոշափել։ Վերջում էլ հրեշավոր ֆրազ է իրեն թույլ տվել․ «Հայաստանում մեզ փորձում էին կեղծ պատկերացում տալ Ադրբեջանի մասին։ Ես վստահ եմ, որ եթե նրանք իմանան իրականությունը, հայ փախստականների հոսքը դեպի Ադրբեջան ավելի մեծ կլինի, քան արաբների՝ դեպի Եվրոպա»։ Բայց ինչո՞ւ Ադրբեջան։ Հո խելագար չէ՞։ Այս հարցը երեք պատասխան կարող է ունենալ։



1. Մարտիրոսյանը վրեժ է լուծել հայրենիքից իր հետ կատարվածի համար



Ահա ինչու է նա ընտրել մեր իշխանությունների համար «ամենացավոտ» երկիրը եւ իր ելույթում հարվածել է մեր ցավոտ տեղերին։ Ինչպես հայտնի է, օգոստոսի 15-ին նա եւ կինը հայտարարել էին, թե Վահանին ծեծել են օլիգարխ Մհեր Սեդրակյանի «մանկլավիկները»։ Վահանի վրա ծեծի հետքեր կային։ Հարցազրույցներում ամուսինները պատմում էին, թե ինչպես է եղել դեպքը, նշում էին, որ ձեւական բացատրություն են վերցրել իրենցից, ոստիկանները նորմալ չեն աշխատել։ «Մհերին պռես են անում, գազի մոմենտով, քո բնակիչն է անում, ասում են»,- իմացել էր Վահանը եւ պատմել լրատվամիջոցներին։ «Մի օր գալու էր էս օրը,- ըստ Վահան Մարտիրոսյանի, նրան ասել է իր հարեւան Թոխմախի «լակոտներից» մեկը, ծեծի ժամանակ,- ի՞նչ ես կապիկություն անում»։ Եվ երբ Վահանը նրան ասել է, որ պատասխան է տալու իր արածի համար, լսել է․ «Էդքան կա՞ս, որ Մհերից պատասխան ես ուզում»։ Դեպքին հաջորդած օրերին Վահանն ու նրա ընտանիքն Էրեբունի թաղամասի իրենց բնակարանում չեն եղել, այլ մնացել են Արաբկիրում, ծանոթ կնոջ տանը, քանի որ թաղի տղաների սպառնալիքները չեն դադարել։ Վերջիններս հաճախ եկել են Վահանի բնակարան, նրա մորն են վախեցրել, ստիպել, որ վատաբանի որդուն։ «Փաստորեն` մենք ապրում ենք մի երկրում, որտեղ մարդուն, ով տարիներ շարունակ անշահախնդիր պայքարել է հանուն նրա, որ հայ մարդն ունենա արժանապատիվ կենցաղ, որ չոտնահարվեն հազարավոր մարդկանց իրավունքներ, ինչ-որ միաբջիջներ կարող են իր իսկ սեփական տան բակում ծեծել նրան, հետո նաեւ ծեծել նրա հղի կնոջը եւ ծեծել երկու տարեկան երեխայի աչքի առջեւ, իսկ քանի որ սույն միաբջիջները ռեժիմի մասնիկ են կազմում, ռեժիմն սկսում է նրանց ամեն գնով պաշտպանել,- գրել է Վահանը ՖԲ-ում։- Ես հրաժարվում եմ նման երկրում ապրել»։ Ապա հետեւյալ զգուշացումն է արել․ «Իմ հետ հիմա տեղի ունեցող դեպքերը դեռ շատ ջուր կքաշեն, ես մի անգամ զգուշացրել էի արդեն: ՎԵՐՋ!!!»։ Սա գրել է օգոստոսի 21-ին։ Այն ժամանակ, փաստորեն, Վահանն արդեն պլանավորած է եղել իր «վրեժը», արդեն սկսել է բանակցել ադրբեջանական իրավապաշտպանների հետ, որոնք էլ օգնել են նրան փախչել։



2․ Վահանը գործակալ էր՝ միանվագ օգտագործման
Այս վարկածն առաջ քաշեցին ՖԲ օգտատերերը։ Լրագրող Արմեն Հակոբյանը գրում է․ «Կարելի է առնվազն ենթադրել, որ Վահան Մարտիրոսյանն ադրբեջանական հատուկ ծառայությունների կողմից շատ ավելի վաղ հավաքագրված գործակալ է… Նման ենթադրությունների տեղիք է տալիս ադրբեջանական քարոզչամեքենայի վայրկենական կազմակերպված ռեակցիան, որով Վահան Մարտիրոսյանի եւ նրա կնոջ փախուստը հրամցվում է Ադրբեջանի նկատմամբ Եվրոպական խորհրդարանի ընդունած կոշտ բանաձեւի համատեքստում»: Հակոբյանը հիշեցնում է, որ Եվրախորհրդարանը սպանիչ գնահատականներ էր տվել Ադրբեջանին՝ մարդու իրավունքների ոտնահարման հետ կապված: Իսկ հիմա ստացվեց, որ Հայաստանում վիճակն ավելի վատ է, եթե «մարդիկ փախչում են Ադրբեջան»: Գուցե «Մհեր Սեդրակյանի լակոտների» ծեծն էլ էր նախապես բեմադրված եւ փախուստի հիմքերի ստեղծո՞ւմ էր։ Քննչական կոմիտեի նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանն ասում է, որ Մարտիրոսյանն այդ գործով անցում է որպես տուժող, սակայն տուժողի կարգավիճակում երբեւէ չի հարցաքննվել, քանի որ չի ներկայացել վարույթն իրականացնող մարմնին: Ծեծի գործով նախաքննությունը դեռ ավարտված չէ։ Մհեր Սեդրակյանի եւ նրա մարդկանց դեմ որեւէ ապացույց չկա։ Ավելին, ծեծի օրը ոստիկաններին առաջինն ահազանգել է Վահանի կինը, ասելով, թե սկեսուրն իրեն ծեծել է։ Իսկ Սեդրակյանի վարորդը, Էրեբունու բնակիչներն այդ օրերին հարցազրույցներ էին տալիս, պատմում, որ հարեւանները մշտապես բողոքել են Մարտիրոսյանների ընտանեկան վեճերից։ Չի բացառվում, իհարկե, որ այս տեղեկությունները սուբյեկտիվ են եւ Սեդրակյանի կողմնակիցների միջոցով են նետվում մամուլ։ Ծեծից անմիջապես հետո Վահանն իր հետ կատարվածի մասին դիմում էր ներկայացրել օմբուդսմենի գրասենյակ, որտեղ նույնպես եզրակացրել էին, որ նրա տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը։ ՄԻՊ տեղակալ Արմեն Գրիգորյանը մեզ ասաց․ «Մենք հարցումներ ենք կատարել եւ պարզել ենք, որ հանգամանքները, որոնք նշվել են դիմումի մեջ, հետապնդումների եւ սպառնալիքների մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը, սուտ են եղել, եւ դիմումի քննարկումը որոշվել է դադարեցնել»։



3. Ցանկացած ցիվիլ երկիր արագ կբացահայտեր, որ Վահանը ստախոս է
«Ավանտյուրիստ է, արկածախնդիր անձնավորություն,- իր կարծիքն է ասում իրավապաշտպան Արթուր Սաքունցը,- սկզբում, երբ ծեծը եղավ, ես էլ գրեցի, դատապարտեցի, բայց, փաստորեն, այդ տղան տակից դուրս չեկավ։ Նա չուզեց իր իրավունքների պաշտպանության հարցը լուծել այստեղ»։ Ըստ Սաքունցի, ցանկացած այլ երկիր գնալու պարագայում արագ կստուգվեին նրա ներկայացրած տվյալները, կհամադրվեին մեր իրավապահների տեղեկությունների հետ եւ Վահանին ուղղակի կվերադարձնեին Հայաստան։ Այս իմաստով Վահան Մարտիրոսյանի հաշվարկն անվրեպ էր, ընտրությունը՝ ճիշտ։ Միայն Ադրբեջանում կարող էին ընդունել կողոպուտի մեջ մեղադրվող «դեսիդենտին», ով նաեւ հոգեբուժարանում հաշվառման մեջ է եղել։



Մարտիրոսյանը մեղադրվում է գողության մեջ։ Նա կողոպտել է Արաբկիրում գտնվող բնակարանի տիրուհուն, որի մոտ ապաստանել էր հարեւանների կողմից ծեծվելուց հետո։ Մեր տեղեկություններով, այս կինը դասախոս է, պարկեշտ անձնավորություն։ 4 հազար դոլարի գումար եւ ոսկեղեն է տարել «դեսիդենտը» բնակարանից։ Կինը բողոքել է իրավապահներին։ Սեպտեմբերի 2-ին Վահանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին։ Քննիչին կարելի է հասկանալ։ 4 հազար դոլարի համար ո՞վ է կալանավորում, այն էլ «ընդդիմադիրի», ակտիվիստի։ Իսկ սեպտեմբերի 4-ին նա, ըստ ոստիկանության, հեռացել է երկրից։ Ինչպե՞ս, եթե սահմանապահները պարտադիր պետք է տեղեկացված լինեին խափանման միջոցի վերաբերյալ։ Մեր տեղեկություններով, օգոստոսի 28-ին Վահան Մարտիրոսյանը ոստիկանության բաժնից նոր անձնագիր է ստացել, հավանաբար, մեկնելու համար։ Ինչո՞ւ ոստիկաններին սա չի լրջացրել, մանավանդ, որ նրանք կանչում էին Մարտիրոսյանին հարցաքննությունների՝ ծեծի գործով, բայց նա չէր ներկայանում։ Իսկ օգոստոսի 31-ին ոստիկաններին հանձնարարվել է միջոցներ ձեռնարկել Մարտիրոսյանի եւ կնոջ հնարավոր դուրս գալն կանխելու համար, քանի որ Վահանն արդեն կասկածյալ էր։ Չեն ձեռնարկել, եւ հանցավոր անգործության 4-5 օրը բավական է եղել փախչելու համար։