Խնդիր չկա, բացի երեխայից, Վահանի ընտանիքին կօգտագործեն որպես «նյութ»․ Լարիսա Ալավերդյան

Խնդիր չկա, բացի երեխայից, Վահանի ընտանիքին կօգտագործեն որպես «նյութ»․ Լարիսա Ալավերդյան

«Սեպտեմբերի 21-ը համարում եմ նաև պայքարի օր, հստակ պարտավորությունների օր, որոնք ընդհանուր առմամբ չկարողացանք իրականացնել այս ժամանակահատվածում, ամեն մեկս մեզ համար՝ հաշվետվողության օր է»․- «Ընդդեմ իրավական կամայականության» հասարակական կազմակերպության ղեկավար, Հայաստանի առաջին մարդու իրավունքների պաշտպան Լարիսա Ալավերդյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանը կարծիք հայտնեց, որ անկախության այս տարիները մենք չենք կարողացել արդյունավետ օգտագործել՝ ճիշտ ճանապարհ չենք բռնել։ «Գնալով ավելի են քաղաքացիական հասարակության խնդիրները մեծանում։ Մի բան հստակ է՝ առանց մեր հստակ դիրքորոշման, մենք չենք կարող ունենալ իրավաբանական պետություն»․- ասաց Լարիսա Ալավերդյանը։



Անդրադառնալով մերօրյա «հայրենիքի դավաճանին»՝ Վահան Մարտիրոսյանին, Լարիսա Ալավերդյանն ընդգծեց, որ այստեղ առանձնապես խորքային խնդիր չկա․ «Ցանկացած պետության մեջ կան պայաքարողներ, կան ձևացնողներ: Չի լինում ներքին ազատագրական խնդիր, վերին աստիճանի անգրագետ անվանում, և ծիծաղի է մինչև անգամ արժանացել: Ես հիշեցնեմ, որ սա առաջին դեպքը չէ։ Եթե երկու չափահաս անձինք ընդունել են այդ որոշումն իրենց կյանքով, մենք հասկանում ենք, որ այնտեղ կա երեխա։ Սա տեղի է ունեցել մեր հասարակության ինքնամաքրման ճանապարհով։ Այստեղ այլ խնդիր չկա, բացի երեխայի իրավունքներից։ Ինչ էլ նրանք արել են, լավ կլինի, որ Ադրբեջանում նրանք չենթարկվեն տարբեր տեսակ ճնշումների, որովհետև ադրբեջանցիները նրանց օգտագործելու են մինչև վերջ, նկատի ունենալով, որ անշուշտ այդ ընտանիքի չափահաս անդամները չեն ուզում մնալ Ադրբեջանում, որտեղ հայերը չեն կարող ապրել ազատ»։



Լարիսա Ալավերդյանը վերհիշելով նախկին դեպքերը նշեց, որ այդ մարդիկ պահվել են անազատության մեջ և օգտագործվել որպես «նյութ»․ «Ես կարծում եմ, ընկալենք սա այսպես՝ չի կարող ազգի մեջ չլինել այդպիսինը»։