Գագիկ Ծառուկյանը երկու ժամով հետաձգել է թռիչքը

Գագիկ Ծառուկյանը երկու ժամով հետաձգել է թռիչքը

Մասիս քաղաքում, Արարատ կոնյակի գործարանի Մասիսի մասնաճյուղի բակում Գագիկ Ծառուկյանի ու խաղողագործների  հանդիպումը տևեց ընդամենը 5 րոպե։Խոսեց միայն Գագիկ Ծառուկյանը, նա ավանդույթ դարձած հայտարարություններով հանդես եկավ, ասաց, որ իր խոսքը գործ է, ինքը միշտ ժողովրդի կողքին է ու հուսահատ չի անի նրանց։ Խոստացավ, որ երկուշաբթի օրվանից գյուղացիների բերքի մթերումը տեղի կունենա առանց խոչընդոտների։



Գագիկ Ծառուկյանը կարճ ելույթից հետո շտապեց հեռանալ, նույնիսկ չպատասխանեց մեր թղթակցի՝ ՀԷՑ-ի գնման պոտենցիալ հաճախորդը լինելու մասին հարցին։ Հիշեցնենք, որ խոսակցություններ են պտտվում, որ ՀԷՑ-ի գնորդների ցուցակում է գտնվում նաև գործարար Գագիկ Ծառուկյանը։ Նրա մամլո խոսնակ Իվետա Տոնոյանն ասաց, որ Ծառուկյանը շատ է շտապում, իր անձնական գործերով պետք է մեկնի արտասահման, անգամ  գյուղացիների հետ հանդիպումը չեղյալ չհամարելու համար 2 ժամով հետաձգել է իր թռիչքը։