ՔԿ-ից ոստիկանությանը տեղյակ չեն պահել Վահան Մարտիրոսյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցի մասին

ՔԿ-ից ոստիկանությանը տեղյակ չեն պահել Վահան Մարտիրոսյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցի մասին

Ոստիկանությունը նոր մանրամասներ է հաղորդել Ադրբեջանից ապաստան խնդրած Վահան Մարտիրոսյանի մասին, մասնավորապես՝ պարզաբանել են, թե ինչպես է ստացվել, որ քաղաքից չբացակայելու մասին ստորագրություն տված Մարտիրոսյանը լքել է ՀՀ-ն: Hraparak.am-ին ոստիկանությունից հայտնեցին, որ օգոստոսի 25-ին, ժամը 21:35-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից Արաբկիրի բաժնում
հաղորդում է ստացվել, որ իրենց է զանգահարել Երևանի Բաղրամյան պողոտայի
բնակչուհի, 1945 թ. ծնված Ռ, Մարգունին և հայտնել, որ իր բնակարանից 4.000
ԱՄՆ դոլար են գողացել: Նյութեր են նախապատրաստվել, որոնք օգոստոսի 27-ին
ուղարկվել են Արաբկիրի քննչական բաժին:



Սեպտեմբերի 1-ին Արաբկիրի քննչական բաժնից ոստիկանության Արաբկիրի բաժին գրություն է ստացվել, համաձայն որի՝ հանձնարարվել է օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնել դեպքի իրական հանգամանքները, հանցագործությունը կատարած անձի կամ անձանց ինքնությունը, գողոնի գտնվելու վայրը պարզելու, ինչպես և Վահան Մարտիրոսյանին ու նրա կնոջը հայտնաբերելու և քննության ներկայացնելու,
միաժամանակ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ ձեռնարկել` ապահովելու
նրանց՝ ՀՀ-ից չբացակայելու ուղղությամբ:



«ՀՀ սահմանային էլեկտրոնային կառավարման տեղեկատվական համակարգ ստեղծելու, դրա շահագործման կարգը և համակարգից օգտվողների ցանկը հաստատելու մասին» ՀՀ կառավարության 22.06.2006թ. որոշման համաձայն՝ ՀՀ ոստիկանությունը նշված համակարգում կարող է մուտքագրել միայն հետախուզման մեջ գտնվող անձանց տվյալները` հետախուզում հայտարարելու կամ դադարեցնելու պահին, ինչպես նաև քրեական հետապնդում իրականացնող մարմնի՝ «Ստորագրություն` չհեռանալու մասին»
խափանման միջոց կիրառելու մասին տվյալները խափափանման միջոցը կիրառելու
մասին հայտարարման պահին. նշված որոշմամբ անձի ելքը արգելափակելու այլ հիմք
նախատեսված չէ: Սեպտեմբերի 1-ին Արաբկիրի վարչական շրջանի քննչական բաժնից
ստացված գրության մեջ նշված Վ. Մարտիրոսյանին և նրա կնոջը ՀՀ չբացակայելու
հանգամանքը ապահովելը հնարավոր չի եղել կատարել, քանի որ այդ ժամանակ
նրանք չեն գտնվել հետախուզման մեջ և նրանց նկատմամբ խափանման միջոց ընտրված
չի եղել:



Սեպտեմբերի 2-ին Արաբկիրի վարչական շրջանի քննչական բաժին է
ներկայացվել Վահան Մարտիրոսյանի կինը` Կարինե Գասպարյանը, իսկ նույն օրը,
ժամը 17:30-ին, քննիչի կողմից տրված՝ Վահան Մարտիրոսյանին որպես վկա բերման
ենթարկելու որոշման համաձայն՝ նա բերման է ենթարկվել ոստիկանության
Արաբկիրի բաժին և ներկայացվել քննության, որտեղ նույն օրը նրա նկատմամբ
խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը չհեռանալու մասին, սակայն դրա
մասին քննչական բաժնից տեղյակ չի պահվել ոստիկանության Արաբկիրի բաժին:
Սեպտեմբերի 9-ին Արաբկիրի վարչական շրջանի քննչական բաժնից գրություն է
ստացվել, համաձայն որի՝ սեպտեմբերի 2-ին Վահան Մարտիրոսյանի նկատմամբ
խափանման միջոց ընտրվել է ստորագրություն` չհեռանալու մասին և վերջինս
որպես կասկածյալ ցուցմունք չի տվել, իսկ սեպտեմբերի 9-ին նրան առաջադրվել է
մեղադրանք ՀՀ քր. օր.-ի 177 հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով և նրա նկատմամբ
հայտարարվել է հետախուզում:



Ոստիկանության Արաբկիրի բաժնում կազմվել է հետախուզական գործ, որի շրջանակներում ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ Վահան Մարտիրոսյանը սեպտեմբերի 4-ին, ժամը 00:46-ին, Բագրատաշենի սահմանային անցակետից հատել է ՀՀ սահմանը: