Քաղաքագրություն. Փոլ Օսթեր՝ «Գոթամ ձեռնարկ»

Քաղաքագրություն. Փոլ Օսթեր՝ «Գոթամ ձեռնարկ»

Հրահանգներ Ս. Ք.-ի համար, թե ինչպես Նյու Յորքում բարելավել կյանքը (քանի որ նա խնդրեց)



Տեղի մասին



Միայն մարդիկ չէ, որ լքված են Նյու Յորքում: Լքված են նաեւ այլ բաներ: Միայն խոշորները նկատի չունեմ, որպիսիք են կամուրջներն ու մետրոյի գնացքները, նկատի ունեմ փոքր, աննկատ բաները, որոնք հենց մեր աչքի առաջ են՝ մայթի կտորներ, պատեր, այգու նստարաններ: Քեզ շրջապատող աշխարհին ուշադիր հետեւիր ու կտեսնես, որ գրեթե ամեն ինչ քանդվում է:



Քաղաքում ինչ-որ տեղ ընտրիր ու դարձրու քոնը: Կարեւոր չէ, թե որտեղ, կարեւոր չէ, թե ինչ: Փողոցի անկյուն, մետրոյի մուտք, ծառ: Այդ վայրը դարձրու քո պարտականությունը: Մաքուր պահիր այն: Գեղեցկացրու: Նրա մասին մտածիր, ասես քո շարունակության, քո ինքնության մի բեկորի: Հպարտացիր նրանով այնպես, ինչպես քո անձնական տնով կհպարտանայիր:



Ամեն օր նույն ժամին գնա քո ընտրած տեղը: Մի ժամ անցկացրու՝ դիտելով այնտեղ կատարվող ամեն բան, մտապահելով անցորդներին, ովքեր քայլում, կանգ են առնում կամ ինչ-որ բան անում: Նշումներ արա, լուսանկարիր: Գրանցիր ամենօրյա նշումներն ու տես, թե ինչ ես սովորում մարդկանց, տեղի կամ քո մասին:
Ժպտա մարդկանց, ովքեր կգան այդտեղ: Հնարավորության դեպքում խոսիր նրանց հետ: Եթե չգիտես, թե ինչ ասել, սկսիր եղանակից:



Մուրացկաններ եւ անօթեւաններ



Աշխարհը վերափոխել քեզնից չեմ խնդրում: Պարզապես ուզում եմ ուշադիր լինես, շրջապատող աշխարհի մասին ավելի շատ մտածես, քան ինքդ քո: Գոնե երբ դրսում ես, փողոցով քայլելիս: Անօթեւաններին մի արհամարհիր: Նրանք ամենուր են, եւ անօթեւաններին տեսնելը մարդու համար այնքան սովորական է թվում, որ սկսում է մոռանալ նրանց: Մի՛ մոռացիր:



Աղքատներին ողջ գումարդ բաժանել քեզնից չեմ խնդրում: Նույնիսկ եթե այդպես լիներ, աղքատությունը չէր դադարի գոյություն ունենալ (ու մեկն էլ կմիանար նրանց շարքերին): Միեւնույն ժամանակ պատասխանատվությունը մեր սրտերը չկարծրացնելն է: Անկախ նրանից, թե մեր արածը որքան փոքր կամ անհույս կարող է թվալ՝ գործողությունն անհրաժեշտ է:



Հաց ու պանիր ժողովիր: Ամեն անգամ տնից դուրս գալուց առաջ պատրաստիր երեք կամ չորս սենդվիչ, դիր գրպանդ: Երբ սոված մարդ տեսնես, սենդվիչ մեկնիր: Ծխախոտ եւս կուտակիր: Ճիշտ է՝ ծխախոտը վնասում է առողջությանը, բայց նաեւ մեծ սփոփանք է մարդկանց համար, ովքեր ծխում են: Մեկ կամ երկու հատիկ մի տուր: Տուր ամբողջ տուփը:
Մարտ 5, 1994



Թարգմանությունը անգլերենից՝ Մարգո ԳԵՎՈՐԳՅԱՆԻ