Պետական կամերային երաժշտական թատրոնը նորացվել է

Պետական կամերային երաժշտական թատրոնը նորացվել է

Պետական կամերային երաժշտական թատրոնը սեպտեմբեր ամսից սկսում է իր հերթական՝ 27-րդ թատերաշրջանն, արդեն նորացված ու թարմացված տեսքով: Ընթացիկ տարում Պետական կամերային երաժշտական թատրոնի վերջին տասնամյակի պատմության մեջ թատրոնն ամբողջովին փոխվել է ոչ միայն արտաքնապես, այլ նաեւ բովանդակությամբ: Իրականացվել է էներգախնայողության համալիր ծրագիր, կատարվել են ջերմամեկուսացման աշխատանքներ, որի շնորհիվ թարմացվել, նորացվել է թատրոնի արտաքին տեսքը, արդիականացվել է ամբողջ լուսային համակարգը։



Ամռան ընթացքում տնօրինության նախաձեռնությամբ ու ջանքերով զուգահեռ ձեռնարկվել են թատրոնի վերանորոգման աշխատանքներ: Դերասանների համար կառուցվել եւ դեռ կահավորման ընթացքում են 4 գրիմանոցներ՝ նախատեսված շուրջ 30 դերասանի համար, որոնք որակապես կփոխեն ստեղծագործական անձնակազմի աշխատանքային պայմանները: Ամբողջովին վերանորոգվել է կուլիսային երկհարկանի տարածքը, բացվել է լվացքատուն, հիմնովին վերանորոգվել են սանհանգույցները: Մինչեւ նոր թատերաշրջանի բացումը նորացվել է դահլիճի ամբողջ հատակածածկը, կատարվել է մուտքերի եւ դահլիճի պատերի, բեմի, մասնակիորեն՝ նաեւ առաստաղի գունային թարմացում, սալիկապատվել է շենքի դիմային հատվածը, հաշմանդամների համար կառուցվել են մուտքերի թեքահարթակներ:



Այս տարվա ընթացքում թատրոնի անձնակազմում կատարվել են նաեւ կադրային լուրջ փոփոխություններ, ինչի արդյունքում ներգրավվել են երիտասարդ մասնագետներ: Վերանորոգման աշխատանքներին զուգահեռ, թատրոնում չի դադարել ստեղծագործական գործունեությունը: Ընթացիկ ներկայացումներին համընթաց, ստեղծագործական մասն զբաղված է նաեւ 3 նոր ներկայացման բեմադրման աշխատանքով: Մինչեւ դրանց պատրաստ լինելը հանդիսատեսը, արդեն նորացված թատրոնի բեմում, կշարունակի դիտել Պետական կամերային երաժշտական թատրոնի՝ երեխաների եւ մեծահասակների կողմից արդեն սիրված ու սպասված ներկայացումները. «Անուշ», «Գեղեցկուհին եւ հրեշը», «Մոխրոտը», «Երեք խոզուկների նոր արկածները», «Սեքսուալ խառնաշփոթ հյուրանոցում», «Սասունցի Դավիթ» եւ «Թոմն ու Ջերին»: