Ռուհանին Ամերիկային հիշեցնում է, որ եկել է սեփական սխալներն ուղղելու ժամանակը

Ռուհանին Ամերիկային հիշեցնում է, որ եկել է սեփական սխալներն ուղղելու ժամանակը

Իրանի նախագահ Հասան Ռուհանին՝ ամերիկյան CBS հեռուստաընկերությանը տված հարցազրույցում այն միտքն է հայտնել, թե չնայած ձեռք բերված պայմանավորվածությանը, ԱՄՆ և Իրանի միջև տասնամյակների ընթացքում գոյություն ունեցող թշնամանքը, իրարից հեռացվածությունը, տարաձայնություններն ու անվստահությունը մոտ ժամանակներումս չեն վերանա:
Այդ մասին հաղորդում է «lenta.ru»-ն:
Ռուհանի նաև հավելել է, որ ԱՄՆ-ն և Իրանը միջուկային ծրագրի շուրջ համաձայնության հասնելուց հետո արել են առաջին քայլերը՝ երկու երկրների միջև առկա թշնամանքը նվազեցնելու համար:
Իրանի նախագահը հարցին, թե արդյոք ինքը համարում է ԱՄՆ-ին «Մեծ Սատանա», հետևյալ կերպ է պատասխանել. «Կարևորն այն է, թե որ ուղղությամբ ենք մենք շարժվում: Շարժվում ենք մենք թշնամանքը խստացնելո՞ւ, թե՞ նվազեցնելու ուղղությամբ: Ես կարծում եմ, որ մենք արել ենք առաջին քայլերը՝ թշնամությունը նվազեցնելու ուղղությամբ»:
Բացատրելով «Մեծ Սատանա» արտահայտությունը, Ռուհանին ասել է, թե այն վերաբերում է այն ուժին, որն օգտագործում է տարբեր խարդախություններ, որի խոսքերը անկեղծ չեն և չեն համապատասխանում իրականությանը:
Ըստ Ռուհանիի, ԱՄՆ-ը նախկինում բազմաթիվ սխալներ է թույլ տվել Իրանի հանդեպ և այժմ պետք է դրանք ուղղի:
Այն ուղիղ հարցին, թե ինչ են նշանակում «Մահ Ամերիկային» և «Մահ Իսրայելին» բացականչությունները, և թե արդյոք դրանք նախատեսված են «ներքին օգտագործման համար», թե դրանք պետք է բառացի հասկանալ, Ռուհանին պատասխանել է, թե. Իրանը հանդես չի գալիս Միացյալ Նահանգների ժողովրդի դեմ:
«Մեր ժողովուրդը հարգում է ամերիկյան ժողովրդին: Մենք չենք փնտրում պատերազմ որևէ երկրի հետ: Սակայն դրա հետ մեկտեղ, ԱՄՆ վարած քաղաքականությունն ուղղված է եղել իրանյան ժողովրդի ազգային շահերի դեմ: Հասկանալի է, որ մարդիկ հիվանդագին կարձագանքեն այդ հարցին», - նշել է իրանցի նախագահը:
Ռուհանին նաև հիշեցրել է, որ երբ 1978-ին ժողովուրդն ընբոստացավ Մոհամադ Ռեզա Փեհլեվի շահի դեմ, ԱՄՆ-ը համառորեն և մինչև վերջին պահը աջակցում էր միապետին: Իրաքի հետ հետագա ութամյա պատերազմի ընթացքում էլ ամերիկացինեն աջակցում էին հարևան երկրի նախագահ Սադամ Հուսեյնին:
«Մարդիկ չեն կարող մոռանալ այդ բաները: Մենք չենք կարող մոռանալ անցյալը, սակայն միևնույն ժամանակ էլ մեր հայացքները պետք է ուղղված լինեն ապագային», - ասել է նա: