Հակառակորդը կիրառել է թուրքական TR-107 տիպի ռեակտիվ հրթիռահրետանային կայանք. ԼՂՀ ՊՆ

Հակառակորդը կիրառել է թուրքական TR-107 տիպի ռեակտիվ հրթիռահրետանային կայանք. ԼՂՀ ՊՆ

Սեպտեմբերի 24-ին եւ լույս 25-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկայնքով հակառակորդը շարունակել է ինտենսիվորեն խախտել հրադադարի պահպանման ռեժիմը: Այս մասին հաղորդագրություն է տարածել ԼՂՀ պաշտպանության նախարարությունը:



«Նշված ժամանակահատվածում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 260 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, ինչպես նաեւ 60 եւ 82 մմ-ոց ականանետերից ու ՌՊԳ-7, ՀԱՆ-17 եւ ՍՊԳ-9 տիպի նռնականետերից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 4000 կրակոց: Վերոնշված զինատեսակներից բացի հայկական դիրքերի ուղղությամբ հակառակորդը կիրառել է նաեւ թուրքական արտադրության TR-107 տիպի ռեակտիվ հրթիռահրետանային կայանք:



ՊԲ առաջապահ զորամասերի կողմից ձեռնարկված պատասխան գործողությունների արդյունքում` հակառակորդի ակտիվությունը ճնշվել է:



ՊԲ առաջապահ զորամասերը տիրապետում են օպերատիվ իրադրությանը եւ շարունակում վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն»,-ասված է հաղորդագրության մեջ:



Ավելի վաղ հաղորդել էինք, որ սեպտեմբերի 24-ին երեկոյան Տավուշի սահմանամերձ բնակավայրերի գնդակոծման հետեւանքով 3 խաղաղ բնակիչ է զոհվել, երկուսը` Բերդավանի, մեկը՝ Պառավաքարի բնակիչ: Բոլոր 3 զոհերը կանայք են, երկուսը՝ տարեց, մեկը` 41 տարեկան:



Կա 4 վիրավոր: Նրանցից երեքը հիվանդանոցում են, իսկ մեկը՝ դուրս է գրվել: