Մեդիախոհանոց-11

Մեդիախոհանոց-11

«Պատվեր եք կատարում»․ թե ով եւ երբ դրեց շրջանառության մեջ այս տգետ ու տգեղ արտահայտությունը, արդեն ոչ ոք չի հիշում, բայց սա լրագրողներին ամենից հաճախ ասվող խոսքերից է։ Ասում են հասկացողներն ու չհասկացողները, մամուլին մոտ ու հեռու կանգնածները, չինովնիկներն ու շարքային քաղաքացիները։ Լրագրողներից ոմանք, իհարկե, արդեն իմունիտետ են ձեռք բերել եւ խաղաղ են վերաբերվում այս մեղադրանքին, սակայն ես այդպես էլ չսովորեցի այդ արտահայտությունը հանգիստ լսել, եւ ամեն անգամ, երբ զրուցակիցս՝ կամա թե ակամա, վիրավորելու, թե որեւէ այլ նպատակով, անտեղյակությունից դրդված, թե միտումնավոր արտաբերում է այս խոսքը, զայրանում եմ ու, որպես կանոն, դադարեցնում խոսակցությունը։ Հավատացեք՝ «պատվեր եք կատարում» արտահայտությունը հորինվել է մամուլի եւ լրագրողների թշնամիների կողմից՝ մեր աշխատանքը սեւացնելու, մեր թիրախներին «սպիտակեցնելու» նպատակով։ Եվ ամենածիծաղելին այն է, որ մամուլին «պատվեր կատարելու» մեջ մեղադրում են ոչ միայն որեւէ սխալ, ապատեղեկատվություն տպագրելու ժամանակ, այլ ավելի հաճախ այն ժամանակ, երբ փաստերը ճշգրիտ են, տեղեկությունները՝ ստույգ։ Մեզ մեղադրողները դրանով ուզում են ասել՝ այո, ամեն ինչ ճիշտ է, բայց մամուլն իրավունք չունի այդ մասին գրել։ Այո, դուք ճիշտ եք գրել, բայց դա ձեռնտու է մեր թշնամիներին։ Այո, ձեր տեղեկությունները համապատասխանում են իրականությանը, բայց որտեղի՞ց եք դա իմացել՝ դրա իրավունքը չունեիք։ Ապա սկսում են «վհուկների որսը»՝ իրենց շրջապատում ինֆորմացիայի արտահոսքն ապահոված, լրագրողին տեղեկություններ տրամադրած, իրենց «վատն ուզող» անձանց նկատմամբ։ Երբեմն բանը հասնում է զավեշտալի ու տհաճ պատմությունների, երբ քննադատության առարկան պատրաստ է «ամեն ինչի» եւ դիմում է ամենաանհավանական քայլերի, միայն թե իմանա տեղեկատվության աղբյուրն ով է։



Բնականաբար՝ չեն իմանում։ Բայց նաեւ չեն էլ հասկանում, որ Հայաստանը փոքր երկիր է, եւ «մախաթը պարկում չես թաքցնի»՝ ի վերջո, մի օր ամեն ինչ հայտնի կդառնա։ Եվ դրա համար պետք չէ մեղադրել ինֆորմացիայի աղբյուրներին։ Ու դրա դեմ պայքարելու մի եղանակ կա՝ ապրել ու աշխատել այնպես, որ ոչինչ չունենաս թաքցնելու։ Եվ քո ցանկացած քայլի մասին հրապարակումից չամաչես, ու դա չազդի քո հետագա կարիերայի, ճակատագրի վրա։



Ամենից աղմկոտ նյութերի հետ կապված, երբ «զոհերը» հետաքննություն են ծավալում, ես մի մեծ ցանկություն եմ ունենում՝ երանի այս մարդիկ իմանային, թե ինչպես է ծնվել նշված հոդվածը, երանի մասնակցած լինեին մեր խմբագրության առավոտյան թռուցկաժողովներին։ Ասենք, դատական վեճի առարկա դարձած Սեյրան Օհանյանի կնոջ հետ կապված հոդվածի առնչությամբ մեզ «պատվերի» մեջ մեղադրողներն ու հեռուն գնացող «հետեւություններ» անողները, հավանաբար, շատ կզարմանային, երբ իմանային, թե ինչ պատահականության արդյունքում է ծնվել այդ հոդվածի գաղափարը, եւ որքան անմեղ նախապատմություն ունի այն։ Բայց, ինչպես ասում են, յուրաքանչյուրը դիմացինի մասին դատում է «իր փչացածության աստիճանով»։



Ա. Օ.