Էդ է՝ թող Արմենչիկը գա, էլի վաստակավոր է, զաթո կէրթանք, լավ կուրախանանք. Էռնա Յուզբաշյանը գնում է Գյումրի

Էդ է՝ թող Արմենչիկը գա, էլի վաստակավոր է, զաթո կէրթանք, լավ կուրախանանք. Էռնա Յուզբաշյանը գնում է Գյումրի

Հոկտեմբերի 7-ին Գյումրին կհյուրընկալի արդեն իսկ վաստակավոր երգչուհի Էռնա Յուզբաշյանին: Երգչուհին վերջին անգամ համերգային ծրագրով Գյումրի է այցելել 33 տարի առաջ: Արտիստին հայրաքաղաքը հրավիրել է Գյումրու «Ջազ» ակումբը: Փորձեցինք պարզել` արդյոք երգչուհու վաստակավորի կոչումը նպաստեց հրավերին, որին նա արժանացավ բոլորովին վերջերս` անկախության տոնին, թե գյումրեցին ջազ լսելու մեծ ցանկություն ունի: «Ջազ» ակումբի անդամներն անկեղծ գտնվեցին` պատասխանելով, որ իրականում երկու հանգամանքն էլ որոշիչ է եղել:



Նշենք, որ համերգը տեղի է ունենալու Վ. Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնում: Թատրոնի դրամարկղի աշխատակցուհին տոմսերի վաճառքից դժգոհ չէ, սակայն եթե համեմատություն է անցկացնում Նանայի կամ Միհրան Ծառուկյանի համերգների հետ, իր խոսքով ասած` վերջիններիս տոմսերը թռցնում էին: Մեզ հետ զրույցում գյումրեցիներն իրենց անկեղծ կարծիքներն հայտնեցին: Երիտասարդ զրուցակիցներիցս մեկն ասաց. «Էդ է՝ թող Արմենչիկը գա, մեկ է էլի վաստակավոր է, զաթո կէրթանք լավ կուրախանանք»: Ապա դիմելով ընկերոջը` մտաբերեց.«Աղաս, կհիշես, մե քանիմ տարի առաջ, օր Արմենչիկն հոս էր եկել, աղջիկներն ինչըխ գուլայն ու էրեսները կը ճանգռեին»: 



Հետաքրքրական է, որ գյումրեցիներն ասես միաձայն Արմենչիկին են պահանջում. կարծես ջազ լսելուն այնքան էլ տրամադրված չեն: Սակայն արդարության առաջ չմեղանչելու համար պիտի ասեմ, որ այնուամենայնիվ զրուցակիցներիս մեջ հանդիպեցին քաղաքացիներ, ովքեր վստահեցրին, որ տոմս են գնել, ջազի սիրահար են եւ Էռնայի մեծ երկրպագուն: Իհարկե ի տարբերություն Արմենչիկի երկրպագուհիների` մազոխիստությամբ աչքի չեն ընկնելու, գնալու են պարզապես հաճելի ժամանակ անցկացնելու եւ ջազ լսելու նպատակով:



Իսկ ահա արվեստագետ Արսեն Ավետիսյանի համար երգչի վաստակավոր լինելն այնքան էլ կարևոր չէ, ըստ մեր զրուցակցի` կարևորը սիրված լինելն է .«Ես չեմ ասում Արմենչիկն ու Էռնան այդ կոչմանն արժանի չեն, թող հալալ լինի: Բայց ցավով պիտի ասեմ, որ մեր նախագահը թատրոնի ոլորտից ոչ մի արվեստագետի, այն էլ՝ գյումրեցու, ովքեր իսկապես տաղանդավոր են, դեռևս չի պարգևատրել: Հա, մոռացա , գյումրեցի Ալիկ Գյունաշյանին պարգևատրել է, էն էլ երևի ռաբիզ է դրա համար»,-ավելացրեց Արսենը: 



Արևիկ Հակոբյան, Գյումրի