Хороший мальчик

Хороший мальчик

Այն, որ Սերժ Սարգսյանը եւ Վլադիմիր Պուտինը ձեն ձենի տված շնորհավորեցին Ռուսաստանի հայերի միության 15-ամյակը, արդեն իսկ նշանակում է, որ Հայաստանում նոր պրոյեկտ է ներդրվում՝ ի դեմս Արա Աբրահամյանի, որը, եթե ոչ ամբողջությամբ ռուսական, ապա առնվազն հայ-ռուսական պրոյեկտ է: Երկու կարծիք լինել չի կարող՝ մենք գործ ունենք պիլոտային պրոյեկտի հետ, որը նախատեսված է մի որոշակի ժամանակահատվածի համար:



Այսօր դեռ վաղ է խոսել այդ ծրագրի նպատակների մասին: Նույնիսկ դժվար է ասել՝ Արա Աբրահամյանո՞վ, թե՞ Արա Աբրահամյանի համար է հարց լուծվում, Արա Աբրահամյանի համար պլատֆորմ է ստեղծվում Հայաստանո՞ւմ, թե՞ փորձ է արվում նրա դիրքերն ամրապնդել Ռուսաստանի հայության (այսօր Ռուսաստանում ավելի շատ հայ կա, քան Հայաստանում) շրջանում: Արա Աբրահամյանը, իր իսկ խոստովանությամբ, չի կարող դառնալ Հայաստանի վարչապետ կամ նախագահ, մինչդեռ ՀՀ իշխանությունների կողմից նրան մի փոքր ավելի կարեւորելու այս ողջ գործընթացը կարող է նպաստել, որ Արա Աբրահամյանը Ռուսաստանում դիտվի որպես ռուսահայոց անվիճելի եւ անսակարկելի առաջնորդ՝ նախագահի ու վարչապետի բոլոր իրավունքներով միաժամանակ: Իր նոր կարգավիճակով Արա Աբրահամյանի համար շատ ավելի հեշտ կլինի ռուսաստանցի փողատերերին համախմբելը, եթե ՀՀ իշխանություններն իրենց հերթին նպաստեն ՌԴ իշխանական շրջանակներում նրա ունեցած կապերի ընդլայնմանը: Իսկ այս ամենի համար Արա Աբրահամյանը կարող է վճարել ինչով ասես՝ փող տալ, ձայն բերել իշխող կլանին, օգնել հայաստանյան օլիգարխիկներին՝ դուրս գալ հայ-ռուսական, ինչու չէ, նաեւ ԵՏՄ ասպարեզ:



Իզուր են լրագրողներն Արա Աբրահամյանի ստեղծելիք կուսակցության, այսպես կոչված, հիմքում ինչ-որ գաղափարախոսություն որոնում եւ այդ կուսակցության ղեկավարին դժվար հարցեր տալիս քաղաքականությունից: Արա Աբրահամյանի կուսակցությունը չի կարող որեւէ քաղաքագիտական վերլուծության ենթարկվել, այն դուրս է քաղաքականությունից եւ քաղաքական կատեգորիա չէ: Արա Աբրահամյանը պարզապես լավ տղա է (хороший мальчик), որի հնարավորությունները, նրան մի փոքր ավելի երես տալու դեպքում, կարելի է ռացիոնալ օգտագործել թե Հայաստանում եւ թե Ռուսաստանում:



• Արդյոք Սերժ Սարգսյանը չի՞ փորձում Արա Աբրահամյանի հետ կիսել իշխանությունը՝ այն ամբողջությամբ չկորցնելու համար: Տարբերակ է, մանավանդ, եթե ԱԺ գալիք ընտրություններում Աբրահամյանի կուսակցությունը շռնդալից հաջողություններ արձանագրի եւ խորհրդարանում «կայուն մեծամասնություն» կազմի ՀՀԿ-ի հետ: Այդ դեպքում չի բացառվում, որ հենց Արա Աբրահամյանի կուսակցությունից մեկնումեկին էլ նվիրեն ՀՀ նախագահի պաշտոնը: Բայց դա արդեն կլինի Սերժ Սարգսյանի ամենավերջին վատությունն անձամբ իրեն, Հայաստանին եւ հայոց անկախությանը, որովհետեւ դրանից հետո մինչեւ Հայաստանում ռուս գուբերնատոր նշանակելը կմնա ընդամենը մեկ քայլ: