Խառնաշփոթ ու հուսահատություն

Խառնաշփոթ ու հուսահատություն

Մինչեւ «Ոչ»-ի ճակատների ձեւավորումը, ամեն օր սահմանադրական փոփոխությունների հետ կապված նախաձեռնություններ էին ի հայտ գալիս։ Ակցիաներ, հավաքներ էին կազմակերպում, խրոխտ ելույթներ ունենում։ Այսօր այդ նախաձեռնությունների մի մասը չկա, մյուսներն ակտիվ չեն։ Առնվազն մոռացել են իրենց խոստումները կամ կարծում են, թե մարդիկ են մոռացել։ Իսկ ընթերցողները հիշում են եւ հարցնում։



Այսպես. այդ նախաձեռնություններից մեկը՝ «Ո՛չ սահմանադրական փոփոխություններին» լոզունգի ներքո, վերջին անգամ Ազատության հրապարակում օգոստոսին է հավաք կազմակերպել եւ անհետացել։ Նույնը՝ «Ո՛չ ՀՀԿ-ական Սահմանադրությանը»։ Թեեւ մեր լրագրողին ասել են, որ «ակտիվ մարզային քննարկումներ են սկսել»․ մարզերում տուն առ տուն այցելում են եւ բացատրում, թե ինչու պետք է «ոչ» ասել սահմանադրական փոփոխություններին։ Իսկ մարզերում, պարզվում է, մարդիկ հուսահատ են, ասում են. «Մեկ է՝ իրենց ձեռքին է, ուզեցին՝ անցկացնելու են»։ Ահա, նախաձեռնության անդամներն էլ փորձում են համոզել, որ այդպես չէ, որ իրենց «ոչ»-ից է ամեն բան կախված։



Բայց ի՞նչ պահանջես երիտասարդական նախաձեռնություններից, երբ ողջ ընդդիմությունն է մոլորված ու շփոթահար։ Տարբեր ճակատներ ու «ոչ»-ի հայտարարություններ, այդ ճակատների միջեւ լուրջ անտագոնիզմ, Ազգային ժողովում ոչ հստակ ու անկազմակերպ ելույթներ, ընդդիմության ներկայացուցիչների՝ միմյանց հանդեպ ատելություն ու արհամարհանք։ Հիմա էլ՝ հանրաքվեն կեղծելուն ուղղված քայլերը կանխելու փորձեր։ Այս խառնաշփոթի մեջ անգամ լրագրողները գլուխ չեն հանում, ուր մնաց շարքային քաղաքացին կողմնորոշվի եւ չհուսահատվի։ Ընդ որում՝ այդ հուսահատության պատճառը որքան իշխանությունն է, նույնքան էլ ընդդիմությունը՝ իր անդեմ ու անելիքը չիմացող ընթացքով։