«Լոնդոնում հայկական երեկոն շքեղ էր». բրիտանացի լրագրողները Հայաստանի մասին հարուստ տպավորություններով են հեռացել

«Լոնդոնում հայկական երեկոն շքեղ էր». բրիտանացի լրագրողները Հայաստանի մասին հարուստ տպավորություններով են հեռացել

Հայաստանի զարգացման հիմնադրամի հետ բացառիկ պայմանավորվածությամբ Լոնդոնում նոյեմբերի 1-ի երեկոյան ՛՛British Guild of Travel Writers՛՛ մրցանակաբաշխություն՛2015-ն ուղեկցվել է հայկական մշակույթի և խոհանոցի շնորհանդեսով, որի հատուկ մաս է կազմել գինու համտեսը: Լոնդոնի «Սավոյ» հյուրանոցի դահլիճն ամբողջությամբ լցված է եղել հայկական թեմայով: Ոլորտում տարվա այս ամենակարևոր միջոցառմանը մասնակցել են լրագրողներ, գինու փորձագետներ և սոմելիեներ: 350 հյուրերի համար հայկական մրգերով լեցուն 35 սեղան է ձևավորվել: 



«Ձեզանից շատերը լսել են հայերի մասին և հանդիպել են հայերի, բայց ի՞նչն եք դուք ասոցացնում Հայաստանի հետ: Այս երեկո մենք հաճույքով կպատմենք ձեզ մեր երկրի գեղեցկության, հիանալի մարդկանց, ջերմ հյուրընկալության մասին, կներկայացնենք հայկական խոհանոցը և Հայաստանը: Երկիր՝ մեծ հմայքով և Քրիստոնեական հազարամյա եզակի ժառանգությամբ: Մենք կպատմենք ձեզ Հայաստանի պատմությունը. մեր կյանքի և մշակույթի հետաքրքրաշարժ կողմերի, ստեղծարարության և ստեղծելու երևակայության պատմությունը, մարտահրավերները հաղթահարելու նորարարական լուծումների, կրթության պատմությունը»,- բացելով երկրի մասին շնորհանդեսը, իր ելույթում նշել է Հայաստանի զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն Արման Խաչատրյանը:
Երեկոյի հատուկ մաս կազմող գինու համտեսին միջազգային փորձագետը հյուրերին ներկայացրել է հայկական գինարտադրության վեցհազարամյա ավանդույթները և այսօր առաջարկվող տեսակների համային առավելությունները: Մրցանակաբաշխությունն ուղեկցող ընթրիքին մատուցված հայկական ավանդական խոհանոցի ուտեստների և գինու համտեսը հաջողություն է ունեցել՝ արժանանալով փորձագետների և սոմելիեների դրական արձագանքին:



Լոնդոնի «Սավոյ» հյուրանոցի 414 քմ. դահլիճում տեղադրված 8 հսկայական էկրաները պրոյեկտել են հայկական նկարչության գլուխգործոցները՝ Մարտիրոս Սարյանի, Հովհաննես Այվազովսկու, Մինաս Ավետիսյանի և մյուսների ստեղծագործությունները, նաև՝ հայկական զարդանախշեր ու բնապատկերներ: 3D ձևաչափով երեք մասանոց տեսանյութ է ներկայացվել՝ բրիտանական կազմակերպության երեկոյի հյուրերին հաղորդելով Հայաստանի շունչը: Մշակութային մասի երաժշտական հատվածն ապահովվել է Արտո Թունջբոյաջյանի և գործընկերների կողմից:



«Ո՞վ կմտածեր, որ երբ 100 տարի առաջ թուրքերը կոտորում էին մեզ զուտ հայ լինելու համար, մենք պիտի վերածնվեինք և հիմա աշխարհին ներկայանայինք որպես այսքան հզոր ու ստեղծարար ժողովուրդ»,- երեկոն ամփոփելով, նշել է Հայաստանի զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն Արման Խաչատրյանը: