Մոսկվայում վթարի ենթարկված ավտոբուսը պատկանում էր «Պալաչի» ընկերությանը (տեսանյութ)

Մոսկվայում վթարի ենթարկված ավտոբուսը պատկանում էր «Պալաչի» ընկերությանը (տեսանյութ)

Աբովյանի քաղաքապետի նախկին թեկնածու, Ծառուկյանի սանիկ Արթուր Հարությունյանին պատկանող «Քինգ դե լյուքս» ընկերությունից հաստատեցին, որ այսօր Մոսկվայում վթարի է ենթարկվել իրենց ընկերությանը պատկանող ավտոբուսը: «Այո, վթարի է ենթարկվել մեր ավտոբուսներից մեկը, ինչ ինտերնետում է գրված, մենք այդքանը գիտենք, որևէ այլ տեղեկություններ չգիտենք»,-ասաց աշխատակիցը։ Նա տեղեկացրեց, որ ՀՀ քաղաքացիները Մոսկվայից պետք է գային Երևան։ 



«Մենք տեղեկություններ չունենք, թե քանիսն են, ինչպես է եղել վթարը, կարող եմ ասել, որ վարորդը ազգությամբ հայ է»,-ասաց աշխատակիցը։ 



Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ նոյեմբերի 3-ին, տեղական ժամանակով ժամը 03.10-ին ՀՀ ՏԿԱԻՆ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում տեղեկություն է ստացվել, որ ՌԴ Տուլայի տարածաշրջանի Ուզլովսկիյ քաղաքի մոտ վթարի է ենթարկվել Մոսկվայից Երևան եկող ավտոբուսը:



Ըստ նախնական տվյալների` ժամը 03.08-ի սահմաններում Մ-4 դաշնային ավտոճանապարհի 220-րդ կմ-ում՝ Տուլայի տարածաշրջանի Ուզլովայա շրջանի Իլինկա գյուղի մոտակայքում Մոսկվա-Երևան երթուղու «Կինգ Դելյուքս» ՍՊԸ տրանսպորտային ընկերությանը պատկանող «Higer» մակնիշի 510OP61 պ/հ ավտոբուսը դեռևս չբացահայտված հանգամանքներում դուրս է եկել երթևեկելի մասից և շրջվել:



ՀՀ ՏԿԱԻ նախարարի հանձնարարությամբ` Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնից ՓԾ տնօրեն, փ/ծ գեներալ-լեյտենանտ Ս. Ազարյանը կապ է հաստատել ՌԴ Տուլայի շրջանի ԱԻ պետի հետ: Վերջինս հայտնել է, որ պատահարի հետևանքով տուժածները տեղափոխվել են հիվանդանոցներ և ներկայումս աշխատանքներ են տարվում զոհերի ու վիրավորների անունները պարզելու ուղղությամբ:



Ժամը 09:30-ի դրությամբ` որ ՃՏՊ-ի հետևանքով զոհվել է 7, տուժել՝ 43 ՀՀ քաղաքացի, որոնցից 34-ը՝ հոսպիտալացվել են տարածաշրջանային Ուզլովայա (15 մարդ), Կիրեևսկի (12 մարդ) և Նովոմոսկովսկի (7 մարդ) բժշկական կենտրոններ: Վիրավորներից 9-ի վիճակը բժիշկների գնահատմամբ ծանր է: Ավտոբուսում երեխաներ չեն եղել:



Օպերատիվ խումբը դիտարկում է 2 հիմնական վարկած` կամ վարորդն է քնել ղեկին, կամ վթարի պատճառը տեխնիկական անսարքությունն է:



Բացվել են թեժ գծեր`



- Տուլայի տարածաշրջանի ՃԿԿ-ում` 007 487 221 1609
- ՀՀ ՏԿԱԻՆ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում` 911 կամ 010 36-02-97 հեռախոսահամարներով: