Փեսաները մեկնել էին արտագնա աշխատանքի. մանրամասներ ավտովթարից տուժածների մասին

Փեսաները մեկնել էին արտագնա աշխատանքի. մանրամասներ ավտովթարից տուժածների մասին

Այսօր վաղ առավոտյան Տուլայի տարածաշրջանի Ուզլովսկիյ շրջանի Իլինկա գյուղի մոտակայքում տեղի ունեցած ավոտվթարի ուղևորներից մեկը՝ 68-ամյա Սպարտակ Նալբանդյանը, Տավուշի մարզի Գանձաքար գյուղից է: Գյուղապետ Շահեն Շահինյանը Hraparak.am-ի հետ զրույցում տեղեկացրեց, որ Սպարտակ Շահինյանը Ռուսաստանում բնակվող երկու որդի ունի և սովորաբար գնում է այնտեղ աշխատելու: Այստեղ՝ Հայասատանում նրան սպասողը կինն էր:



Ուղևորներից 39-ամյա Խուրչուրյան Արմանն ու 55-ամյա Անուշավան Երեմյանը համագյուղացիներ են, ավելին՝ մեր տեղեկություններով նույն ընտանիքի փեսաներ են: Նրանք նույնպես մեկնել էին Ռուսաստան` արտագնա աշխատանքի: Երկու ուղևորները Շիրակի մարզ Սառնաղբյուր գյուղից էին:



Մենք ճշտեցինք նաև, որ 30-ամյա Սաֆարյան Կարենը Երեվանի Մալաթիա-Սեբաստիայի բնակիչ է, 34-ամյա Թովմասյան Ռազմիկը Արարատի մարզի Արտաշատ քաղաքի բնակիչ է:



Հիշեցնենք, որ այսօր՝ նոյեմբերի 3-ին, ժամը 04.44-ին, ՌԴ ԱԻՆ ԱՃԿԿ-ից տեղեկատվություն է ստացվել, որ ժամը 03.08-ին Մ-4 դաշնային ավտոճանապարհի 220-րդ կմ-ում՝ Տուլայի տարածաշրջանի Ուզլովսկիյ շրջանի Իլինկա գյուղի մոտակայքում Մոսկվա-Երևան երթուղու «Կինգ Դելյուքս» ՍՊԸ տրանսպորտային ընկերությանը պատկանող «Higer» մակնիշի 510 OP 61 պետհամարանիշով ավտոբուսը դեռևս չբացահայտված հանգամանքներում դուրս է եկել երթևեկելի մասից և շրջվել:



Ժամը 10.00-ի դրությամբ պարզվել է, որ ՃՏՊ-ի հետևանքով զոհվել է 7, տուժել՝ 43 ՀՀ քաղաքացի, որոնցից 33-ը՝ հոսպիտալացվել են տարածաշրջանային ԲԿ-ներ, մասնավորապես Ուզլովայա ԲԿ: 



Մոսկվայում վթարի ենթարկված ավտոբուսը պատկանում է Աբովյանի քաղաքապետի նախկին թեկնածու Արթուր Հարությունյանի «Քինգ դե լյուքս» ընկերությանը: