Իմ անձնական հեռախոսին ասել եմ չզանգեք. Առերեսումից առաջ Ռուբեն Հայրապետյանը լարված է և նյարդային

Իմ անձնական հեռախոսին ասել եմ չզանգեք. Առերեսումից առաջ Ռուբեն Հայրապետյանը լարված է և նյարդային

Մեզ հասած տեղեկություններով՝ ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը և ծեծի ենթարկված ազատամարտիկ Սմբատ Հակոբյանը այսօր ոստիկանության Կենտրոնականի բաժնում կառերեսվեն։ Այս տեղեկությունը մենք փորձեցինք ճշտել Ռուբեն Հայրապետյանից, սակայն ՀՖՖ նախագահի հետ շփման փորձը իսկական «փորձանք» է: 



Այս գործի շրջանակներում հարցաքննվելուց հետո Հայրապետյանը մեկնել էր Գերմանիա: Փորձեցինք Ռուբեն Հայրապետյանից պարզել՝ արդյոք այսօր մասնակցելու է առերեսմանը, թե ոչ:



-Պարոն Հայրապետյան, բարև Ձեզ, «Հրապարակ» օրաթերթի լրագրող է Ձեզ անհանգստացնում, Հայաստանո՞ւմ եք



-Խի՞ եք ինձ զանգում ու ուզում իմանալ՝ Հայաստանում եմ, թե չէ, այ անդաստիարակ, հերիք չեղավ արդեն, մի հատ էլ պետք է զեկուցեմ  ուր եմ, ուր չեմ։



-Ուղղակի ուզում էինք իմանալ՝ այսօր Սմբատ Հակոբյանի հետ առերեսման գնալո՞ւ եք:



-Լսի, դու ո՞վ ես, որ ուզում ես առհասարակ ինձնից բան իմանաս։



-Լրագրող եմ «Հրապարակ» օրաթերթից պարոն Հայրապետյան:



-Եթե լրագրող ես, գնա քո աշխատանքով զբաղվի։



-Իմ աշխատանքով եմ զբաղվում, Ձեզնից ուզում եմ ճշտած լինել՝ առերեսման գնալո՞ւ եք:



-Իմ անձնական հեռախոսին ասել եմ չզանգեք։



Այսպիսով, Ռուբեն Հայրապետյանը հեռախոսը անջատեց, չի բացառվում, որ նրա նյարդային վիճակը եւ լարվածությունը պայմանավորված լինի առերեսման գնալու հանգամանքով: Ծեծի ենթարկված ազատամարտիկի հեռախոսահամարն անհասանելի էր։



Նշենք, որ Ս.Հակոբյանը մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել էր, թե ունի հունիսի 23-ին իր և ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանի հետ հեռախոսազրույցի ձայնագրությունը, որտեղ վերջինս սպառնում է ազատամարտիկին: Ազատամարտիկը, սակայն, ոչ իրավապահներին, ոչ լրագրողներին չի տրամադրում այդ ձայնագրությունը, չի բացահայտում նաեւ, թե ինչպես է այն հայտնվել իր մոտ:



Հիշեցնենք, որ  մի խումբ անձինք 2015թ. սեպտեմբերի 21-ին, ժամը 15-ի սահմաններում, Երևան քաղաքի Աբովյան փողոցի 2/2 հասցեում գտնվող շինհրապարակի մոտ բռնություն են գործադրել Ս.Հակոբյանի նկատմամբ՝ պատճառելով ծանր մարմնական վնասվածք։