Բնակարանամուտ՝ Լոռու մարզում

Բնակարանամուտ՝ Լոռու մարզում

88-ի ավերիչ երկրաշարժից 27 տարի է անցել, սակայն Հայաստանի հյուսիսում, ցավոք, դեռ առկա են արհավիրքի հետքերը: Բազմաթիվ ընտանիքներ տարիներ առաջ դարձան տնազուրկ, նրանցից շատերը մինչ օրս էլ կառուցում են` շարունակելով հուսալ, որ մի օր նորից տուն կունենան:



Մարգարյանների ընտանիքը մեկն է Լոռու մարզի Լեջան գյուղում բնակվողներից, որոնք արհավիրքի հետեւանքով զրկվել են իրենց տնից եւ առայսօր ապրում են ժամանակավոր կացարանում: Առանց կոմունալ հարմարությունների, փոքր ու անշուք վագոն-տնակը Մարգարյանների երկու զավակների համար եղել է տան միակ նախատիպը. դուստրն արդեն ամուսնացել է, իսկ որդին չի ամուսնանում՝ պայմանների պատճառով:



«Իմ եւ ամուսնուս երիտասարդությունն անցել է այս դոմիկում: Ամուսինս այս էլ քանի տարի գնում է արտագնա աշխատանքի, որ կարողանանք քարը քարին դնել ու տուն կառուցել՝ գոնե մեր որդու համար, սակայն տարիներն անցնում են, ու մենք մինչեւ վերջերս միայն պատերն էինք կառուցել: Այսօր, երբ տեսնում եմ մեր կառուցված տունը, չեմ հավատում աչքերիս: Իմ ամբողջ կյանքի երազանքը կատարվել է այսօր»,- ասել է ընտանիքի մայրը՝ Հասմիկը:



Մարգարյանների տուն ունենալու վաղեմի երազանքն իրականություն է դարձել ՎիվաՍել-ՄՏՍ-ի ու Հայաստանի «Ֆուլեր տնաշինական կենտրոնի» համագործակցության շնորհիվ:



ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը, ընկերության աշխատակիցները, ինչպես նաեւ Հայաստանի «Ֆուլեր տնաշինական կենտրոնի» թիմն այցելել են Մարգարյաններին՝ նրանց հետ բնակարանամուտի ուրախությունը կիսելու համար:



«Հնարավոր չէ կանխատեսել կյանքի ընթացքն ու սպասվող դժվարությունները: Երազել, սակայն, հարկավոր է: Երբ մարդն ունենում է բավարար վճռականություն եւ կամք, գտնում է նաեւ գոյություն ունեցող խնդիրների լուծման ճանապարհը: Երբեք չի կարելի տրվել հուսահատությանը: Տարիներ շարունակ այս ընտանիքը ջանքեր է գործադրել՝ նվիրական երազանքն իրականացնելու համար: Բարեկամաբար ձեռք մեկնած կազմակերպությունների աջակցության շնորհիվ այսօր դժվարություններն արդեն անցյալում են: Հաճելի է տեսնել, թե ինչպես է եւս մեկ ընտանիք տոնում երկար սպասված բնակարանամուտը»,- ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:



«Այս տարի Լոռու մարզում իրականացվել է կիսակառույց երկու տան շինարարություն: Եվս երեք ընտանիքի համար էլ իրականացվել է տանիքի վերանորոգում: Երջանիկ եմ տեսնել այս ընտանիքի ուրախությունը, որի տուն ունենալու երկարատեւ սպասումը վերջապես ավարտվեց»,- ասել է Հայաստանի «Ֆուլեր տնաշինական կենտրոնի» նախագահ Աշոտ Եղիազարյանը:



Բնակարանաշինության ծրագրի իրականացման համար 2015թ.-ին ՎիվաՍել-ՄՏՍ-ը 100 մլն. ՀՀ դրամի ներդրում է կատարել (2014թ.-ին` 55 մլն. դրամ), իսկ Հայաստանի «Ֆուլեր տնաշինական կենտրոնն» իրականացնում է այն: Այս համագործակցության շնորհիվ 2007թ.-ից մինչեւ տարեվերջ բարեկարգված կամ կիսակառույց տան շինարարությունն ավարտին հասցրած ընտանիքների թիվը կհասնի 93-ի: