Ջարմուշի բանաստեղծությունը

Ջարմուշի բանաստեղծությունը

Ջիմ Ջարմուշի վերջին ֆիլմը՝ «Ողջ կմնան միայն սիրեկանները» (2013թ.), մի քանի ծանրակշիռ պատճառով չէի նայում:



Օրեր առաջ, հաղթահարելով այդ «անչափ» էքզիստենցիալ ու եսապաշտական պատճառները, ի վերջո, խորը շնչելով եւ նույն խորությամբ արտաշնչելով, հարմարվեցի բազմոցին եւ դիտեցի իմ ամենասիրելի ռեժիսորներից մեկի վերջին ֆիլմը:



Ջարմուշն այն բնորոշել է որպես «կրիպտո–վամպիրական սիրային պատմություն»: Եվ երեւի միայն ինքն է լիարժեք ունակ ասելու, թե ինչ նկատի ունի՝ ֆիլմին այսպիսի բնորոշում տալով: Ֆիլմի համաշխարհային պրեմիերան կայացել է Կաննի 66-րդ կինոփառատոնի հիմնական մրցույթի ընթացքում:



Չգիտեմ՝ կինոգետներն ու քննադատներն ինչպես են գնահատել այս ֆիլմը, ինչպես է այն հասկացել հանդիսատեսը, բայց ֆիլմը մինչեւ վերջ դիտելուց հետո պարզ է դառնում, որ Ջարմուշի համար կա միայն Ջարմուշ-ռեժիսորը եւ նրա ֆիլմը, որ պատկերում է արվեստագետի ֆանտաստիկ գիտակցական ազատություն՝ առկա ֆիլմի յուրաքանչյուր կադրի, երանգի, գաղափարի մեջ: Ինձ համար այս ֆիլմի սյուժեն վերապատմելն ուղղակի անհնար է եւ նույնքան անիմաստ: Ֆիլմի գլխավոր գործող անձինք, գլխավոր «մեղավորները»՝ Թոմ Հիդելսթոնը, Թիլդա Սուինթոնը, առաջին րոպեներից սկսած՝ իրենց «խաղով» այնպիսի հիպնոսային տրամադրություն են ստեղծում, որ գրեթե վերափոխում են ֆիլմի պսիխոդելիկ, աննման երաժշտության ներքո մարդկային ճանաչելի գոյությունը, իրականության ու հեքիաթի սահմանագիծը:



Այս ֆիլմը Ջարմուշի բանաստեղծությունն է, իր սիրո ողջ դրսեւորումը համաշխարհային գրականության, երաժշտության հանդեպ, նաեւ ցավը կորուսյալ աշխարհի, ուր մարդիկ (ինչպես գլխավոր հերոսներն են բնորոշում) զոմբիներ չէին, ուր օդի մեջ դեռ շոշափվում էին արարչագործությունն ու անձնականությունը: Ֆիլմը նաեւ հեգնանք է` իբր «նոր» կյանքի, «նոր կրեատիվի» հանդեպ, որ խորքում ամայի ու լքված մի վայր է, ինչպես Դետրոյթ քաղաքը, որի գիշերային փողոցներով շրջում են Ադամն ու Եվան՝ մի տեսակ տխուր ու նուրբ հայացքներով։