Զարյանի եւ Մահարու լռությունը

Զարյանի եւ Մահարու լռությունը

Համարյա կես դար անց արդեն իրենց ամբողջական (ոչ գրաքննված) տարբերակներով լույս են տեսնում Կոստան Զարյանի «Նաւը լերան վրայ» (Երեւան, 2015, «Սարգիս Խաչենց եւ Փրինթինֆո» հրատարակչատուն, աշխատասիրությամբ՝ Երվանդ Տեր-Խաչատրյանի) եւ Գուրգեն Մահարու «Այրվող այգեստաններ» (Երեւան, 2015, «Անտարես» հրատարակչություն, աշխատասիրությամբ՝ Գրիգոր Աճեմյանի) վեպերը: 



Հայ գրականության, հայ վիպարվեստի համար երկու կարեւորագույն գործեր, որոնք սպասում են հետադարձ ընթերցանության, նոր հայացքի՝ թեկուզեւ վերասահմանման ու վերարժեւորման համար: Այնուհանդերձ, լռություն է: Այսօրինակ լռությունը գոնե ինձ այլեւս չի զարմացնում: Իսկ ի՞նչ պիտի լիներ՝ մի քանի բանասիրական, կիսատկար հնաբույր հոդված, մի քանի անհասկանալի բարբաջանք, մի քանի փքուն հայտարարություն ու վերջ… որից հետո գրքերը փաթեթավորելով՝ կարելի է ուղարկել թանգարան ու «առաջ շարժվել»: Պարզ է, որ ոչ Կոստան Զարյանը, ոչ էլ Գուրգեն Մահարին իրենց առանցքային ստեղծագործությունները հայ գրականության պատմության թանգարանի համար չէին գրում կամ բանասիրականի ուսանողների, բայց ժամանակները փոխվել են, ժամանակները նույնը չեն, ինչքան էլ հակառակը պնդեն որոշ դեմագոգներ:



Գրականության կենսականությունն ամիս առ ամիս ռեգրես է ապրում, այն կորցնում է իր ներքին հատկությունը, փոխվում է ընթերցանության բնույթը, որի հետեւանքով փոփոխություն են կրում նաեւ վեպի, պատմվածքի էսթետիկական առանցքը, նրա ուղերձը:



Եթե վաղը Կոստան Զարյանի եւ Գուրգեն Մահարու վեպերն ընթերցողներին կամ, ավելի ճիշտ՝ «գրականության մասնագետներին» հետաքրքրեն միայն վավերագրության համար՝ Զարյանի դեպքում՝ առաջին հանրապետության օրերի պատկերագրությունը, Մահարու դեպքում՝ Վանն իր ողջ լրիվությամբ ու գեղեցկությամբ, հետաքրքրեն միայն գրաքննության պատմության համար՝ թե ովքեր էին գրաքննողները, ի՞նչ հանգամանքներում է տեղի ունեցել եւ ինչու... սա մեր հին եւ նոր գրականության համար իսկական ողբերգություն կլինի, քանի որ, կրկնում եմ՝ գրականության արտաքին եւ ներքին ինքնավարության սահմանագիծն այլեւս խախտված է: Իհարկե, եւ Զարյանի «Նաւը լերան վրայ», եւ Մահարու «Այրվող այգեստաններ» վեպերը հարուստ են քաղաքական, գաղափարաբանական համատեքստերով, որ նրանց դարձնում է ավելի-ավելի վիճարկելի, ավելի ուսումնասիրելի… Սա հաշվի առնելով՝ անչափ վտանգավոր է դառնում վեպերի կանխակալ ընթերցանությունը, թե, ահա, Մահարին Դաշնակցության հետ անձնական հաշիվներ ուներ, Զարյանը տեղ-տեղ օրիենտալիսի ու քաղքենու դիրքերից է խոսքում եւ այլն… Գերիշխանություն ձեռք բերող հարցեր, որոնք կարող են լռեցնել եւ լռեցնում են վեպերի կարեւորագույն հիմնանյութը՝ լեզուն, կառույցը, փոխաբերությունները, առնչակցությունները հայ եւ համաշխարհային վիպարվեստին: Նաեւ կա մեկ այլ մեծ վտանգ՝ վեպերի մասին պոպուլիստական հայտարարությունները, թե այս գործերը հայի ինքնության վերահաստատմանն ու ազգային արժեքները գնահատելուն, պահպանելուն են միտված: Այո, ասենք՝ այդպես է, բայց անդադար սրանց էժանագին ընդգծումն ու թմբկահարումը, վերջիվերջո, մասնատում են վեպերի ողջ փիլիսոփայությունը՝ բավարարելով շինծու ազգամոլության բութ քիմքը:



Մինչեւ ետնաբեմերում ու բեմերում վեպեր ունենալուց հետո վեպ չունենալու շշուկներ են տարածվում, մինչեւ Զարյանի ու Մահարու վեպերը մասնավոր, տանիքից զուրկ, անջիղ բնորոշումների են արժանանում, նրանք են լռելու, ոչ թե մենք… եւ այդ լռությունը խոսքով չես կասեցնի…