Համադրելով վիրտուալ և պատրանքային տարածությունները

Համադրելով վիրտուալ և պատրանքային տարածությունները

Երիտասարդ դիզայներ Քրիստինե Աբրահամյանի (http://christinabrahamyan.am/) նախագիծը 2-րդ տեղն է գրավել վերջերս Տոկիոյում կայացած ճարտարապետական դիզայնի միջազգային մրցույթում, ինչի առիթով զրուցեցինք նրա հետ․



-Քրիստինե, Տոկիոյի ճարտարապետական դիզայնի միջազգային մրցույթում 2-րդ տեղն եք գրավել, կխնդրեի նախ մի քիչ պատմել մրցույթի մասին, քանի՞ երկիր էին մասնակցում, մրցակցության ինչպիսի՞ պայմաններ էին եւ ինչո՞վ է առանձնահատուկ այդ մրցույթը։



- Central glas մրցույթը ամենամյա միջազգային մրցույթ է, անց է կացվում 1966 թ.-ից և սկսած 1976 թ.-ից` դարձել է միջազգային: Մրցույթին ներկայացվել է մոտ 160 նախագիծ, ավելի մանրամասն արդյունքներն ավելի ուշ կհրապարակվեն մրցույթի կայքում: Այն անց է կացվում 2 փուլով: Առաջին փուլի ընթացքում ընտրվում է 7 նախագիծ եզրափակիչ փուլում ներկայացնելու համար, որից հետո մասնակիցների և արարողությանը ներկա հանդիսատեսի ներկայությամբ ժյուրիի կողմից բաց քննարկման ընթացքում հրապարակվում են արդյունքները: Նախագծերի ներկայացման արարողությունը տեղի ունեցավ Տոկիոյում: Բոլոր նախագծերն էլ բավականին հետաքրքիր էին և նորարարական։ Ժյուրիի անդամները մոտ 2 ժամ քննարկումից հետո կատարեցին վերջնական եզրահանգումներ: Այս մրցույթը հետաքրքրական է հատկապես նրանով, որ այն ուղղված է միանգամայն նոր տեխնոլոգիաների, նոր գաղափարների և լուծումների առաջադրմանը թե ներկա և թե ապագա ճարտարապետական միջավայրի ձևավորման մեջ: 



-Թեման եղել է ապակին ճարտարապետության մեջ, ինչքանո՞վ էր Ձեզ համար բարդ մոտենալ այդ խնդրին եւ ինչպիսի՞ լուծում եք տվել Ձեր աշխատանքում։



-Այո, մի փոքր ավելի մանրամասնեմ, թեման` բացահայտել ապակու և ճարտարապետության համադրման  նոր ձևեր, տեխնոլոգիաներ և ֆունկցիաներ, որն ուղղված կլինի մարդ-միջավայր հարաբերության բարելավմանն ու կատարելագործմանը: Թեման այնքանով էր բարդ, որ ապակին, նամանավանդ վերջին տասնամյակներում, բավականին հետաքրքիր և նոր դրսևորումներ ունի թե որպես առանձին նյութի և թե ճարտարապետության մեջ կիրառման ձևերի առումով: Իմ նախագիծը ներկայացնում է ֆիզիկական նոր հատկություններ ունեցող ապակե կառուցվածք, որը բաղկացած է մանր կտորներից, և արտաքին որոշակի ազդակների շնորհիվ այդ կտորները հնարավորություն ունեն ձևափոխվելու` առաջացնելով բացվածքներ, այսպիսով առաջադրելով օդափոխության իրականացման նոր տարբերակ: Միևնույն ժամանակ կտորները փոփոխական են. կարելի է օգտագործել ապակու տարբեր տեսակներ` ներառյալ էկրան-ապակի, հայելային ապակի և այլն, արդյունքում ստանալ նոր տեսակի միջավայր` համադրելով վիրտուալ և պատրանքային տարածությունները: 



-Ի՞նչ նոր հնարավորություններ է ընձեռում այս մրցույթը թե հաղթողներին եւ թե մասնակիցներին։



-Ընդհանրապես նմանատիպ մրցույթներն առաջին հերթին մեծ հնարավորություն են ընձեռում  ազատ ստեղծագործելու, նոր մտքերն ու գաղափարները  ներկայացնելու ավելի լայն մասշտաբներով, որն էլ իր հերթին պոտենցիալ հնարավորություն է ստեղծում այդ գաղափարներն ինչ –որ ճանապարհներով իրականացնելու ապագայում։ Կամ եթե նույնիսկ հնարավոր չէ իրականացնել, այնուամենայնիվ դրանք ունենում են իրենց փոքր կամ մեծ ազդեցությունը, կախված նախագծի որակական արժեքից, ապագայի ճարատարապետա-դիզայներական միջավայրի ձևավորման վրա: