Չեմ ուզում, որ կրկնվի այն, ինչը կատարվեց անցյալ դարի 60-80-ականներին

Չեմ ուզում, որ կրկնվի այն, ինչը կատարվեց անցյալ դարի 60-80-ականներին

Երբ կարդացի Արամ Պաչյանի հոդվածը վերջին տարիների թարգմանական, հիմնականում գեղարվեստական գրականության աշխուժացման մասին, շատ ուրախացա, որովհետեւ արդեն շուրջ երկու տասնամյակ է, որ այդ ոլորտը բավականին ամայացել է: Անմիջապես հիշողությանս մեջ արթնացան հայ թարգմանական գրականության անցած ուղին, դրա դերը հայ մշակույթի զարգացման գործում: Քիչ ժողովուրդներ են ունեցել թարգմանչական շարժում, թարգմանչաց տոն: Ընդ որում՝ թարգմանչաց տոնը հայերը նշում են երկու անգամ, որոնցից մեկը նվիրված է Սահակ Պարթեւին եւ Մեսրոպ Մաշտոցին, մյուսը` նրանց հետեւորդներին ու շարունակողներին: Հիրավի հպարտանալ կարելի է, բայցեւ միաժամանակ պարտավորեցնող է: Թարգմանական գործը հեշտ գործ չէ, այն արվեստ է, որին ամեն թարգմանիչ չէ, որ տիրապետում է, այն լուրջ մասնագիտություն է, որ պետք է սովորել եւ հմտանալ: 5-րդ դարում կատարված առաջին թարգմանությունները, սկսած Աստվածաշնչից, հայ մշակույթը եւ գիտությունը հասցրին այնպիսի կատարելության, որը մինչ օրս շարունակում է անխափան ծառայել հայոց լեզվի, մշակույթի եւ գիտության զարգացմանը: Այս մասին կարելի է շատ ընդարձակվել, հիշել հունական դպրոցը, Մխիթարյաններին, Մասեհյանին եւ այլոց, բայց առայժմ սահմանափակվենք այսքանով:



Գրիչ վերցնելս այլ պատճառ ունի. ես չեմ ուզում, որ այսօր կրկնվի այն, ինչ կատարվեց անցյալ դարի 60-80-ական թթ.: Բանն այն է, որ 50-ական թվականներին, երբ ես արդեն նոր սկսել էի ընթերցել առաջին թարգմանական գրքերը (Ժ. Վեռն եւ այլք), դրանք այլ որակի էին, համեմատած ավելի ուշ տարիների կատարված թարգմանությունների հետ:



Թարգմանության այդպիսի բարձր մակարդակը պայմանավորված էր այն հանգամանքով, որ 20-30-ական թթ. թարգմանիչները սովորել էին այնպիսի հայկական դպրոցներում, ինչպիսիք են Գեւորգյան ճեմարանը, Թիֆլիսի Ներսիսյան դպրոցը, Նոր Նախիջեւանի դպրոցը, որոնք ապահովում էին առաջին հերթին հայեցի բարձրորակ կրթություն: Այդ դպրոցների շրջանավարտները հետագայում կրթվել են եվրոպական համալսարաններում, եւ, բնականաբար, նրանց թարգմանությունները համապատասխանում էին հայերեն լեզվամտածողությանը եւ դրանով իսկ հիմք դրեցին ոչ միայն գեղարվեստական, այլեւ մասնագիտական գրականության զարգացմանը: Սկսած 60-ական թթ.՝ մեզանում հրատարակվեցին շատ մեծ քանակությամբ թարգմանություններ, որոնցից շատերն ունեին մի ընդհանուր թերություն. օտար հեղինակները հիմնականում թարգմանվում էին ռուսերենից: Խոսքս չի վերաբերում մի քանի նվիրյալների, օրինակ` Խ. Դաշտենցին, Գ. Քեշիշյանին: Բանն այն է, որ կատարվող թարգմանությունների շատ հեղինակներ գուցեեւ լավ էին տիրապետում ռուսերենին, բայց կատարելապես չէին տիրապետում հայերենին:



Դրանք ռուսական դպրոց ավարտած, բարձրագույն պաշտոններ զբաղեցնող մարդիկ էին, որոնց հայերենի իմացությունը սահմանափակված էր խոսակցական լեզվով եւ ժարգոնով:



Եվ հենց նրանք էին, որ կարող էին ստանալ բարձրագույն պաշտոնները: Այս ամենը շեշտում եմ, որովհետեւ այն ժամանակ թարգմանությունը բավական բարձր էր վարձատրվում եւ օրինական ճանապարհով գումար աշխատելու լավ ձեւ էր, իսկ թարգմանության պատվերները սահմանափակ էին, եւ դրանցից կարող էին օգտվել հիմնականում բարձրաստիճան պաշտոնյաները: Ահա, այդ մարդկանց անգրագետ, ոչ հայերեն, հաճախ զուտ բառացի թարգմանությունների պատճառով հայոց լեզուն ողողվեց ռուսական լեզվական կաղապարներով` բանը նրանում է, խոսքը գնում է, Պլատոնի մոտ, հանդիսանում է, կայանում է նրանում, իրենից ներկայացնում է, նա իր ափսեում չէ, ուրախություն, հպարտություն… ապրեցի… որոնք, դժբախտաբար, այսօր էլ մնացել են տիրապետող մեր թե առօրյա, թե գրավոր խոսքում: Մյուս խոշոր թերությունը, որ աչք է զարնում` տառադարձման խնդիրն է, այսինքն` օտար լեզվի որ տառին կամ հնչյունին հայերեն ինչ է համապատասխանում եւ հակառակը: Քանի որ սովետական հայ մարդու իմացած օտար լեզուն հիմնականում ռուսերենն էր, բոլոր օտար լեզուներից վերցված բառերը հայերեն տառադարձվում էին դրանց ռուսերեն ձեւից: Այսպես, Դանեմ-ը դարձավ Դանիա (հիշենք Մասեհյանի «Համլետում»` Դանեմ արքա), Տեքսաս-ը` Տեխաս, Կիկերոն-ը` Ցիցերոն, Լութեր-ը` Լյութեր (այս առնչությամբ նշեմ, որ հայ մատենագիտության մեջ դարեր շարունակ եղել է Կիկերոն, Լութեր)…: Բերված օրինակներից ակնհայտ է դառնում, որ ռուսաց լեզվի տիրապետության շրջանում մենք կորցրինք մեր ունեցածը եւ սկսեցինք հորինել նույնի ռուսական ձեւը, որը, անշուշտ, չէր համապատասխանում բնագրերին:



Այլ կերպ ասած՝ խզվեց ժառանգականությունը հնի ու նորի միջեւ: Ինչպես կարելի է դատել ներկայիս տիրող դրությունից (հատկապես դա երեւում է համատարած գովազդացավից), տառադարձման մասին շատերը պատկերացում չունեն, եւ ուզում եմ նրանց բոլորին հիշեցնել, որ ժամանակին Տերմինաբանական կոմիտեն ընդունել է տառադարձման կանոններ, որոնք դեռեւս ուժը չեն կորցրել: Ուզում եմ հիշեցնել նաեւ, որ անգլերենը, ֆրանսերենը եւ մյուս լեզուները նույնպես առաջնորդվում են տառադարձման կանոններով եւ երբեք հունարեն թետա-ի փոխարեն չեն գրի t, այլ անպայման th, իսկ հայերը, օրինակ, Շանթ-ի թ-ն անգլերեն գրելիս պետք է նույնպես գրեն th: Տառադարձման մասին խոսելիս չեմ կարող չհիշատակել Հայկական հանրագիտարանի 12 հատորը, որոնցում շտկվել են հազարավոր բառերի, հասկացությունների, տերմինների (եզրույթների) հայերեն գրելաձեւերը, եւ, որ ամենակարեւորն է, դրանք այսօր էլ մնում են ճիշտ գրելաձեւեր, սակայն, չգիտես ինչու, դրանցից չենք օգտվում: Բայց, ինչպես ասում են, ինչ եղել՝ եղել է, խնդիրն այն է, թե ինչպես շտկել, եւ այդ գործում մեծ է պրոֆեսիոնալ թարգմանիչների դերակատարությունը:



Վալերի ՊՈՂՈՍՅԱՆ



ՍԴ խորհրդական, փիլիսոփայական գիտությունների թեկնածու