Վերանայել խարդավանքներով լի պայմանագիրը

Վերանայել խարդավանքներով լի պայմանագիրը

Արդեն պարզից էլ պարզ է, որ տարեսկզբին ղարաբաղյան չեզոք գոտում խոցված հայկական ուղղաթիռն ու ռուսական СУ-24 ինքնաթիռը թուրք-սիրիական սահմանի մերձակայքում խփելն (չնայած տարբեր իրադրություններին) ուղղակի ղեկավարվել է նույն կենտրոնից եւ խնամքով մշակված ծուղակ է եղել: Անգամ վաղօրոք նախատեսված տեսանկարահանումներն էին նույն տեխնիկայի ու ձեռքի արդյունք: Մի դեպքում օդաչուները կատապուլտի հնարավորություն չունեին` զոհվեցին ուղղաթիռի մեջ, մյուս դեպքում կատապուլտ արվեց, եւ, ցավոք, արյան ծարավ թուրք իսլամիստները վայրենաբար ոչնչացրին հենց օդում: Այն էլ ասեմ, որ շատ չնչին տարբերություն կար Քադաֆիի սպանության եւ փրկություն որոնող СУ-24-ի օդաչուների ոչնչացման միջեւ:



Ես ծառայել եմ ավիացիոն գնդում, եւ բոլոր կանոններով արգելվում է օդում փրկություն որոնող (անգամ թշնամական) օդաչուին խփելը: Նման բան միայն գերմանացի ֆաշիստներն են արել, այն էլ` ոչ միշտ: Ես մեկ անգամ չէ, որ ասել եմ. «100 տարի անցնի, թե 200 հարյուր, միեւնույն է, թուրքը չի փոխվելու»: Սրով է, թրով է, խաբելով է, տեռորով է, նա միայն ու միայն մի նպատակ է հետապնդում` ստեղծել թուրանական, պանիսլամական պետություն` սկսելով Փոքր Ասիայից եւ ձգվելով մինչեւ չինական պարիսպներ եւ դեռ մի բան էլ ավելի: Իսկ այսօրվա «Իսլամական պետություն» ասվածը ոչ այլ ինչ է, քան այդ գաղափարի կամ, ավելի ճիշտ, Օսմանյան կայսրության վերականգնման սկիզբ: Եվ այդ խելացնոր գաղափարի ճարտարապետը հենց ինքը` Էրդողանն է եւ նրա վարած քաղաքականությունը: Ամիսներ առաջ, երբ աշխարհի առջեւ օրը ցերեկով նա, իբրեւ թե 40 թուրք գերիների փրկագին տալու պատրվակով, 40 տանկ ուղարկեց, այսպես կոչված, «Իսլամական պետությանը», ոչ մի երկիր ծպտուն անգամ չհայտնեց, թե էս ինչ եք անում: 



Ամիսներ առաջ, երբ աշխարհի առջեւ, օրը ցերեկով թուրք ասկյարները Նոր Ջուղայի խաչքարերն էին բարբարոսաբար ոչնչացնում ու ջարդոտում, ձայն հանող երկիր չկար: Ու ի՞նչ… Անպատժելիությունը վառ օրինակ դարձավ, որպեսզի «Իսլամական պետությունը» Սիրիայում ոչնչացնի քաղաքակրթության բազմաթիվ մշակութային կոթողներ:
Ասելիքս այն է, որ մեզ մեղադրող Ադրբեջանը հենց ինքն է տեռորիստական գաղափարակիրը։



Հարց է ծագում` տարբեր երկրներում պիտի տեռո՞ր լիներ, որ նոր միայն արձագանքեին: Ապշեցուցիչ է, որ աշխարհի 20 հզոր երկրների գագաթնաժողովում նույն Էրդողանն Ալիեւին հրավիրում է, նստեցնում իր կողքը, եւ նա հակահայկական լպիրշ քարոզչություն է անում, իսկ մեծամեծ առաջնորդներից ոչ մեկը չի ասում, թե` պարոն Էրդողան, սա ի՞նչ գործ ունի այստեղ: Եթե այդպես է, ուրեմն աշխարհի գործերը հիմա շատ խառն են: Նմանօրինակ դեպք միայն Թուրքիայում չէ, որ տեղի ունեցավ…



Ամբողջ պատմությունը լեփլեցուն է ռուս-թուրքական անտես ու տեսանելի պատերազմներով: Երբեք չպետք է մոռացության տալ Էրդողանի այն արտահայտությունը, որ թուրքերս ու ադրբեջանցիներս նույն ժողովուրդն ենք, միայն` երկու տարբեր պետություններով:



Եզրահանգում: Ժամանակն է, որ Պետդումայի կողմից վերանայվի 1921 թվականի մարտի 5-ի ռուս-թուրքական (լենինյան, բարեկամություն հորջորջվող) պայմանագիրը եւ չեղյալ հայտարարվի: Խարդավանքներով լեցուն այդ պայմանագիրը միայն ու միայն, այսպես կոչված, «Իսլամական պետության» կամ, ավելի ճիշտ, Օսմանյան կայսրության կազմավորման արդի շահերից է ելնում: Այս պայմանագիրը ստորացուցիչ մի փաստաթուղթ է, որը հնարավորություն է ընձեռում Թուրքիային միշտ նախահարձակ լինել եւ այն էլ` թիկունքից:



Ռոբերտ ՄԱԹՈՍՅԱՆ