Եթե եղել են ընտրախախտումներ, իրավապահները կքննեն. Վարչապետ Հովիկ Աբրահամյանը Գյումրիում էր

Եթե եղել են ընտրախախտումներ, իրավապահները կքննեն. Վարչապետ Հովիկ Աբրահամյանը Գյումրիում էր

Դեկտեմբերի 7-ին Գյումրիում էին ՀՀ վարչապետ Հ. Աբրահամյանը եւ Տարածքային կառավարման ու արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը: Ժամը 12-ին մարզպետի եւ քաղաքապետի ուղեկցությամբ վարչապետն ու նախարարը ծաղկեպսակ դրեցին երկրաշարժի անմեղ զոհերի հիշատակին կառուցված հուշակոթողի մոտ: Վարչապետի այցը հարմար առիթ էր լրագրողների համար՝ անդրադառնալու դեկտեմբերի 6-ի սահմանադրական ընտրություններին եւ դրա արդյունքներին: Դատելով Հ. Աբրահամյանի ինքնավստահ կեցվածքից՝ կարելի էր մտածել, որ չնայած Գյումրիում « ոչ»-ը խոշոր ցուցանիշով հաղթանակեց, այնուամենայնիվ մարզի արդյունքներից վարչապետը դժգոհ չէր: Այն, որ այս ընտրություններն էլ արդար եւ թափանցիկ չէին, վարչապետը դիտողության հետ համաձայն չէր. «Ես չեմ կարծում, որ այդպես էր, իսկ եթե եղել են ընտրախախտումներ, դեռ ժամանակ կա, իրավապահները թող քննեն: Ես ասել եմ՝ իշխանություններին արջի ծառայություն մատուցել պետք չէր, եթե եղել են նման մարդիկ, կպատժվեն»,-ասաց վարչապետը:



Իսկ հարցին, թե ինչ վերաբերմունք ունի Գյումրու հանդեպ, քանի որ Գյումրին նոր սահմանադրությանն ասաց՝ ոչ, վարչապետը պատասխանեց. «Յուրաքանչյուր քաղաքացի ինքն է ոոշում՝ այո, թե ոչ»: Վարչապետի պատասխանից կարելի էր ենթադրել, որ այս դեպքում իրենց համար կարևորը մարզի արդյունքներն էին, ինչը գոհացուցիչ էր: Հ. Աբրահամյանն այնուամենայնիվ չպատասխանեց, թե Գյումրի քաղաքի եւ նրա իշխանության հետ ինչպես են վարվելու:



Մարզպետ Ֆելիքս Ցոլակյանն ընտրության ընթացքը նորմալ գնահատեց, մարզի արդյունքները մարզպետին, համենայնդեպս, գոհացնում են: Քաղաքապետ Ս. Բալասանյանը ձեռնպահ մնաց, որևէ կարծիք եւ տեսակետ հայտնելուց, միայն նշեց, որ առջևում տարեվերջյան մամլո ասուլիսն է, բոլոր հարցերն ու պատասխաններն այդ ընթացքում:



Նշենք, որ ըստ նախնական տվյալների՝ Շիրակի մարզում արձանագրվել է հետեւյալ պատկերը. 49371՝ այո, 40447՝ ոչ: Իսկ Գյումրիում «այո»-ն խայտառակ պարտություն է կրել. 16625 այո, 21895՝ ոչ:



Արեւիկ Հակոբյան, Գյումրի