Արտաքին քաղաքական իրադարձություններն առնչվում էին ՀՀ-ի շահերին. Ռուբեն Մեհրաբյան

Արտաքին քաղաքական իրադարձություններն առնչվում էին ՀՀ-ի շահերին. Ռուբեն Մեհրաբյան

Քաղաքագետ, Քաղաքական եւ միջազգային հետազոտությունների հայկական կենտրոնի տնօրեն Ռուբեն Մեհրաբյանը կարծում է, որ անցնող՝ 2015թ. չափազանց հարուստ էր արտաքին քաղաքական իրադարձություններով, որոնք ուղղակիորեն առնչվում են ՀՀ-ին եւ նրա շահերին։ Ըստ նրա՝ անցնող տարին նախորդ տարվա տրամաբանական շարունակությունն է։



Նա առանձնացնում է ՀՀ-ի պետական սահմանին, Լեռնային Ղարաբաղի սահմանին, հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցան միջադեպեր, որոնք առաջացրեցին լարվածություն, ոչ թե քայլ կատարեցին դեպի խաղաղություն։ Ռուբեն Մեհրաբյանի կարծիքով՝ ուշագրավ էր նաեւ, որ 2013թ. սեպտեմբերի 3-ի «վթարից» հետո Հայաստանն, այնուամենայնիվ, կարողացավ նոր ձեւաչափի հարաբերություններ հաստատել Եվրամիության հետ, որոնք Հայաստանի համար ստեղծում են նոր հնարավորություններ։



Քաղաքագետը կարեւորում է նաեւ, որ ավարտվեցին ռուս-թուրքական, մասնավորապես՝ Պուտին-Էրդողան հարաբերությունները,եւ դրանք ավարտվեցին երկու նեոկայսրական պետությունների ամբիցիաների բախումով։ Եվ այդ պատմության մեջ ուրվագծվում էր, որ Հայաստանը կարող է դառնալ այդ բախումների թատերաբեմ։ Քաղաքագետն ուշադրություն է հրավիրում, որ ԱՄՆ սենատը ընդունեց Սերգեյ Մագնիտսկու ակտը, որի համաձայն՝ ցուցակի մեջ են մտնելու կոռուպցիոն համակարգերի ներդրման, ընտրությունների կեղծման, առանց դատարանների որոշման մահապատիժների, բռնությունների եւ այլ խախտումների մեջ մեղադրվող անձինք։  Ցավոք, ըստ մեր զրուցակցի, այս ակտը համապատասխան ուշադրության չարժանացավ ԶԼՄ-ներ կողմից։



Ինչ վերաբերում է Ցեղասպանության 100-ամյա տարելիցի առթիվ կազմակերպված միջոցառումներին, ապա այս տարի, ըստ քաղաքագետի, առիթ եղավ հիշեցնելու աշխարհին եղեռնազոհ հայ մտավորականների, քաղաքական գործիչների մասին եւ այն մասին, թե ինչ է տեղի ունեցել։ Խոսելով  ՀԱՊԿ գագաթնաժողովում Սերժ Սարգսյանի ելույթի մասին՝ Ռուբեն Մեհրաբյանը կարծիք հայտնեց, որ այդ ելույթով փորձ է արվել ճշտելու, թե ովքեր են Հայաստանի դաշնակիցները, եւ ովքեր՝ հակառակորդները։



Թագուհի Հակոբյան