Միայն արդարադատության նախարարը չէ երկրում արդարության մթնոլորտի կերտման համար պատասխանատու

Միայն արդարադատության նախարարը չէ երկրում արդարության մթնոլորտի կերտման համար պատասխանատու

Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանն այսօր լրագրողների հետ հանդիպեց և ամփոփեց իր պաշտոնավարման 100 օրն ու նաև տարին, քանզի դրանք այս դեպքում համընկան ժամանակային առումով։



Նա ոլորտ առ ոլորտ ներկայացրեց, թե ինչ է արել նախարարությունն այս տարի, այդ թվում՝ իր պաշտոնավարման երեք ամիսների ըթնացքում, խոսեց օրենսդրական ոլորտում իրենց կատարած աշխատանքի, մշակած նախագծերի մասին։ Կատարված աշխատանքները հակիրճ և ամփոփ ներկայացնելուց հետո նախարարը պատասխանեց լրագրողների հարցերին։



Առաջին և այս ոլորտի հետ առնչվող թերևս հիմնասյունային հարցերից մեկը, որը մշտապես օդում առկախված վիճակում է, հետևյալն էր՝ Հայաստանում արդարադատություն կա՞, թե՞ ոչ։



«Արդարադատություն Հայաստանի Հանրապետությունում կա, բայց այդ արդարադատությունը շատ խնդիրներ ունի, և այդ արդադատության կերտման համար մեզանից յուրաքանչյուրը պատասխանատու է՝ թե՛ ես, թե՛ դուք։ Միայն արդարադատության նախարարը չէ երկրում արդարության մթնոլորտի կերտման համար պատասխանատու։ Սա ուզում եմ հատուկ ընդգծել»,-ասաց նա՝ նորից շեշտելով, որ մեզանից յուրաքանչյուրը դրա համար պատասխանատու է։



Նա նաև նշեց, որ մենք իրականում այս երկրում կհաջողենք, երբ յուրաքանչյուր մարդ զբաղվի իր գործով։ Սա ասաց՝ նկատի ունենալով այն, որ ցմահ դատապարտյալները հացադուլ են անում՝ արդարադատության նախարարից պահանջելով բաներ, որոնք, ըստ նրա, ԱՆ լիազորությունների շրջանակում չեն, այդ թվում՝ իրենց դատական գործերի վերաբացումը։



«Արդարադատության նախարարությունը պատժի կրման պայմանների համար է պատասխանատու։ Քրեակատարողական հիմնարկները պատժի կրումն են ապահովում։ Դատական գործերի վերաբացման ինստիտուտի հետ կապված որևէ լիազորություն արդարադատության նախարարը չունի։ Սա հատուկ եմ ուզում շեշտել»,-նշեց Արփինե Հովհաննիսյանը՝ ընդգծելով, որ արդարադատության նախարարից պահանջում են մի բան, որը ինքը իրավունք չունի անելու, անելու դեպքում էլ հակաիրավական է լինելու։



Վահե ՄԱԿԱՐՅԱՆ