Ի՜նչ Ձմեռ պապ, ինչ նվեր

Ի՜նչ Ձմեռ պապ, ինչ նվեր

Ազգային ժողովի Հանրապետական պատգամավոր, «ՄԱՊ» ընկերության սեփականատեր Ալիկ Պետրոսյանը Նոր Տարին դիմավորել է Հայաստանում։ Պատգամավորը վստահեցնում է, որ երբեք ինքը «դուբայներում» ու արտերկրում այս տոնը չի դիմավորել։ Ինչո՞ւ, որովհետեւ նա իշխանությունների «ընտրյալների» ցուցակում չէ ու չի կարող իրեն առանձնակի «շքեղություն» թույլ տալ․«Չէ, չէ, ամեն մեկն ինքը գիտի ոնց, որտեղ, ես սիրում եմ Հայաստանում, մեր ավանդական սեղանի շուրջ, ընտանիքով, ընկերներով, բարեկամներով», Hraparak.am-ի հետ զրույցում ասաց Պետրոսյանը։



Պատգամավորին ոչ մանկության տարիներին ու ոչ էլ հիմա Ձմեռ պապ չի այցելել, նրանից սպասելիքներ չունի․«Մեր վախտով ի՜նչ Ձմեռ պապ, ինչ նվեր, հաց, պանիր, կանաչի դնում Նոր տարի էինք անում։ Երբեք Ձմեռ պապ ինձ չի այցելել, հիմա էլ ոչ մի բան չեմ ուզում Ձմեռ պապից»։ Պատգամավորին հիշեցրեցինք, որ անցնող տարում ինքն էլ էր տնտեսական ոչ այնքան արդյունավետ քաղաքականության ու իր գործերի վատ լինելու մասին երբեմն բարձրաձայնում։ Ձմեռ պապուց երկրի վիճակի բարելավում էլ չեք ուզում․«Դե էս լավ օրով վատ բաների մասին չխոսենք։ Լավ կլինի, թող համերաշխություն, խաղաղություն լինի, մնացածն էլ կլինի»։ Իսկ Ձյունանուշներ այցելե՞լ են․«Չէ, չէ, երեխաներն են նրանց սպասում, ես Ձյունանուշիկի էլ չեմ սպասել երբեք»։