Ի՞նչ օգուտ այս մարդկանց՝ ոտքը ջարդելու կամ ձյան տակ մնալու մեջ

Ի՞նչ օգուտ այս մարդկանց՝ ոտքը ջարդելու կամ ձյան տակ մնալու մեջ

Տարին Հանրապետականնների համար վատ է մեկնարկել։ Կապիկի տարում ՀՀԿ-ի բախտը ոնց որ թե չի բերում։ Էս տեմպերով որ գնա, կուլմինացիան երևի իշխանությունից հեռանալը լինի (ընդդիմության աչքը լույս):



Նախ 2016-ի երկրորդ օրն իսկ լուր տարածվեց, որ Կրթության ու գիտության նախարար, ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ոտքը կոտրել է, տեղափոխվել հիվանդանոց ու ենթարկվել վիրահատության։ Այսօր էլ իմացանք, որ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը մի քանի պատգամավորների հետ Գեղարքունիքի մարզում հայտնվել է ձնաբքի մեջ՝ մնալով ձյան տակ։ Իհարկե, հետո ամենահաս փրկարարները հասել են օգնության և ազատել նրանց ավտոշարասյունը ձյան ճիրաններից։ Այս երկու անհաջող լուրերը, սակայն, հասարակության մի շերտ եղավ, որ ավետիսի պես ընդունեց և ցավակցելու փոխարեն աչքալուսանք տվեց․ «Աշոտյանը ոնց տարին սկսել ա, էնպես էլ շարունակի», «էս տարվա սկիզբը խոստումնալից ա. Սկզբում Աշոտյան, հետո՝ Գալուստ», «Լավ լուրեր ա, որ լսում ենք», «Մի հատ լավ նորություն ունեմ, մի հատ վատ։ Լավն էն ա, որ Աշոտյանը աշոտյան լինելուց ընկել ոտը ջարդել ա, վատն էն ա, որ գլուխը չի ջարդել։ Շնորհակալություն Տարոն Պարոն Մարգարյանին» և այսպես շարունակ։



Ի պատասխան՝ ՀՀԿ-ի երիտթևը, Աշոտյանի ֆանատներն ու, առհասարակ, տարատեսակ «բարի մարդիկ», որոնց մեջ «ընդհանրապես չարություն ու մաղձ չկա», սկսեցին փնովել իշխանավորների անհաջողությունների վրա չարախնդողներին ու քննադատել նրանց պահվածքը, թե «ինչու՞ եք այդքան չար»։ Աշոտյանն էլ, հիվանդասենյակում ջարդած ոտքով պառկած՝ պլանշետով մտել ֆեյսբուք ու մի կողմից «ի բարօրություն իրեն ու իր ֆանատների»՝ ավետել է, թե ինքն արդեն լավ է, մյուս կողմից էլ «ի տապալումն թշնամյաց»՝ հեգնել, թե ոտքի կոտրվածքը բուժելի է, անբուժելի է ոմանց ուղեղանյութի ինքնահրկիզումը։ Այս՝ ահագին բարդ-մասնագիտական ձևակերպումից հետո էլ մասնագիտությամբ բժիշկ ԿԳ նախարարն իր ջարդած ոտքը նյուզմեյքեր է համարել, վաղն էլ երևի գումար կպահանջի կայքերից՝ իր ոտքի կոտրվածքների հաշվին «քլիք» հավաքելու համար։



Եվ, իսկապես, նրանք ճիշտ են։ Ախր ի՞նչ օգուտ կա Աշոտյանի՝ ոտքը ջարդելու կամ Գալուստ Սահակյանի՝ ձյան տակ մնալու մեջ։



Պատկերացնու՞մ եք՝ Աշոտյանը տարին կլոր ոտքը ջարդած մնա։ Իսկ ո՞վ է, այդ դեպքում, գնալու աշխատանքի ու ԿԳ նախարարի աթոռին նստած՝ էլի անի այնպես, որ մենք էլի դժգոհ մնանք նրա աշխատանքից, էլի բողոքենք Հայաստանում համատարած կրթության «հերն անիծելու» համար։ Կամ էլ ու՞մ ենք մեղադրելու փետրվարյան հին «մեղքերի» մեջ, բա ո՞վ է պետբյուջեից մեկ միլիարդ դրամ դուրս գրելու դպրոցներում կրթական ծրագիրը չգիտես ինչու «Այբ»-ացնելու համար, և, ի վերջո, Հ1-ով էլ ո՞վ է «անաչառ» ու «հավասար» քաղաքական «Եռանկյունի» վարելու և տակից իշխանություններին գովելու, ընդդիմությանը գցելու։ Եվ այսպես շարունակ․․․



Կամ որ Գալուստ Սահակյանը մնար ձնաբքի տակ ու դուրս չգար, պատկերացնու՞մ եք՝ ԱԺ նիստերն առանց նրա մտքերի։ Կամ նա որ չլինի, ո՞վ պիտի Զառայի խոսափողը այդպես «ջանադիր» անջատի, Շարմազանո՞վը։ Բա Շարմազանովի ու Գալուստի անջատած խոսափողը մե՞կ է։



Կամ լավ, ասենք թե ՀՀԿ-ն իր ողջ կազմով՝ կանանց խորհրդով հանդերձ, միաժամանակ և՛ ոտքերը ջարդեն, և՛ մնան ձնաբքի տակ, էդ ջարդած ոտքով ու ձյան տակ թաղված ՀՀԿ-ական «ռեժիմին» ընդդիմությունը ո՞նց է հեռացնելու իշխանությունից։ Կամ էլ ումի՞ց ենք ազգովի դժգոհելու, մեր բոլոր պրոբլեմները, այդ թվում՝ փնթփնթան սկեսուր կամ խառնակիչ զոքանչ ունենալու խնդիրը ու՞մ վրա ենք բարդելու, էս խեղճ ու կրակ, մասնատված ընդդիմությա՞ն, որ դեռ ամառվանից է «կոտրել ոտքն ու մնացել ձյան տակ»։ Այնպես որ, մի քիչ էլ վաղվա օրվա մասին մտածեք, ինչպես ասվում է «Մեր բակը» ֆիլմում։



Հ․Գ․ Մի «լավ» նորություն էլ։ Քիչ առաջ իմացանք, որ Վանաձորի ՀՀԿ-ական քաղաքապետի դեմ Ամանորի նախաշեմին արդեն երկրորդ քրեական գործն են հարուցել։



Վահե ՄԱԿԱՐՅԱՆ