Երվանդ Զախարյանի ղեկավարած համակարգը սպառել է քաղաքացիների վստահության լիմիտը

Երվանդ Զախարյանի ղեկավարած համակարգը սպառել է քաղաքացիների վստահության լիմիտը

Երվանդ Զախարյանի ղեկավարած համակարգի համար 2015 թվականը բուռն էր և իրադարձություններով լի։ Հիմնական իրադարձությունը էլեկտրաէներգիայի սակագնի թանկացումն էր, որն անշուշտ, խփեց այս նախարարության և վերջինիս ղեկավարի վարկանիշին։ Կառավարության և ՀԷՑ-ի նոր սեփականատեր Սամվել Կարապետյանի կողմից հատկացվող փոխհատուցումը սակագնի բարձրացման դիմաց չի փրկում այս համակարգը ՀՀ քաղաքացիների անվստահությունից։ Զախարյանի ամփոփիչ խոսքում արդարանալու շեշտադրումներ էին լսվում, որոնք սակայն համոզիչ չէին։



Այսպես, նախարարը հիշեցրեց, որ ՀԷՑ-ը սկսել էր ժամանակին չկատարել իր պարտավորությունները արտադրող կայանների և ծառայություններ մատուցող ընկերությունների առաջ, որ էներգահաշվեկշիռները իրատեսական չէին, որ ՀԷՑ-ում լուրջ ֆինանսական ճեղքվածք էր առաջացել՝ մոտ 36,4 մլրդ դրամից ավելի, և որ այս ամենի արդյունքում /ՀԷՑ-ի չարաշահումների մասին, իհարկե, խոսք չկա/, Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը ստիպված եղավ գնալ էլեկտրաէներգիայի թանկացման 6,93 դրամով։ «Մի բան, ինչ արդարացի դժգոհություններ առաջացրեց հասարակության շրջանում», - ասում է նախարարը։



Բայց որքանո՞վ էր բարոյական, որ անշնորք կառավարման և անպատասխանատու աշխատաոճի վնասների դիմաց վճարեն ՀՀ հասարակ քաղաքացիները իրենց սեփական և պետական գրպանից։ Այս մասին Երվանդ Զախարյանը ոչ մի բառ չասաց։ Նախարարը զեկուցեց, որ ներկայում ՀԵՑ—ում գործերը վատ չեն․ «Անցած մի քանի ամիսների ընթացքում բավականին լուրջ աշխատանք է տարվել և այսօր մենք ունենք 11,1 տոկոս կորուստ նախորդ տարվա 12-ից ավելի տոկոսի դիմաց։ Նախկինում ունեինք ոչ արդյունավետ կառավարվող համակարգ, իսկ հիմա սպասվում է, որ կունենանք ֆինանսապես կայուն և տեխնիկապես վերազինված համակարգ», - ասում էր նախարարը։



Բայց կա՞ Հայաստանում մի քաղաքացի, ով հավատա նման հավաստիացումների։ Չէ՞ որ ժամանակին նույն բանը ասում էին ռուսական «ցանցերի» մասին։ Երվանդ Զախարյանը թվեր և ցուցանիշներ էր բերում։ Օրինակ, ՀԱԷԿ-ը 2015-ին անցյալ տարվա 2,5 մլրդ կիլովատ ժամի դիմաց արտադրել է 2,88 մլրդ կիլովատ, ՋԷԿ-երը 3,2 մլրդ կլվտ/ժամի դիմաց արտադրել են մոտ 2 մլրդ, ՀԷԿ-երի գծով մոտ 10 տոկոս ավելացում է եղել, քանի որ 2015-ը ի տարբերություն նախորդ տարվա սակավաջուր չէր, և ջրի քանակը նպաստող է եղել էլեկտրաէներգիայի արտադրության համար։ Ավելացել է արտադրական ձեռնարկությունների սպառումը, իսկ քաղաքացիների սպառումը նվազել է։



Ո՞րն է հայաստանցիների օգուտը այս թվերից և ցուցանիշներից, նա չէր բացատրում։ Ավելին, նրա բերած տվյալներից մարում էին էժան էներգիա ստանալու վերջին հույսերը։ Օրինակ, նախարարի ասուլիսից պարզ դարձավ, որ Իրանը Հայաստանին երբեք էլ էժան գազ չի մատակարարելու։ «Իրանը երբեք Հայաստանին չի առաջարկել, ինչպես անդրադառնում են թերթերը, հարյուր դոլարով գազ: Իրանը այսօր չի առաջարկում ավելի էժան գազ, քան Ռուսաստանից տրամադրվող գազը, ես դա ասում եմ պաշտոնապես», - ասաց նախարարը։ Ռուսական գազի գնի վերանայման հարցում ևս դեռ արդյունք չունենք։ Ըստ Զախարյանի, ՀՀ կառավարությունը դիմել է Ռուսաստանին` Հայաստան մատակարարվող գազի սակագինը վերանայելու հարցով և այս պահին բանակցությունները շարունակվում են․ «Աշխատում ենք ամեն ինչ անել վերանայման համար»:



Սյուզան Սիմոնյան