Բարձրաստիճան պաշտոնյաներին կանչել են նախագահական

Բարձրաստիճան պաշտոնյաներին կանչել են նախագահական

Սերժ Սարգսյանը վաղը՝ ժամը 17.00-ին, նախագահական է հրավիրել բոլոր բարձրաստիճան պաշտնյաններին՝ նախարարներին, մարզպետներին, ուժային կառույցների ղեկավարներին եւ այլք: Ենթադրվում է, որ նախագահը խոսելու է քաղաքական իրավիճակի մասին, հայտարարելու է ՀՅԴ-ի հետ համագործակցության, տրվելիք պորտֆելների մասին: Հավանաբար սպասվելիք փոփոխությունից առաջ Սերժ Սարգսյանը ցանկանում է ադմինիստրատիվ ռեսուրսին տեղեկացնել կայացրած որոշումների մասին:



Ի դեպ, տեւական ժամանակ է՝ Բաղրամյան 26-ում աշխատում են նախագահի մի ուղերձի վրա, որը պետք է հղի ժողովրդին: Ուղերձում նախագահը անդրադառնալու է քաղաքական իրավիճակին, առայժմ հայտնի չէ՝ դարակազմիկ ուղերձը կհնչի վաղը, թե ոչ:



Հիշեցնենք, որ արդեն երկար ժամանակ է քննարկվում է ՀՅԴ-ՀՀԿ կոալիցիա կազմելու մասին խոսակցությունները, որոնց պետք է հետևի ՀՅԴ-ականներին պաշտոններ բաշխելու պրոցեսը: ՀՀԿ-ականները պնդում են, թե իրենց կոալիցիան ՀՀԿ-ի հետ գաղափարական հիմքի վրա է, այլ ոչ պաշտոնների բաշխաման, սակայն արդեն երկար ժամանակ է չեն կողմնորոշվում, թե որ պաշտոնները բաշխեն իրենց կոլեգաներին: Ըստ Hraparak.am- ի վերջին տվյալներով` ՀՅԴ-ի հետ ծավալված կոալիցիոն բանակցությունների արդյունքում որոշվել է, որ Դաշնակցությանը տալու են ՏԿՆ- ն այն անջատելով ԱԻՆ-ից, Էկոնոմիկայի նախարարությունը և ԿԳ նախարարությունը: Ըստ այդմ` ՀՅԴ-ն ՏԿՆ պորտֆելը կտա Դավիթ Լոքյանին, Էկոնոմիկայի նախարար կնշանակվի Արծվիկ Մինասյանը, ԿԳ նախարար` Լևոն Մկրտչյանը: Ինչ վերաբերում է ՀՅԴ-ին տրվելիք մարզպետների պորտֆելներին` ապա հստակություն կա Արագածոտնի մասով, որտեղ մարզպետ կնշանակվի Գագիկ Գյոզալյանը, Շիրակի մարզպետի պաշտոնից ՀՅԴ-ն կարծես հրաժարվում է: Մեզ հասած տեղեկություններով` ՀՅԴ-ին կտրվի նաև Արաբկիրի թաղապետի պաշտոնը, ինչպես նաև մի քանի փոխնախարարների պաշտոններ, որոնք սակայն հետագայի հարց են: