Նպատակն արդարացնո՞ւմ է միջոցները

Նպատակն արդարացնո՞ւմ է միջոցները

Թե քանի լիտր «վալերիանկա» խմվեց այս օրերին, մինչ ՀՀԿ-ՀՅԴ բանակցություններն էին ընթանում, թե քանի նախարար սրտի կաթվածի շեմին հասավ՝ ոչ ոք չգիտի։ Բայց մեծ թվով բարձրաստիճան պաշտոնյաներ, վտանգ զգացած կենդանիների նման, իրենց հասանելի ու անհասանելի բոլոր միջոցներով փորձեցին իրենց պաշտոնանկությունը կանխել։ Իսկ «միջոցները» հայտնի են՝ խնդրել-համոզել-ապացուցել Սերժ Սարգսյանին, որ․ 1. իրենք անգնահատելի կադրեր են, 2. անչափ նվիրված են անձամբ նախագահին, 3. առանց իրենց շատ կբարդանա իշխանության եւ անձամբ նախագահի վիճակը, 4․ դեռ շատ անելիքներ ունեն եւ դեռ կապացուցեն-կլրացնեն այն բացը, որ նկատվել է իրենց աշխատանքում։



Ինչպե՞ս են դրսեւորվում այդ ջանքերը։ Նախ, նախագահի ընդունելությանն արժանանալու, նրա տրամադրությունը շոշափելու միջոցով։ Ապա՝ նախագահին մոտ կանգնած անձանց ներգրավելով։ Հետո՝ լրատվամիջոցներում երեւալով, հարցազրույցներ տալով, իրենց կատարած «աշխատանքները» գովազդելով։ Այս տողերը գրելու պահին միացնում եմ հեռուստացույցը եւ համոզվում գրածիս ճշմարտացիության մեջ․ Հ1-ի եթերում Արամ Հարությունյանն է՝ քաղաքաշինության, բնապահպանության նախկին նախարարը, Կոտայքի նախկին մարզպետը, այժմ՝ Ջրային կոմիտեի նախագահը, որն անհասկանալի է, թե որ արժանիքների համար է մի աթոռից մյուսին հայտնվում՝ միշտ ջրի երեսին մնալով։ Հաջորդ պահին «մտնում եմ» ինտերնետ եւ հանդիպում մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանին, որից մշակութային շրջանակներում ոչ մի դրական խոսք չես լսի, բայց նախարարի աթոռը կարծես նրա անբաժանելի մասն է դարձել, սեփականությունը։ Հաջորդը Երեւանի քաղաքաշինական դեմքը հիմնովին «նախշած» Նարեկ Սարգսյանն է, որին ՀՀ վերջին երկու նախագահները, զարմանալիորեն, շատ են սիրում։ Ո՞ր արժանիքի համար՝ անհայտ է։