Հրայր Թովմասյանը երեկ եւ այսօր

Հրայր Թովմասյանը երեկ եւ այսօր

Մի քանի օր առաջ Վարշավայում հրապարակվեց ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ հանրաքվեի փորձագիտական խմբի վերջնական զեկույցը մեր սահմանադրական հանրաքվեի վերաբերյալ։ Այն բացասական գնահատականներ է պարունակում, որոնց վերաբերյալ երեկ, կառավարության նիստից հետո, արտահայտվեց նոր Սահմանադրության համահեղինակ, ԱԺ աշխատակազմի ղեկավար Հրայր Թովմասյանը։ Նրա գնահատականները կարեւոր են, քանի որ հենց նրա աշխատասենյակում է մշակվում նոր Ընտրական օրենսգիրքը՝ ՀՀ քաղաքացիների համար այս պահին, թերեւս, ամենակարեւոր փաստաթուղթը։



«ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը մի շարք մտահոգություններ է արտահայտել ու առաջարկություններ է արել Ընտրական օրենսգրքի հետ կապված»,- ասում են լրագրողները։ «Կարող ա մի հատ էլ «2» են դրել, վերաքննություն կամ ստուգարք են նշանակել։ Հայաստանն ինքնիշխան պետություն է, եւ այդ բոլորը, ինչ որ ասում են, դրանք գործընկերային հարաբերությունների մեջ են, եւ երբեք Հայաստանը չի անում բաներ՝ միայն ինչ-որ կառույցներին հաճոյանալով կամ նրանց պահանջով»,- պատասխանում է Հրայրը։ «Դուք համաձայն չե՞ք ԵԱՀԿ գնահատականների հետ»,- ասում են նրան։ «Երբ որ դու լայնամասշտաբ դիտարկում չես իրականացնում, այդ դեպքում դժվար է, անկախ ում մասին է խոսքը, ճիշտ, օբյեկտիվ գնահատական տալը, հիմնավոր չէ, կարծում եմ»։ «Հիմնավոր չե՞ք համարում ԵԱՀԿ գնահատականները»,- կրկնում են լրագրողները։ Հարցին պատասխանում է քաղաքավարի, բայց չոր․ «Ես ընդամենը ասացի, որ նման դիտորդական առաքելությունները ցանկալի է, որ ավելի մեծ խմբերով լինեն, դիտարկման ավելի լայն շրջանակ վերցնեն, եւ այդ պարագաներում գնահատականները շատ ավելի օբյեկտիվ կլինեն»։



Մի կողմ թողնենք այն, որ ԵԱՀԿ դիտորդները սահմանադրական հանրաքվեին մասնակցում էին մեր ԱԳՆ-ի հրավերով։ Ի սկզբանե էր որոշված, որ խումբը փոքր է լինելու՝ 4 հոգի, եւ սա ձեռք էր տալիս կառավարությանը, քանի որ դրական կարծիքի դեպքում լեգիտիմության քող էր ապահովելու հանրաքվեի համար, իսկ բացասականի դեպքում, ինչը եւ եղավ, միշտ էլ կասեին՝ դիտորդները քիչ էին, դիտարկման շրջանակը՝ նեղ։ Չգիտես ինչու, 2012թ. նոյեմբերին, երբ նույն ԵԱՀԿ-ն առաջարկեց Ընտրական օրենսգիրքը չփոխել, քանի որ ընտրություններին կարճ ժամանակ էր մնում, իշխանությունները սրբորեն հետեւեցին դրան։ Հիմա, որ այս զեկույցով ԵԱՀԿ-ն ասում է՝ ինչո՞ւ եք անցած հուլիսին հանրաքվեի մասին օրենքը փոխել, հանրաքվեից կարճ ժամանակ առաջ, պարզվում է, որ իրենց համար հեղինակություն չէ։ Մաքուր ջրի դեմագոգիա, որը դրված է Հրայր Թովմասյանի բազմաչարչար ուսերին։



Բայց կար ժամանակ, երբ նա այլ էր, ոչ արդարադատության նախարար էր, ոչ թիմի անդամ, ոչ «շոուի» մասնակից, ոչ աշխատակազմի ղեկավար։ «Հայաստանի զարգացման միակ ճանապարհն անցնում է ժողովրդավարության միջով». սա հայտնի իրավաբան, սահմանադրագետ Հրայր Թովմասյանի համոզմունքն էր, որը նա ոչ հեռավոր անցյալում հաճույքով հիմնավորում էր, երկար հարցազրույցներ եւ գնահատականներ էր տալիս այս թեմայով։ «Ժողովրդավարությունը վաղուց է դադարել միայն այդ երկրների ներպետական խնդիրը լինելուց, որովհետեւ մենք ապրում ենք այլ պետությունների «հարեւանությամբ», որտեղ ժողովրդավարական ընտրություններն ավանդույթ են դարձել եւ պարզապես չեն հանդուրժում իրենց կողքին գտնվող այն երկրներին, որտեղ ժողովրդավարությունը թղթի վրա է,- ասում էր նա 2007 թվականին՝ «Հետք» պարբերականին։- Այդ պետությունները խնդիրներ են առաջացնում իրենց համար, եւ սա է պատճառը, որ միջազգային հանրությունը ժողովրդավարությունը դարձրել է իր գլխավոր առաքելություններից մեկը:



Խոսքը, մասնավորապես, Եվրոպայի խորհրդի եւ Եվրոպայի անվտանգության եւ համագործակցության կազմակերպության մասին է, որոնք հետեւում են Հայաստանի ընտրություններին: Սպասել, որ դրսից գալու են եւ այստեղ ժողովրդավարական ընտրություններ են անցկացնելու, անհեթեթ է, բայց այդ կազմակերպությունների դերն ընդհանրապես թերագնահատել չի կարելի, որովհետեւ դրանք կողքից դիտող աչք են...



Դիտորդների ներկայությունը որոշակի զսպաշապիկ է, որոշակի զգոնություն է բոլոր այն մարդկանց համար, ովքեր մտածում են ընտրակեղծիքների մասին, բայց դիտորդների ներկայությունն ամբողջությամբ չի կարող լուծել ընտրակեղծիքների հարցը, դիտորդական ինստիտուտն ընդամենը գործիքներից մեկն է, որը կոչված է նպաստելու ընտրակեղծիքների լուծման խնդրին»: Այն ժամանակ Հրայր Թովմասյանը համարվում էր Հայաստանի ամենահամարձակ իրավաբաններից եւ չէր վախենում ընտրակեղծարարներին մերկացնելուց։ 2003 թվականի նախագահական ընտրություններից հետո նա գրիչը ձեռքին բացահայտում էր պաշտոնական թվերի «ֆալշը»։ «ՀՀ-ում կա մոտ 2 միլիոն 290 հազար ընտրող, որի 30 տոկոսն այսօր բացակայում է հանրապետությունից, այսինքն՝ ընտրություններին լավագույն դեպքում երկրում մնացել է 1 միլիոն 600 հազար մարդ: Աշխարհի նույնիսկ ամենազարգացած երկրներում ընտրություններին մասնակցում է բնակչության 70-75 տոկոսից ոչ ավելին: Եթե Հայաստանը նույնիսկ ամենազարգացած երկրներից է, ապա ընտրություններին կարող էր մասնակցել 1 միլիոն 200 հազար ձայն: Իսկ ԿԸՀ-ի տվյալներով, փետրվարի 19-ի ընտրություններին մասնակցել է 1 միլիոն 500 հազար մարդ: Ակնհայտ է, որ 380 հազար ձայն կեղծված է, իսկ ում օգտին` պարզ է»։ Սա ՀԱԿ անդամների խոսքը չէ։ Սա ասել է Հրայր Թովմասյանն «Ա1+»-ի եթերում, ԿԸՀ պաշտոնական թվերի հրապարակումից հետո։



Այն ժամանակ Հրայր Թովմասյանը պատրաստ էր գրազ գալ, որ չկա մի ընտրական տեղամաս, որտեղ խախտում եղած չլինի: Նույնիսկ սեփական տվյալներն էր բերում՝ ասելով, որ Արմավիրի ընտրական տեղամասերից մեկում միանգամից 1000 քվեաթերթիկ են գցել քվեատուփը, եւ մինչեւ ժամը 16-ն այդ տեղամասում այլեւս մաքուր քվեաթերթիկ չի եղել: Հիմա նա ուրիշ մարդ է։ Հիմա նա կասեր՝ որտե՞ղ է արձանագրվել նման փաստ, կամ էլ, ինչպես երեկ ասաց, կառավարության նիստից հետո՝ պատասխանելով հարցին, թե ինքը չի՞ համարում, որ Սահմանադրության հանրաքվեում «ոչ»-ի ձայները կեղծված են։ «Ես ոչ դատավոր եմ, ոչ էլ դիտորդական առաքելություն եմ իրականացրել, որ իմանամ՝ «ոչ»-ի ձայները կեղծվա՞ծ են, թե՞ չէ,- տակից դուրս է գալիս Թովմասյանը։- Կան իրավասու մարմիններ, կարծում եմ, ԿԸՀ տված պատասխանն այս դեպքում պաշտոնական դիրքորոշումն է, ինչո՞ւ եք ուզում, որ ես այդ ամենին ծանոթ չեմ, չեմ ուսումնասիրել, ի պաշտոնե իմ իրավասության մեջ չի մտնում, ինչ-որ բաների պատասխանեմ, որը կարող է ամբողջական չլիներ»։ Նախկինում, երբ հարցնում էինք, նա լավ էլ ծանոթ էր, լավ էլ գնահատականներ էր տալիս։ Այն ժամանակ նրա հարստությունը՝ գիտելիքները, իրենից ոչ ոք չէր կարող խլել։ Հիմա, գուցե, խլելու բաներ շատ կան, բայց արդյոք դրանք կարո՞ղ են փոխարինել կորսված արժեքներին։ Սա, թերեւս, ամենաինտիմ հարցերի շարքից է, որին բարձրաձայն պատասխանելն ընդունված չէ։