Համալիրն ու «Կուկուռուզնիկը» ժողովրդինն են

Համալիրն ու «Կուկուռուզնիկը» ժողովրդինն են

ՀՀ քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանը երեկ, կառավարության նիստից հետո ասաց, որ հանրության արձագանքն Արամի 30 շենքի քանդման հարցում նախարարությանն ստիպել է խնդրել «Հին Երեւան» նախագծի տնօրենին, որ շենքը վերականգնվի այնտեղ: Նույն նախագծում է լինելու նաեւ Աֆրիկյանների շենքը։ «Զվարթնոցի» կլորը պահպանվելու է, եւ այս ուղղությամբ նախարարությունն աշխատում է ճարտարապետների հետ: Իսկ Երեւանի հայտնի կառույցների հարցը, որոնք շինհրապարակների են վերածվել կամ էլ անխնամ ուրվականների, դեռ երկար ժամանակ չի լուծվելու։



Նարեկ Սարգսյան․ «Այստեղ ինչ-որ բան առողջ չէ»



Դրանք բազմաթիվ են՝ կրթության նախկին նախարարության շենքը, որ գտնվում է «Շիրակ» հյուրանոցի կողքին, «կինո Հայրենիքի» հարեւանությամբ հանրախանութը, «ՑՈՒՄ»-ը, արդեն գոյություն չունեցող Երիտասարդական պալատի տարածքը, կայարանամերձ հյուրանոցը, որն ահռելի տարածք է զբաղեցնում եւ վերջին 10 տարում բոմժերի քնելատեղի է դարձել։ Պատասխանելով «Հրապարակի» հարցին, քաղաքաշինության նախարարն ասաց, որ օրենսդրական լուծումներ է փնտրում, որպեսզի նման դեպքերում կարողանան կտրուկ միջոցներ գործադրել։ «Օրինակ, մենք նախարարությունում փորձում էինք գույքահարկերի բազմապատիկ մեծացումով ստիպենք, որ այս շենքերի տերերը մյուսներից շատ ավելի մեծ չափով հողի հարկ վճարեն։



Բայց դա մեր օրենքի դաշտում չի տեղավորվում։ Հիմա փորձում ենք Երեւանի Փոքր կենտրոնի օրենքի մասով ավելացնել պատժամիջոցները, բազմապատկել, որ կարողանանք ստիպել նման մարդկանց, որ նրանք կամ վաճառեն իրենց հողամասը, կամ ավարտեն շինարարությունը, որ քաղաքն այս վիճակում չլինի»։ Քաղաքի այս վիճակը վատ է անդրադառնում ներդրումների վրա։ «Եթե ներդրողը գալիս է ու տեսնում է այսպիսի կիսատ կառույցներ, նա հասկանում է, որ այստեղ ինչ-որ բան առողջ չէ»,- ասաց Նարեկ Սարգսյանը։



Ճանշինով հարստացած խոպանչին տիրացավ «կուկուռուզնիկին»



Մեզ հետաքրքրեց նրա կարծիքը Երիտասարդական պալատի մասին, որը 2004 թվականին քանդեցին, իսկ տարածքը վաճառեցին մի ձեռնարկատիրոջ՝ մարտունեցի բիզնեսմեն Էդիկ Ավետիսյանին, որը Մոսկվայում մի շրջան աշխատելուց հետո հարստացել էր ճանապարհաշինական բիզնեսով ու եկել՝ այստեղ «մեծ-մեծ փրթում էր»՝ «կուկուռուզնիկ» էր առնում։ Նա խորհրդային երիտասարդության սիրելի վայրը հանք դարձրեց եւ այստեղից բազալտի խճաքար էր հանում, աղտոտելով քաղաքի միջավայրը, էկոլոգիան։ Հետո սնանկացավ ու գնաց Ռուսաստան՝ սուրբ տեղը դատարկ թողնելով։ «Ես չեմ աշխատել այդ տարիներին որեւէ պետական հիմնարկում,- ասաց Նարեկ Սարգսյանն այս առիթով,- բայց մամուլով հայտնել եմ իմ կարծիքը։ Երիտասարդական պալատի բարձրությունները ժամանակակից չափորոշիչներին չեն համապատասխանում, շատ ցածր են, եւ կար կոնստրուկտիվ պրոբլեմ շենքի շինարարական որակի հետ կապված։ Ես այն ժամանակ ասում էի՝ պետք չէ մրցույթներ հայտարարել, այլ պետք է կառուցապատողին տալ եւ պատվիրել, որ նույն շենքը կառուցի քանդելուց հետո, նույն նախագծով, պարզապես հարկեր ավելացնի ու պալատի բարձրությունը բերի՝ այսօրվա պահանջներին համապատասխանեցնի»։ Բայց անցկացվեց մրցույթ, որում շահել է ճապոնացի ճարտարապետ։ Նա ուզում էր 100-ից ավելի մետր բարձրության շինություն կառուցել, բայց ոչինչ էլ չկառուցեց։ «Լավ արեց»,- ասում է Նարեկ Սարգսյանը, բայց ինչ է լինելու «կրծած կուկուռուզի» հետ եւ, ամենակարեւորը՝ երբ է լինելու, նա չգիտի։



Նրանք թքած ունեն քաղաքի վրա



Զանգահարեցինք «կուկուռուզնիկի» հեղինակին՝ ճարտարապետ Հրաչ Պողոսյանին։ Նրա սիրտը մինչեւ հիմա ցավում է։ «Երիտասարդական պալատի քանդումը հանցագործություն էր, բայց ինչ եղել՝ եղել է։ Նարեկ Սարգսյանը ոչ մի կապ չունի։ Դրա պատասխանատուները քաղաքապետ Երվանդ Զախարյանն է եւ նախկին գլխավոր ճարտարապետ Սամվել Դանիելյանը, որոնց վճռով է քանդվել պալատը»,- ասաց ճարտարապետը։ Բայց նա չի ընդունում իրավական խնդիրները, որոնք, իբր, առաջանում են սեփականատերերից նման օբյեկտները հետ վերցնելու գործընթացում։ «Դրանք պետության շենքերը չեն։ Դրանք ժողովրդինն են՝ Երիտասարդական պալատը, Մարզահամերգային համալիրը, «Զվարթնոցը»։ Մենք ենք կառուցել դրանք ժամանակին։ Եվ հետո, եթե ես որպես պետություն վաճառում եմ շինությունը, ինչո՞ւ իրավունք չունեմ հետո տիրություն անել դրան։ Կառավարությունը, երբ որ մի շենք վաճառում է, պետք է մտածի, թե դրա ապագան ինչ է լինելու, եւ պայմանագրում գրի համապատասխան կետեր։ Բայց նրանք թքած ունեն քաղաքի վրա։ Այստեղից է սկսվում հանցագործությունը»։