Թաթոյանի համար աբորտի խնդիրը հանրաքվեից կարեւոր է

Թաթոյանի համար աբորտի խնդիրը հանրաքվեից կարեւոր է

ՄԻՊ նոր պաշտպան Արման Թաթոյանը վերջին շրջանում հաճախ էր հրաժարվում այս կամ այն հարցի շուրջ իր դիրքորոշումն արտահայտելուց՝ պատճառաբանելով, որ խիստ զբաղված է տարեկան զեկույցով։ Վերջապես, 2015 թվականի զեկույցը հրապարակվեց, եւ առաջին տպավորությունն այն է, թե 2015 թվականն ունեցել է ոչ թե 12 ամիս, այլ 11։ Թաթոյանն իրեն իրավունք է վերապահել հայ ժողովրդի կյանքից մի ամբողջ ամիս ջնջել՝ դեկտեմբերը, եւ 2015 թվականի կարեւորագույն իրադարձությունը՝ Սահմանադրության հանրաքվեն, որից հետո հարյուրավոր մարդիկ հերթական անգամ շոկ ու հիասթափություն ապրեցին, հարյուրավոր քննություններ եւ բողոքարկումներ եղան եւ մինչ օրս դեռ չեն խաղաղվել, օմբուդսմենի համար ուղղակի չի եղել։ Սպասվում էր, որ ջրելով հանրաքվեի վերաբերյալ հատուկ զեկույցը, որը գրեթե պատրաստ էր եւ պետք է ներկայացվեր 2015 թվականի դեկտեմբերի վերջին, Թաթոյանը գոնե տարեկան զեկույցի մի գլուխը կնվիրի Հայաստանի քաղաքական կյանքում բախտորոշ այս իրադարձությանը։ Բայց դա էլ չեղավ։ Հանրաքվեի մասին զեկույցում ոչ մի բառ չկա։ Ավելին։ Ընտրական իրավունքի խախտումներն անգամ ներառված չեն «հանրությանն անհանգստացնող իրավունքների հետ կապված խնդիրներում»։ Այս ցանկում թվարկված են արդար դատաքննության, խոսքի ազատության, անձնական ազատության իրավունքների ոչ իրավաչափ սահմանափակման, կրթության իրավունքի իրացման, ընտանեկան բռնության, անգամ սելեկտիվ աբորտների հետ կապված խնդիրները։ Պաշտպանի ներկայացուցիչը «Պտղի սեռի խտրական ընտրության դեմ պայքարի» ծրագրին է մասնակցել, բայց մատը մատին չի խփել ՀՀ քաղաքացիների պետական կառավարմանը մասնակցելու իրավունքի կամ ազատ, արդար ընտրության իրավունքի պաշտպանության հարցում։ Չէ, պտղի իրավունքը լավ բան է, բայց արդյոք ճի՞շտ է պաշտպանել չծնված մարդկանց իրավունքները, անտեսելով ծնվածներինը։ Այս մասին ոչ մի բառ չկա նաեւ «ՄԻՊ աշխատակազմ» գլխում, որտեղ նկարագրված է, թե քանի ահազանգ է ստացել օմբուդսմենը, որ հաստատություններ է այցելել արագ արձագանքման խումբը, ինչին է «արձագանքել»։ 



Հիշեցնենք, որ նախկին ՄԻՊ Կարեն Անդրեասյանը հանրաքվեի հաջորդ օրը հայտարարություն էր տարածել այն մասին, որ արագ արձագանքման խմբերը 67 խախտում են հայտնաբերել, որոնք արձանագրված էին նաեւ ԵԱՀԿ/ՀԺՄԻԳ աղմկահարույց զեկույցում։ Հավանաբար, Թաթոյանը որոշել է ուղղակի «ջնջել» այս էջը պատմությունից։ Առհասարակ, զեկույցն առանձնանում է լղոզված ձեւակերպումներով, անանուն շարադրանքով, կոնկրետ դեպքերի ու անունների, փաստերի մոտավոր նկարագրությամբ։ Օրենքով ՄԻՊ-ը կարող է տալ անուններ եւ կարող է չտալ, բայց փաստ է, որ ոչ մի անգամ նրա մոտ ցանկություն չի արթնացել հստակ նշել, թե ում իրավունքն է խախտվել եւ ում կողմից։ Օրինակ, ուսումնասիրված դեպքերից մեկով պարզվել է, որ խախտվել են քաղաքացու այսինչ կամ այնինչ իրավունքը։ Մեկ այլ դեպքով այսինչ բանն է պարզվել։ Թե որ քննիչի, որ դատախազի, որ քաղաքացու, որտեղ, երբ` չկա։ Հավանաբար, պետք էլ չէ, որ լինի, թե չէ իրավապահները՝ դատախազություն, Քննչական կոմիտե, ոստիկանություն, ավելորդ գլխացավանք կունենան։ Բացառություն են կազմում մի քանի ահազանգեր՝ հատուկ դպրոցներից ստացված, մեկ էլ «Նուբարաշեն» ՔԿՀ-ում հոկտեմբերի 23-ին տեղի ունեցած խուզարկությունները, որոնց շուրջ ժամանակին մեծ աղմուկ բարձրացավ։ «Պաշտպանի ուսումնասիրությունների եւ ծառայողական քննության արդյունքների համադիր վերլուծությամբ հաստատվել է, որ հոկտեմբերի 23-ին «Նուբարաշեն» ՔԿՀ-ում իրականացված խուզարկությանը մասնակցել են դիմակավորված անձինք, ՔԿՀ-ում պահվող անձանց կողմից այրվել են իրեր, լսվել են գոռգռոցներ, խցերի դռներին հարվածելու ձայներ: Միաժամանակ, կալանավորված անձանց եւ դատապարտյալների պնդմամբ, խուզարկությունն իրականացվել է անբարեկիրթ, կոպիտ եւ արժանապատվությունը նվաստացնող եղանակով (խուզարկություն իրականացնող ծառայողները հնչեցրել են վիրավորանքներ, ազատազրկվածների իրերը նետել են միջանցք), ինչն էլ դրդել է վերջիններիս կատարելու վերոնշյալ գործողությունները»:



Զեկույցում քրեակատարողական վարչությունն ու ԴԱՀԿ-ն արդարադատության նախարարության ամենաքննադատվող ստորաբաժանումներն են, սակայն իր հարազատ օջախի՝ նախարարության ընդհանուր աշխատանքը Թաթոյանի կողմից գովաբանվում է։ Թե ինչու, կհասկանանք, եթե հիշենք, որ այս երկու ստորաբաժանումների ղեկավարները սովորաբար ինքնուրույն են գործում եւ աշխատում են չենթարկվել նախարարին։ «Գովազդային» բնույթի տեքստեր են գրված նաեւ ՊՆ-ի աշխատանքի վերաբերյալ։ ՄԻՊ-ն իր վրա է վերցնում իրեն ոչ բնորոշ PR ֆունկցիաներ՝ նշելով, թե քանի զինծառայողի է նախարարությունը բնակարանով ապահովել, ինչ հիմնանորոգման աշխատանքներ են կատարվում եւ այլն։ Առավել կոշտ գնահատականները Թաթոյանը տալիս է ՀՔԾ-ին եւ ոստիկանությանը։ Առաջինին քննադատում է Մարտի 1-ի գործերի վարույթի մասին հանրությանը չտեղեկացնելու, տվյալ գործերը տարիներ շարունակ չբացահայտելու համար, երկրորդին՝ «Էլեկտրիկ Երեւանի» ակցիաների ժամանակ անհամաչափ ուժ կիրառելու։ Մեր տեղեկություններով, այս երկու հատվածներն ուղիղ «քոփի-փեսթ» են նախկին ՄԻՊ Կարեն Անդրեասյանի զեկույցից։ Մյուս կողմից՝ Անդրեասյանի որոշ դիտարկումներ, որոնց վերաբերյալ նա նույնիսկ պաշտոնական հայտարարություններ էր արել, անհետացել են զեկույցի տեքստից։ Դեկտեմբերի 10-ին նախկին ՄԻՊ-ը հաղորդագրություն էր տարածել «Հանրային փրկության ճակատի» ներկայացուցիչ Վարուժան Ավետիսյանի դիմումի վերաբերյալ, որում նա հայտնել էր, որ ոստիկանությունը տարել էր իր վրանը՝ բռնությամբ, արգելելով իրեն ցրտից պատսպարվել։ Նախկին ՄԻՊ-ը սա որպես խախտում էր դիտարկել՝ շեշտելով, որ «ցուցարարները պետք է ապահովվեն իրենց տեսակետներն արտահայտելու համար անհրաժեշտ բավարար հնարավորություններով», եւ ոստիկանությունից պարզաբանումներ էր պահանջել։ Այս էջը եւս Թաթոյանը սրբել է 2015 թվականի ՄԻ համար պայքարի համայնապատկերից։



Սյուզան
ՍԻՄՈՆՅԱՆ