Գագիկ Խաչատրյանի փոքրիկ «Վերսալը» մնաց Հովհաննես Հովսեփյանին

Գագիկ Խաչատրյանի փոքրիկ «Վերսալը» մնաց Հովհաննես Հովսեփյանին

Մեր տեղեկություններով, որոնք առայժմ չի հաջողվում պաշտոնապես ճշտել, Դիլիջանի ուսումնական կենտրոնում, որը ֆինանսների նախարարության հաշվեկշռից հանվել եւ փոխանցվել է ՊԵԿ-ին, ֆինանսական աուդիտ է սկսվելու։ Արդյոք սա Գագիկ Խաչատրյանի դեմ ձեռնարկված քա՞յլ է, որը, զրկվելով «սուպերնախարարի» կարգավիճակից, հայտնվել է զոհի դերում, որին հարվածում են բոլոր կողմերից, թե՞ բնականոն ընթացք է՝ գույքի ընդունման-հանձնման մաս կազմող, կերեւա առաջիկայում։ Բայց փաստ է, որ Դիլիջանի կենտրոնի «օտարումը» ցավ է պատճառել Գագիկ Խաչատրյանին, որն այս կառույցի «պապան» էր համարվում։ 



2010 թվականին Պետեկամուտների կոմիտեն, որը գլխավորում էր ներկայիս ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը, գնեց կինեմատոգրաֆիստների միության «Դիլիջանի ստեղծագործական տունը», ներկայացնելով, որ այստեղ «ուսումնական կենտրոն» է ուզում կառուցել իր աշխատողների համար։ Հետագայում 3,5 հեկտարը դարձավ 25, իսկ «ուսումնական կենտրոնը»՝ ճոխ հանգստավայր հարկայինի ու մաքսայինի աշխատողների համար։ Պայմանագիրը կնքել էր այն ժամանակվա բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը, որը ներկայումս Ջրային պետական կոմիտեի ղեկավարն է, եւ բնապահպանները լուրջ պայքար սկսեցին նախարարի դեմ, որը «Դիլիջան» ազգային պարկի տարածքը տվեց ՊԵԿ նախագահին, բայց արդյունքի չհասան։ Հանրությունն այդպես էլ չընկալեց երկրի չինովնիկների համար աստղաբաշխական գներով հանգստավայրի կառուցումը, այն դեպքում, երբ ՀՀ աղքատ բնակչությունը 33 տոկոս է։ Միայն շինմոնտաժային աշխատանքների համար մինչեւ 2015 թվականը ծախսվել է 10 մլրդ. դրամ։ 2015-ին բյուջեից եւս 3,5 մլրդ. է հատկացվել։ Վերլուծաբանները նշում էին, որ իրական ծախսը ոչ թե 13,5 մլրդ. դրամ է, այլ մոտենում է 20 մլրդ.-ի։ Թանկ շինարարությունն իրականացնելու համար բյուջեից նորանոր ներարկումներ էին արվում, սակայն Գագիկ Խաչատրյանի հետ հակասություններ ունեցող Հովիկ Աբրահամյանը նույնիսկ մեկ անգամ մերժեց 500 մլն. դրամի հատկացումը, եւ, ասում են, շինարարները մնացին առանց փոխհատուցման։ Ի դեպ, շինարարական կազմակերպություններն ընտրվում էին ոչ թե մրցույթով, այլ բանակցային գործընթացով, ինչն արվում է անհետաձգելի, «օպերատիվ» ծախսերի դեպքում, բայց ուսումնական կենտրոնի կառուցումը դրանցից չէր։ Շինարարությունը ձգվում էր տարիներով։ Կենտրոնի համար գույք էին գնում միայն լավագույն խանութներից, «Իդեալից» գնվում էր իսպանական եւ իտալական արտադրության շինանյութ։ Ընդամենը 4 լսարան կար ուսումնական կենտրոնում։ Մնացյալը ջակուզիներն ու բառ-ռեստորաններն էին, լողավազաններն ու կինոդահլիճները։ ԶԼՄ-ները մանրամասն ներկայացնում էին թվանոց վարագույրները, ջակուզիները, սպորտդահլիճները, թենիսի կորտերը։ Այս ամենը կոչվում էր հնարավորություն տալ «նախարարության աշխատակիցներին համատեղել մասնագիտական հմտությունների կատարելագործումը հանգստի հետ»: 



«Թրանսփարենսի ինթերնեյշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի փորձագետները ծախսերի արդյունավետության վերաբերյալ լուրջ կասկածներ էին հայտնում։ Բայց հանրության կարծիքը չէր հուզում իշխանություններին։ Նախարարությանը մոտ աղբյուրը պատմում է, որ նախարարն ամեն շաբաթ-կիրակի գնում էր Դիլիջան՝ հանգստավայրը նայելու, շինարարությանը հետեւելու։ Նա այնքան է նվիրվել այս փոքրիկ Վերսալին, որ մոտակայքում իր համար տուն էլ է կառուցել։ Եվ, ահա, մարտի 3-ին ֆիննախի եւ ՊԵԿ-ի տարանջատման արդյունքում չինովնիկական այս դրախտը մնաց ՊԵԿ-ին, այսինքն՝ դարձավ Հովհաննես Հովսեփյանի Վերսալը։ Իսկ ֆինանսների նախարար դարձած Գագիկ Խաչատրյանը զրկվեց իր փայփայած կառույցից։



Սյուզան
ՍԻՄՈՆՅԱՆ