Ադրբեջանը կայծակնային պատերազմի խնդիր է լուծում

Ադրբեջանը կայծակնային պատերազմի խնդիր է լուծում

Ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում վերջին օրերին տեղի ունեցող իրադարձությունների շուրջ զրուցել ենք քաղաքագետ Աղասի Ենոքյանի հետ:



- Վերջին երկու տարին անընդհատ կանխատեսումներ էին լսվում կարճ ռազմական գործողության մասին, որից հետո ադրբեջանական 7 շրջանները կհանձնվեն և կոնֆլիկտը լուծում կստանա։ Կարելի՞ է ասել, որ սա հենց այդ կարճ գործողությունն է, որի մասին խոսում էին։



- Չեմ հիշում, ինչի մասին էին խոսում, բայց կարծում եմ, որ գործողությունը պետք է լինի կարճատև։ Ստեղ «բլից-կրիգ»-ի խնդիր է, հաջողությունների արագ հասնելու, կայծակնային պատերազմի խնդիր է, որը չի ստացվում։ Երկարատև պատերազմի համար Ադրբեջանը նախ սոցիալական ռեսուրս չունի, որովհետև հաղթանակների միջոցով Ալիևը ձգտում էր իր ռեյտինգը բարձրացնել։ Իսկ եթե չկան հաղթանակներ, այդ երկրի ներսում կարող են լուրջ դժգոհությունններ լինեն։



- Պատերազմական գործողությունը հետաձգե՞ց ղարաբաղյան խնդրի լուծումը, թե՞ սրանով ավելի երկարաձգվեց կոնֆլիկտի հանգուցալուծումը։



- Կարծում եմ՝ կնպաստի խնդրի լուծմանը։ Որովհետև երկար տարիների զինադադարի հետևանքով մենք մի տեսակ հանգստացել էինք, «արխային» էինք դարձել։ Մեզ թվում էր, թե հարցը լուծված է։ Բայց քանի այն քաղաքական լուծում չի ստացել, խնդիրը լուծված չի։ Այս իմաստով, կարծում եմ, սա կինտենսիվացնի ջանքերը խնդրի լուծման ուղղությամբ, և մի գուցե և Հայաստանի, և Ադրբեջանի մոտ կդրսևորվի կամք այն լուծելու։



- Շատ են խոսում ռուսական գործոնի մասին, որպես ռազմական գործողությունների վերսկսման պատճառ նշելով Թուրքիայի ճնշումները Ռուսաստանի վրա։ Մասնավորապես, Ժիրինովսկին այս մասին խոսեց։ Ռուսաստանի գործոնն ի՞նչ ազդեցություն ունի Արցախում ռազմական գործողությունների վերսկսման վրա։



- Ռուսաստանն ունի մեծագույն ազդեցություն, որովհետև այս պատերազմի շնորհիվ Ռուսաստանը կկարողանա ղարաբաղյան խնդիրը լուծել այնպես, ինչպես ինքն է ուզում, այսինքն՝ այս գոտում տեղակայի խաղաղապահներ։ Ռուսաստանի համար ղարաբաղյան խնդրի լուծումը միայն դա է, և դրա համար պետք են ակտիվ ռազմական գործողություններ, այնպես, որ կողմերը ստիպված լինեն կանչել ռուսական զորքեր։ Իսկ թուրք-ռուսական հարաբերություններն այստեղ երկրորդական են, բայց գործոն են, որովհետև սա կարող է դառնալ հարթակ ռուս-թուրքական երկխոսությունը վերսկսելու համար։



- Իսկ Հայաստանի համար կոնֆլիկտի լուծման ռուսական տարբերակը որքանո՞վ է ձեռնտու։



- Բացարձակ ձեռնտու չի, որովհետև ռուսական զորքերի մուտքը այնտեղ նշանակում է հայկական զորքերի դուրս բերում, որից հետո ռուսները կարող են շրջան առ շրջան, գյուղ առ գյուղ Ղարաբաղը ծախել Ադրբեջանին։



- Սրան ինչո՞վ կարող ենք հակազդել։



- Հակազդելու երկու քայլ կա։ Ինձ թվում է, երկուսն էլ արվում են։ Առաջինը՝ դա ռազմական հակազդեցություն է, որ մենք կարողանանք պահել, դիմադրել այնքան, մինչև որ գա երկրորդ փուլը՝ դիվանագիտական հակազդեցությունը։ Ինձ թվում է, երկրորդ փուլի համար պետք է մեծ ջանքեր գործադրել։ Իմ կարծիքով, մենք հետ ենք, թույլ ենք ինչ-որ առումով լրատվական պատերազմում։



- Երեկ Հրանտ Բագրատյանը մի քանի քայլ էր առաջարկել, որոնք անհրաժեշտ է կատարել այս իրավիճակում, և դրանցից մեկը ԼՂՀ անկախության ճանաչումն է Հայաստանի կողմից։ Ի՞նչ կարծիքի եք, դա հիմա պե՞տք է։



- Ես չգիտեմ։ Պետք է տեսնել պատերազմի ընթացքից։ Ղարաբաղի ճանաչումը ի՞նչ է։ Ղարաբաղի ստատուսը, ըստ էության, բանակցությունների առարկան էր։ Բանակցությունները Ղարաբաղի ստատուսի շուրջ են։ Եթե մենք Ղարաբաղը ճանաչում են, վերջանում է բանակցությունը, մնում է պատերազմը։ Հիմա եթե ընթացքում պարզվի, որ սա այնպիսի պատերազմ է, որ բանակցություններ հնարավոր չի շարունակել, այդ դեպքում, իհարկե, մնում է Ղարաբաղի ճանաչումը։ 



- Վերջին հարցը, Մինսկի խմբի այսօրվա կոնսուլտացիաներից, Վիեննայում հանդիպումից ի՞նչ սպասելիքներ ունենանք։



- Սպասելիքն այն է, որ Մինսկի խումբը ակտիվացնի իր գործողությունները։ Միգուցե, կարողանան նոր առաջարկներ տալ կողմերին և նոր ճնշումներ կիրառել կողմերի վրա, որպեսզի նրանք ի վերջո գնան բանակցությունների։



Սյուզան Սիմոնյան