ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամները նամակներ են հղել ԵԽ 750 պատգամավորներին

ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամները նամակներ են հղել ԵԽ 750 պատգամավորներին

Անցնող շաբաթվա ընթացքում ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը և հանձնաժողովի անդամները սույն թվականի ապրիլի 2-ից ադրբեջանական բանակի ստորաբաժանումների կողմից Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի միջև շփման գծի ողջ երկայնքով սանձազերծած լայնածավալ ռազմական գործողությունների վերաբերյալ պարբերաբար կապի մեջ են եղել իրենց արտասահմանյան գործընկերների հետ և հանձնաժողովի անունից նամակներ և տեղեկատվական-փաստական նյութեր ուղարկել 55 պետությունների խորհրդարանների արտաքին հարաբերությունների հանձնաժողովների նախագահներին և անդամներին, ինչպես նաև Եվրոպական խորհրդարանի բոլոր 750 պատգամավորներին:



Այս մասին հայտնում են ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի աշխատակազմից։



Իրենց օտարերկրյա գործընկերներին համապատասխան նամակներ են ուղարկվել նաև ԱԺ միջխորհրդարանական վեհաժողովներում հայկական պատվիրակությունների և գործող միջխորհրդարանական բարեկամության խմբերի կողմից:



Հղված նամակներում անդրադարձ է կատարվել 1994թ - ի հրադադարի համաձայնագրի ստորագրումից ի վեր Ադրբեջանի կողմից հրադադարի խախտմանն ուղղված ռազմական գործողություններին, ընդգծվել է հանգամանքը, որ ծանր հրետանու, տանկերի և օդուժի հարձակման թիրախ են դարձել ոչ միայն Լեռնային Ղարաբաղի պաշտպանական բանակի դիրքերը, այլ նաև քաղաքացիական օբյեկտները և բնակավայրերը, ինչի մասին վկայում են նաև զոհերի ու վիրավորների մասին տեղեկությունները, ներառյալ քաղաքացիական անձանց, այդ թվում` կանանց, ծերերի և երեխաների շրջանում։



Նշվել է, որ Հայաստանը տարբեր միջազգային հարթակներում բազմիցս բարձրաձայնել է Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի հետ շփման գծում և Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին իրավիճակի լարմանը հանգեցնող ադրբեջանական սադրիչ քայլերի և ագրեսիայի մասին:



Հղված նամակներում նաև ընդգծվել է այն հանգամանքը, որ հակամարտության կարգավորման վերջին տարիներին Ադրբեջանը փորձում էր տապալել ԵԱՀԿ միջնորդական առաքելության գործունեությունը՝ նույնիսկ սահմանափակելով հակամարտության գոտում ԵԱՀԿ դիտորդական առաքելության և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի թիմի կարողությունների ամրապնդումը, ինչպես նաև չհիմնավորված կերպով մերժում էր վստահության միջոցների ներդրման առաջարկները:



Օտարերկրյա խորհրդարանական գործընկերների ուշադրությունն է հրավիրվել այն հանգամանքին, որ Ադրբեջանը շարունակաբար ոտնահարել է միջազգային հիմնարար փաստաթղթերը, մասնավորապես, ՄԱԿ-ի կանոնադրությունը, Հելսինկիի Եզրափակիչ Ակտը, որոնք պահանջում են խնդիրները լուծել խաղաղ ճանապարհով և բացառում են ուժի կամ ուժի սպառնալիքի կիրառումը:



Հանձնաժողովի կողմից փաստերի ներկայացմամբ նշվել է, որ թիրախավորելով քաղաքացիական բնակչությանը, Ադրբեջանը խախտել է մարդու իրավունքները և միջազգային մարդասիրական իրավունքը, մասնավորապես Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագիրը, 1949թ. ժնևյան կոնվենցիաները, 1977թ. լրացուցիչ արձանագրությունները, Երեխաների իրավունքների մասին 1989թ. կոնվենցիան:



Հայ խորհրդարանականներն իրենց գործընկերներին հղված նամակներում մեկ անգամ ևս ընդգծել են, որ ստեղծված իրավիճակում խիստ կարևոր է զինադադարի խախտումների դատապարտումը և խաղաղության ուղղված կոչերը՝ հատկապես կարևորելով իրավիճակի սրման միակ պատասխանատու Ադրբեջանի սադրիչ գործողությունների հասցեական քննադատումը: