Ինչո՞ւ է ռուս փորձագետը կրկնում Թուրքիայի վարչապետին

Ինչո՞ւ է ռուս փորձագետը կրկնում Թուրքիայի վարչապետին

Ռուս փորձագետ Եպիֆանցեւը գտնում է, որ Ադրբեջանի նպատակը պատերազմը չէր: Բաքուն փորձ է արել ցույց տալ, որ ԼՂ հակամարտությունը «շարունակում է արյուն ծորալ», եւ հասել է իր նպատակին: Նա նաեւ ասում է, որ Լեռնային Ղարաբաղն «այլեւս անառիկ ամրոց չէ», քանի որ ադրբեջանական բանակը «տիրացել է ռազմավարական բարձունքների եւ մի քանի բնակավայրերի»: Վերջին ընդգծումն ուշագրավ է, որովհետեւ կրկնում է ադրբեջանական կողմի գնահատականը, ինչը գործնականում իրականությունից այնքան է հեռու, որքան Մոսկվան՝ Բաքվից: Բայց երբ առկա է շահերի համընկնում, տարածությունը եւ ստի ու ճշմարտության հարաբերակցությունը դառնում են անկարեւոր: Հստակ տեսանելի է, որ ռուսաստանյան փորձագիտական հանրությունը զորակոչվել է, որպեսզի ամեն գնով «ապացուցվի» ադրբեջանական բանակի «հաղթական բլից-կրիգի» կանխաթեզը: Դա լիովին ներդաշնակ է Կրեմլի քաղաքականությանը, այն է՝ իրավիճակը մոդելավորել այնպես, որ եթե Ռուսաստանի միջնորդությամբ կրակի դադարեցման համաձայնություն ձեռք չբերվեր, ապա… Սա օրվա լույսի պես պարզ է արդեն:



Առավել խարդավանքային է Եպիֆանցեւի ընդհանրացումը, որ «չպետք է զարմանալ, եթե վաղը Մինսկում ԼՂ հարցով խորհրդաժողով հրավիրվի»: Նման գաղափար օրերս նրբաքողարկված ակնարկել է Թուրքիայի վարչապետ Դավութօղլուն: Նա ասել է, որ Մինսկի խմբի անդամ բոլոր երկրները պետք է դառնան ԼՂ «հարցի մասնակից»: Քառօրյա պատերազմի սանձազերծումից ժամեր անց տեռորիստական ռեժիմին բացահայտ աջակցություն հայտնած՝ Բելառուսի «կոլվարչության նախագահ» Լուկաշենկոն էլ հանդես է եկել ԼՂ հարցում միջնորդություն իրականացնելու պատրաստակամությամբ: Եթե հավելենք, որ Թուրքիայի արտգործնախարար Չավուշօղլուն Ռուսաստանի կեցվածքում դրական փոփոխություններ է արձանագրել, ապա բացառելի չէ, որ Անկարան եւ Մոսկվան կարող են երկխոսության եւ հարաբերությունների վերականգնման հարթակ գտնել ԼՂ հարցում: Պատահական չէ, որ ռուս փորձագետը կրկնում է Թուրքիայի վարչապետի մոտեցումները:



Վահրամ Աթանեսյան