Թող գան՝ աթոռս նվիրեմ իրենց

Թող գան՝ աթոռս նվիրեմ իրենց

Նախօրեին Մասիս քաղաքում «Հանուն Արցախի» կազմակերպված հանրահավաք-դրամահավաքի ընթացքում հանգանակվել է 981 հազար դրամ, 1301 դոլար եւ 10 հազար ռուսական ռուբլի։ «Դա միայն դրամահավաք չէր, այլ 3 հազար հոգանոց հանրահավաք՝ Արցախի եւ Հայաստանի դրոշներով, ցուցատախտակ ենք ունեցել, դպրոցական երեխաները զինվորներին նամակներ են գրել-փակցրել, որոնք երեկ արդեն ուղարկել ենք Արցախ»,- ասաց Մասիսի քաղաքապետ Սաշա Հակոբյանը։ Քաղաքապետն ասաց նաեւ, որ 30 հոգուց բաղկացած հանձնաժողովն է բացել հանգանակությունների թափանցիկ արկղը. «Դա կամավոր սկզբունքով հավաքված գումար է, եղել են մարդիկ, որոնք ցանկացել են իրենց անունները նշել, բայց հիմնականում անվանական չեն եղել փոխանցումները»։



Հակոբյանը տեղեկացրեց, որ մոսկվաբնակ, ծնունդով մասիսցի հայտնի գործարար Գագիկ Ադիբեկյանի ստեղծած «Մասիսի զարգացման հիմնադրամի» միջոցով հանգանակությունը շարունակվում է. «Հիմնադրամի տնօրենն անձամբ խոսել է Արցախի փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանի հետ, որը ցանկություն է հայտնել, որ մենք քնապարկերով օգնենք։ Այդ գումարները մենք դեռ վերջնական չենք որոշել՝ քնապարկե՞ր կգնենք, թե՞ գումարը կուղարկենք։ Հանձնախումբը կորոշի։ Հիմա հիմնադրամի հաշվեհամարը փոխանցել ենք քաղաքի պետական եւ մասնավոր հիմնարկ-ձեռնարկություններին, որպեսզի ցանկության դեպքում փոխանցումներ կատարեն, հետո հիմնադրամի տնօրենի՝ պարոն Ադիբեկյանի հետ համատեղ վերջնական որոշում կկայացնենք, թե ինչ տարբերակով ենք Արցախ ուղղելու»։



Հակոբյանը թիվ չնշեց, բայց նկատեց, որ Ադիբեկյանն անձամբ «մեծ» օգնություն է ցուցաբերել։ Գագիկ Ադիբեկյանը հայտնի բռնցքամարտիկ Արթուր Աբրահամի քեռին է։ Մասիսն առաջիններից է, որտեղ նման մասշտաբների հասավ Արցախի օգնության հարցը, արդյոք դա պայմանավորված չէ՞ քաղաքապետի նախընտրական տրամադրություններով՝ նկատեցինք մենք։ «Այո, դա աննախադեպ է, բայց նախընտրականի հետ կապ չունի, դեռ 7-8 ամիս կա ընտրություններին։ Եթե ասում ենք՝ մենք հայասեր ենք, նվիրված մեր ազգին, հողին, ջրին, դա նշանակում է նախընտրակա՞ն։ Ով շատ է նման բան ցանկանում, սրտանց եմ ասում՝ թող գա, ես իմ աթոռը նվեր կտամ իրեն»։ Կրկին առաջադրվելու մասին հարցին էլ Հակոբյանը պատասխանեց. «Ես կուսակցական եմ, ինչպես կորոշի կուսակցությունը, ես էլ կենթարկվեմ»։



Անի ԱՌԱՔԵԼՅԱՆ