Ցանկանում են՝ Ռուբեն Վարդանյանը մտնի քաղաքականություն

Ցանկանում են՝ Ռուբեն Վարդանյանը մտնի քաղաքականություն

Գործարար Ռուբեն Վարդանյանին ցանկանում են տեսնել քաղաքական դաշտում, դա նորություն չէ, ժամանակ առ ժամանակ մամուլն էլ անդրադառնում է հայազգի այս գործարարին, տարիներ առաջ նույնիսկ լուրեր էին շրջանառվում, որ Ռուբեն Վարդանյանը կարող է դառնալ ՀՀ վարչապետ: Հին թեմաները կրկին ջրի երես են դուրս եկել, բայց այս անգամ Ռուբեն Վարդանյանի անունը շոշափվում է ոչ թե մամուլում, այլ Ֆեյսբուք սոցիալական ցանցում:



«Ռուբեն Վարդանյանը Հայաստանի նախագահ» անվանմամբ ֆեյսբուքյան էջը ստեղծվել է ապրիլի 18-ին: «Սա ուղղակի փորձ է տեսնել, թե քանի մարդ է պատրաստ աջակցել Ռուբեն Վարդանյանի թեկնածությունը Հայաստանի նախագահի կամ վարչապետի պաշտոնում: Մենք հավատում ենք, որ Ռուբեն Վարդանյանը կարող է Հայաստանը դարձնել ուժեղ և մրցունակ երկիր».- գրված է էջում: Ի սկզբանե էջի ստեղծողները հայտարարել են, որ այն ոչ մի կապ չունի Ռուբեն Վարդանյանի հետ, բայց եթե կարողանան 10 հազար հավանումներ ապահովել, ապա Ռուբեն Վարդանյանը կտեղեկանա և կգնահատի. «Ի վերջո, եթե կա այդքան քաղաքացիների աջակցություն, ուրեմն դա ինչ-որ մեկին անհրաժեշտ է»:



Եվ չնայած էջն արդեն հավաքել է 3 հազար 185 ձայն, սակայն երեկ երեկոյան էջի ադմինները փոխեցին իրենց «էությունը», Ռուբեն Վարդանյանին երկրի ղեկավարի պաշտոնում տեսնող անձինք դարձրեցին ՖԲ էջը «Ռուբեն Վարդանյանի ֆան էջ»: Պատճառն էլ «Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» (IDeA) բարեգործական հիմնադրամն էր, որը ստեղծվել է գործարար Ռուբեն Վարդանյանի և նրա տիկնոջ՝ Վերոնիկա Զոնաբենդի կողմից:



Հիմնադրամը հայտարարություն էր տարածել հետևյալ բովանդակությամբ. ««Ֆեյսբուք» սոցիալական ցանցում հայտնված՝ «Рубена Варданяна в Президенты Армении» էջը որեւէ առնչություն չունի ո՛չ Ռուբեն Վարդանյանի, ո՛չ էլ IDeA հիմնադրամի հետ: Ռուբեն Վարդանյանը բազմիցս հրապարակավ հայտարարել է, որ քաղաքական հավակնություններ չունի եւ մտադիր չէ պետական պաշտոններ զբաղեցնել, այդ թվում՝ Հայաստանում: Ռուբեն Վարդանյանի գործունեության վերաբերյալ հետաքրքրությունը հասկանալի է, սակայն ֆեյսբուքյան այդ էջի ստեղծումը շահարկումների տեղիք է տվել: Այն ընդամենը մի բլոգերի անձնական նախաձեռնությունն է, որը անհարկի աժիոտաժ է ստեղծում և խաթարում է Ռուբեն Վարդանյանի և IDeA հիմնադրամի բարեգործական ծրագրերի մասին պատկերացումները»: Այս հայտարարությունից հետո էջի ադմինները որոշում են ընդունել փոխել էջի անունը, այժմ ՖԲ էջն ուղղակի նյութեր և հարցազրույցներ է հրապարակելու Ռուբեն Վարդանյանի մասին:



Հ.Գ. Զարմանալի չէ, որ շատերը կցանկանային Ռուբեն Վարդանյանին տեսնել կառավարող օղակներում, չէ՞ որ հայազգի գործարարը կառավարման մեթոդների և գիտելիքների մի անգնահատելի պաշար ունի, որը մեր երկրին շատ պետք կգար, բայց քանի որ մերոնք սիրում են ջուր խմած աղբյուրը պղտորել, զարմանալի չէ, որ Ռուբեն Վարդանյանը ցանկություն չի ունենա համագործակցել այդ ֆորմատով: Ժամանակին շշուկներ էին պտտվում, որ իշխանություններն իրենք առաջարկություն են արել Ռուբեն Վարդանյանին դառնալ վարչապետ, սակայն գործարարը մերժել էր առաջարկությունը: