ՀՀԿ-ում միայն 30-32 հոգի՞ է բանիմաց ու հարց տվող

ՀՀԿ-ում միայն 30-32 հոգի՞ է բանիմաց ու հարց տվող

Եթե ժողովուրդը նրանց քվե է տվել և ուղարկել է Ազգային ժողով, նրանք պարտավոր են գալ և զբաղվել իրենց աշխատանքով։ Այս մասին այսօր ԱԺ ճեպազրույցների ժամին հայտարարեց ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը՝ անդրադառնալով Սերժ Սարգսյանի զգուշացմանը, թե պատգամավորների տեղը ԱԺ-ն է, և նրանք իրենց «խրամատները» պետք է չլքեն: 



Hraparak.am-ը հարցրեց Բաղդասարյանին՝ նկատե՞լ է, որ իրենց խմբակցության պատգամավորների զգալի մասը քվեարկություններից առաջ է գալիս խորհրդարան և քվեարկությունից ընդամենը 5 րոպե հետո լքում է «խրամատն» ու հեռանում։
«Ես ցավում եմ, որ կանոնակարգ օրենքը դա թույլ է տալիս, որովհետև պատգամավորի աշխատանքը կանոնակարգված չէ։ Ինձ թվում է՝ նոր կանոնակարգ օրենքում մենք որոշ փոփոխություններ կանենք։ Եթե Դուք ուշադիր նայեք կանոնակարգ օրենքին, այնտեղ չի կարգավորվում պատգամավորի աշխատանքը, և որևէ նման ռեժիմ այնտեղ ամրագրված չէ, որ նա պետք է անպայման լինի դահլիճում»,- ասաց նա։



-Սերժ Սարգսյանի դիտողություններն ու հորդորներն է՞լ չեն ազդում նրանց վրա։



-Ես խնդրում եմ մի փոքր այդ դիտողություններ, հորդորներ ասելիս․․․ եթե Դուք ներկա չեք եղել և օդից խոսակցությունները վերցնում եք, բնականաբար, նաև ես՝ որպես ֆրակցիայի ղեկավար, բազմիցս խնդրել եմ, որ մենք պետք է ակտիվ մասնակցենք բոլոր քննարկումներին։ Չի եղել դեպք, որ մենք որևէ օրենք քննարկենք ֆրակցիայում կամ հանձնաժողովներում, և այն շահագրգիռ պատգամավորները, ովքեր կարող են այդ օրենքին օգտակար լինել, նրանցից որևէ մեկը բացակայի ոչ հարգելի պատճառով։



-Բայց Սերժ Սարգսյանը նախկինում հրապարակավ էլ է հայտարարել, որ պատգամավորները չպետք է լքեն «խրամատները», պետք է գան աշխատանքի, մինչդեռ նրա հորդորին իր կուսակիցները չեն հետևում, փաստորեն։



-Որտե՞ղ չեն հետևել։ Ընդհակառակը, մենք եթե այս ընթացքում ունենում ենք Ազգային ժողովի կանոնակարգված աշխատանքներ, ապա դա կազմակերպում է մեծամասնությունը, և այդ Ձեր ասած «խրամատները» հսկողության տակ են։



-Հինգ րոպե հետո, սակայն, նրանց մեծ մասը լքում է դահլիճը։



-Բայց հինգ րոպե հետո այն պատգամավորները, ովքեր ունեն հարցեր, ովքեր ունեն հետաքրքրություն տվյալ օրենքի շրջանակներում և բանիմաց են, նրանք մասնակցում են։ Մենք պատգամավորին չենք կարող ստիպել՝ ամբողջ օրը նստել դահլիճում։



-Փաստորեն, ՀՀԿ-ում ընդամենը 10-20 հոգի՞ են, որ բանիմաց են և հարցեր կարող են տալ։



-ՀՀԿ-ում 10-20 հոգի չեն, ՀՀԿ-ում տարբեր օրենքների շուրջ տարբեր մարդիկ ակտիվ են։ Եթե Դուք ուշադրություն դարձնեք, այդ հիմնական օրենքների վերաբերյալ 30-32 հոգի հարց և ելույթներ ունենում են ՀՀԿ-ական պատգամավորները։



Վահե ՄԱԿԱՐՅԱՆ