«Փակուղի». գալիս ես Ամերիկա ու հայտնվում թակարդում

«Փակուղի». գալիս ես Ամերիկա ու հայտնվում թակարդում

«Փակուղի». այսպես է կոչվում ռեժիսոր Հարություն Խաչատրյանի «Անվերջ փախուստ, հավերժ վերադարձ» ֆիլմաշարի երկրորդ ֆիլմը, որի երեւանյան պրեմիերան տեղի ունեցավ նախօրեին, «Մոսկվա» կինոթատրոնում։ Ֆիլմաշարը պատմում է տարբեր տարիներին Հայաստանը լքած հայերի մասին։ Իր հերոսներին ռեժիսորն սկսել է նկարել դեռ Հայաստանի անկախացումից առաջ, շուրջ 25 տարի։ Սա, կարելի է ասել, նորանկախ Հայաստանի մասին պատմող առաջին մեծածավալ վավերագրությունն է, որի հերոսները սովորական մարդիկ են, առանց ավելորդ պաթոսի։



«Փակուղին» պատմում է ավտոմեխանիկ Լեւոնի մասին, որը 90-ականների սկզբին «Գրին քարտ» է շահում եւ ընտանիքով մեկնում Ամերիկա՝ երջանիկ ու ապահով կյանքի հետեւից։ Ֆիլմում դառնացած Լեւոնը մեկնելուց առաջ խոսում է իր գնալու պատճառների մասին։ «Անկախացանք, մտածեցինք ամեն ինչ լավ կլինի, բայց անցավ 3, 4, 5 տարի, ու տեսանք, որ գնալով ավելի է վատանում... այստեղ քաղաքացու, սովորական մարդու հանդեպ հարգանք չկա։ Հացը, որ 1 կգ-ի փոխարեն 700 գրամ է վաճառվում, ղեկավարությունը խոստացավ մեկ շաբաթում ուղղել, բայց անցավ 1 տարի, 2 տարի, 3 տարի՝ չուղղեցին»,-ասում է Լեւոնը, ու դահլիճում նստած հասկանում ես, որ 25 տարի անց էլ առանձնապես ոչինչ չի փոխվել, այսօր էլ մարդիկ նույն պատճառով են հեռանում՝ անարդարության զգացումից, վիրավորանքը սրտներում։



Հարություն Խաչատրյանն «Անվերջ փախուստ, հավերժ վերադարձ» ֆիլմաշարում խախտում է իր ֆիլմոգրաֆիային հատուկ լռությունը եւ, ի դեմս իր հերոսների, բարձրաձայնում նաեւ տարիներ ի վեր իրեն հուզող հարցերը՝ ինչո՞ւ է հայը փախչում իր երկրից, ինչի՞ց է փախչում, ո՞ւր է գնում, ինչո՞ւ է ուզում վերադառնալ, ո՞ւր է վերադառնում։ Սրանք այն հարցերն են, որ հայ մարդն անընդհատ տալիս է իրեն, օվկիանոսներ կտրում-անցնում՝ հասկանալու համար մի բան՝ հայրենիքում արմատներդ կտրում ես, իսկ օտարության մեջ էլ չես կարողանում արմատներ ձգել։ «Էնտեղ (Հայաստանում) մեր տունը քանդեցինք, այստեղ էլ (Ամերիկայում) չենք կարողանում սարքել»,-ասում է Լեւոնն ու պատմում, որ ամերիկյան երազանքի պատրանքն իր մեջ շուտ կոտրվեց. «Երբ եկանք Ամերիկա, շատ ոգեւորված էինք, նոր երկիր էր, ուրախ էինք, ուտելիքը շատ էր, հերթ չկար խանութներում… հետո տեսնում ես, որ աշխատանք ունես, ամեն ինչ կա, բայց խաղաղություն չկա, էլի մնում ես սթրեսների մեջ եւ գնում ես դեպի անկարողություն: Եկել ենք ազատ երկիր, բայց ազատություն չունենք, ազատության մասին խոսք չկա, շաբաթը 6 օր աշխատում ես, ու մենակ կիրակի օրն է, որ հնարավոր է միասին հաց ուտեք, բայց դա էլ միշտ չի ստացվում»:



Թե «Հայկ. փախուստ»-ում, թե «Լեւոն. Փակուղի»-ում միանգամից մի քանի շերտեր են բացվում՝ սոցիալական, հոգեբանական, բարոյական, որ միաժամանակ կռիվ են տալիս մարդու մեջ, ստիպում նրան անվերջ ու անդադար նոր ամերիկաներ բացահայտել։ Հարություն Խաչատրյան ռեժիսորը նաեւ հետազոտող է, սոցիոլոգ։ Ֆիլմում Լեւոնի կյանքի կողքին տեսնում ենք նաեւ ամերիկահայության ընդհանուր վիճակը. նարկոդիսպանսերում, բանտում, թե ծերանոցում հայի վերջին հույսը հայոց եկեղեցին է, որի շուրջ օտարության մեջ փորձում են պահպանել իրենց ինքնությունը։



Լեւոնն իրեն կատարյալ մենակ է զգում Ամերիկայում, ու դա ավելի է սեղմում սիրտդ ու կոկորդդ, ասում է՝ 5-ով եկանք, մնացի ես մենակ։ Ֆիլմում համամարդկային, համազգային խնդիրների կողքին բացվում է նաեւ Լեւոնի անձնական դրաման, երեխաներն ամուսնացել գնացել են, միակ մարդը, որը կարող էր իրեն նեցուկ լինել, կինն է, որը նույնպես փոքր երեխայի հետ հեռացել է տնից։ Լեւոնի ներսն ու դուրսը տակնուվրա են եղել, նա այլեւս պատրանքներ չունի. «Նախկին Լեւոնից բան չի մնացել՝ էս ավտոմասերի նման... սա թակարդ ա... գալիս ես Ամերիկա ու հայտնվում թակարդում...»,-ասում է էկրանից Լեւոնը, ու լսում եմ, թե ինչպես կողքս նստած մի տղամարդ դառնացած հոգոց է հանում. «Քիչ է մնում մի հատ տոմս առնեմ, էս մարդը թողնի գա էդ Ամերիկայից...»։



Թեեւ դիտումից առաջ Հարություն Խաչատրյանն ասել էր, որ հնարավոր է մարդիկ ձանձրանան ու դուրս գան, բայց ֆիլմի ողջ ընթացքում դահլիճի դուռը եւ ոչ մի անգամ չբացվեց։ Դահլիճը երկխոսության մեջ էր մտել Լեւոնի հետ, ապրում էր նրա կյանքի ձախողումներն ու կիսում կարոտի ցավը՝ տեղ-տեղ ծափահարելով, տեղ-տեղ բարձրաձայն հանդիմանելով, ինչպես առաջին շարքից մի տղամարդ. «Բա ասում էիր հացը թանկ ա...»։ Թերեւս հենց դա էր ուզում ռեժիսորը՝ որպեսզի մարդիկ կռվեն, թեկուզ հայհոյեն, բայց փորձեն հասկանալ, թե ինչն է ստիպում հային իր երջանկությունը փնտրել Հայաստանից դուրս։



Ամենացավոտը ֆիլմում հենց այն է, որ թե Լեւոնը, թե դու հասկանում ես, որ ելք չկա, սա փակուղի է, իր միակ փրկությունը Լեւոնը տեսնում է թոշակի գնալուց հետո, երբ կկարողանա գալ Հայաստան ու հանգիստ ապրել, հենց այն նույն ցանկությունը, ինչը եւ նրան տարավ Ամերիկա։ Ավտոմասերի ջարդոնների ֆոնին Լեւոնի կոտրված կյանքն է, նա նայում է հեռացող մեքենաների թափոններին ու հասկանում, որ իր կյանքը տանուլ է տվել, ով գիտե՝ գուցե մնար այստեղ եւ էլի ձախողեր, բայց կյանքը սրբագրելու տեղ չի թողնում։



Ֆիլմն ավարտվում է, լույսերը վառվում են, մարդիկ չեն ուզում հավատալ այս տեսակ վերջին, կամաց-կամաց լսվում են ծափահարություններ, հետո՝ «բռավո»-ներ, նայում եմ մարդկանց, շատերն ի վիճակի չեն շարժվել, դիմացի նստած զույգը ոտքի է կանգնում, տղան թեւանցուկ է անում ընկերուհուն ու ինքն իր համար, բայց նաեւ շատ լսելի բարձրաձայնում. «Հայաստանից լավ տեղ չկա, ես մենակ էս կարամ ասեմ...»։ Սա հենց այն էր, ինչի համար եւ ինչի վրա 25 տարի աշխատել է ռեժիսորը։ Ու, ինչպես ասուլիսի ընթացքում նկատեց Հարություն Խաչատրյանը, միայն մի բանի համար է ափսոսում, որ մի քիչ ուշացան այս ֆիլմերը, կարող էր մի քիչ ավելի շուտ ներկայացնել, մի քիչ ավելի շատ մարդ նայեր, ու ով գիտե, գուցե մեկին հաջողվեր շրջանցել մի փակուղի։



Երեւանյան պրեմիերայից առաջ «Փակուղի» (Deadlock) ֆիլմի համաշխարհային պրեմիերան տեղի է ունեցել Շվեյցարիայում՝ Նյոն քաղաքի Vision du Reel ﬕջազգային կինոփառատոնի շրջանակում, որը հեղինակային վավերագրական կինոյի ամենահայտնի եւ նշանավոր կինոփառատոներից է։ Այդ փառատոնը Հարություն Խաչատրյանի կենսագրության մեջ կարեւոր նշանակություն ունի. «Կոնդ» ֆիլմը 1988-ին փառատոնում արժանացել էր ժյուրիի հատուկ հիշատակմանը, իսկ «Սպիտակ քաղաք» ֆիլմը 1989-ին՝ «Արծաթե սեստերցի» հեղինակավոր մրցանակին: Այդ փառատոնում էր տեղի ունեցել նաեւ հեղինակի նախորդ ֆիլմի՝ «Անվերջ փախուստ, հավերժ վերադարձի» համաշխարհային պրեմիերան: «Փակուղի» ֆիլմի ասիական պրեմիերան տեղի է ունեցել հենց ապրիլի 24-ին, Իրանի «Ֆաջր» ֆիլմերի միջազգային կինոփառատոնում։ Ինչ վերաբերում է հայ հանդիսատեսին, ապա ռեժիսորը պատրաստ է ֆիլմն անվճար տրամադրել եւ արդեն իսկ տրամադրել է շատ հեռուստաընկերությունների, որպեսզի ցուցադրեն հեռուստատեսությամբ։



Սոնա ԱԴԱՄՅԱՆ