Պատերազմի բանաձեւը «Ֆորմուլա-1»-ից հետո. Ավազե ժամացույցն արդեն գործի է դրված

Պատերազմի բանաձեւը «Ֆորմուլա-1»-ից հետո. Ավազե ժամացույցն արդեն գործի է դրված

«Այսօր լրանում է մեկ ամիսը, երբ Մոսկվայում կրկին կրակի դադարեցման վերաբերյալ պայմանավորվածություն ձեռք բերվեց ապրիլի սկզբին տեղի ունեցած քառօրյա պատերազմից հետո, որով փոխվեց ավելի քան քսաներկու տարի տեւած ստատուս-քվոյի կարգավիճակը Ղարաբաղյան հակամարտության մեջ: Բանն այն է, որ թեեւ միջազգային հանրությունը, ներառյալ նաեւ համանախագահող երկրները ԵԱՀԿ ՄԽ-ում, ընդունել են այս իրականությունը, սակայն Երեւանը շարունակում է պնդել այն եւ ցուցաբերել ոչ կառուցողական կեցվածք՝ խուսափելով իրականությունն ընդունելուց»,- գրում է minval.az-ն իր վերլուծության մեջ եւ շարունակում արդեն տիպիկ ադրբեջանական ոճով ներկայացնել հակամարտության հետ կապված իրենց պատկերացրած մանրամասները: Ուշագրավ է, որ վերլուծականում անթաքույց ակնարկ կա պատերազմի, այն էլ՝ լայնամասշտաբ պատերազմի վերսկսման հետ կապված՝ հաշվի առնելով, որ ամառային սեզոնը լավագույն եղանակն է պատերազմի համար եւ դժվար թե Բաքուն այդ ժամանակահատվածը բաց թողնի` նշելով նույնիսկ ժամկետ` Բաքվում «Ֆորմուլա-1»-ի կայանալիք մրցումներից հետո: Որպես հիմնավորում՝ պարբերականը նշում է ադրբեջանական մի շարք փորձագետների կարծիքները՝ առանց անուններ մանրամասնելու, որ պետք է հակամարտությունը լուծվի ռազմական ճանապարհով եւ եզրակացնում է, որ ավազե ժամացույցն արդեն գործի է դրված եւ մրցաշարից հետո երկիրն անցնելու է պատերազմի, եթե, իհարկե, Հայաստանը չընդունի Բաքվի առաջարկները: