«ՀԱ». Ավտովթարների զգալի մասը հնարավոր էր կանխել

«ՀԱ». Ավտովթարների զգալի մասը հնարավոր էր կանխել

«Հայոց աշխարհ»-ը գրում է. ««Աքիլլես» ավտովարորդների իրավունքների պաշտպանության հասարակական կազմակերպության նախագահ Էդուարդ Հովհաննիսյանը, անդրադառնալով հանրապետությունում տեղի ունեցող ավտովթարներին, հավաստիացնում է, որ դրանց զգալի մասը հնարավոր էր կանխել, եթե ճանապարհային երթևեկության ոլորտում ճիշտ ռազմավարություն մշակվեր, և ստեղծվեր այդ երթևեկությունը կանոնակարգող առանձին կառույց. «Պետք է լինի այնպիսի կառույց, որը կվերլուծի, կպարզի, թե ինչն է դարձել վթարի պատճառ, և ընդհանրապես ինչու են այդչափ վթարներ լինում: Որից հետո կմշակի համապատասխան մեխանիզմներ, որպեսզի այդուհետ այդ նույն հանգամանքներով և գործոններով պայմանավորված՝ վթարներ չլինեն»:

Հայաստանում ինչպես ճանապարհային երթևեկության վերահսկողությունը, այնպես էլ այն կանոնակարգելու գործառույթը նույն կառույցն է իրականացնում` ճանապարհային ոստիկանությունը, որը, ըստ Էդուարդ Հովհաննիսյանի, պարզապես իր ներուժով և հնարավորությամբ ի զորու չէ բազմակողմանի աշխատանք իրականացնել երկու տարբեր ուղղություններով: Այդ պատճառով էլ ճանապարհային երթևեկության կազմակերպումը կաղում է:

«Որոշ փողոցներում, որոնք գտնվում են կա՛մ Երևանի ծայրամասային թաղամասերում, կամ էլ երկրի այլ շրջաններում, երթևեկության նշանները բացակայում են, լավագույն դեպքում թերի են: Իսկ ի՞նչ կանոնակարգված երթևեկության մասին կարելի է խոսել, երբ վարորդը չգիտի, թե ինչպես պետք է իրեն պահի տվյալ ճանապարհի վրա` ռիսկային իրավիճակներում հայտնվելուց խուսափելու համար: Հաճախ այդ նշանների բացակայության պատճառով վարորդները խախտումներ են թույլ տալիս, ինչն էլ անխուսափելի վթարների է հանգեցնում»: Ի դեպ, ճանապարհային նշանների բացակայության և ընդհանրապես ճանապարհային ոստիկանության անփույթ աշխատանքի պատճառով տեղի ունեցած պատահարների համար մինչև վերջերս պատասխանատվություն կրում էին վարորդներ: Բայց Էդուարդ Հովհաննիսյանի հավաստիացմամբ` մեզանում արդեն կիրառելի է այն պրակտիկան, որ երթևեկության նշանների կամ այլ նման պատճառներով առաջացած վթարների համար պատասխանատվության են ենթարկվում ճանապարհային ոստիկանության աշխատակիցները»։



Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։