Իվետան առնվազն 2-րդ կամ 3-րդ տեղը պիտի զբաղեցներ. հետեվրատեսիլյան հարցում

Իվետան առնվազն 2-րդ կամ 3-րդ տեղը պիտի զբաղեցներ. հետեվրատեսիլյան հարցում

Եվրատեսիլ 2016-ն արդեն պատմություն է դարձել, Շվեդիայի մայրաքաղաք Ստոկհոլմում կայացած միջազգային մրցույթին այս անգամ մասնակցեց 42 երկիր։ Հայաստանը ներկայացնող Իվետա Մուկուչյանը զբաղեցրեց 7-րդ հորիզոնականը։ Եվրատեսիլյան տրամադրությունները թե կիսաեզրափակիչ, թե եզրափակիչ փուլերի ժամանակ, թե դրանից հետո բավականին բուռն էին։ Hraparak.am-ը փորձեց պարզել մեր համաքաղաքացիների հետեվրատեսիլյան կարծիքները, ակնկալիքները: 



Ընդհանուր առմամբ, մարդկանց սպասելիքները չէին արդարացել, շատերն էին վստահ, որ Իվետան առնվազն 2-րդ կամ 3-րդ տեղը կզբաղեցնի: Կատարվածի համար ունեն մեկ պատճառաբանություն՝ սա  միայն երգի մրցույթ չէ, այլ քաղաքական ենթատեքստեր ունի։
«Լուրջ չեմ համարում այդ մրցույթը, եթե նրանք չեն հարգում մեր ցեղասպանության վիշտը, կորուստը և հիմա թաթարական երգի են առաջին տեղը տալիս, չարժի դրանց հետ մրցության մեջ մտնել։ Անիմաստ է այդքան փող ծախսելը, բյուջեից ինչքա՞ն գումար է գնացել, հաշվե՞լ են՝ ինչքան գումար է ծախսվել այդ հիմարության վրա։ Շնորհաշատ աղջիկ է Իվետան, բայց թող ինքն իր համար իմիջ ստեղծի, ի՞նչ իմաստ կա ամեն անգամ միջազգայնորեն նսեմանալու»,- նշում է մեր զրուցակիցը։



Մեզ հետ զրույցում 23-ամյա Ալբերտ Քոչարյանն ասաց, որ մրցույթից որեւէ հիասթափություն չկա, նրա խոսքերով՝ պետք է մասնակցենք այնքան ժամանակ, մինչև սպասված արդյունքը ստանանք. «Մրցույթը մեզ ահագին բան տվեց, միայն հենց թեկուզ այն, որ Արցախի դրոշը այնտեղ պարզվեց»։



Համաքաղաքացիների շրջանում անցկացված հարցումը ցույց տվեց, որ մարդիկ դեռ քննարկում են Իվետա Մուկուչյանի հագուստը եւ պնդում, որ գեղեցիկ կազմվածք ունենալը և այն ի ցույց դնելը հաղթելու գրավական չէ։ «Սպասված չէր նրա այդքան ցածր հորիզոնականում հայտնվելը, չէինք մտածում, որ կհաղթի, բայց համոզված էինք, որ 3-րդ տեղից ավելի ցածր չենք լինելու։ Ինքը շատ գեղեցիկ արտաքին տվյալներ ունի, բայց այնտեղ ազգն է ներկայացնում և պետք է ազգային արժեքները ցույց տա, ոչ թե եվրոպական մոտեցումները։ Ինձ թվում է՝ ավելի ճիշտ եղավ, որ չհաղթեց, թե չէ այս բյուջեով մյուս տարի ո՞նց էին Եվրատեսիլ կազմակերպելու»,- նշում են ընկերուհիներ Թերեզան և Ռոզան։



Իվետայի մասնակցությամբ «Եվրատեսիլի» կիսաեզրափակիչ և եզրափակիչ փուլերին ողջ գիշեր հետևած Նունեն և իր ընկերները սպասում էին, որ մյուս տարի երգի մրցույթը Հայաստանում է անցկացվելու, սակայն եթե դա էլ չլիներ, վստահ էին՝ 3-րդ հորիզոնականը պետք է զբաղեցներ Հայաստանը. «Մեր ելույթը բավականին հաջողված էր, թե՛ կերպարը, թե՛ ելույթը, բեմականացումը, բոլոր ելույթներից ամենալավն էր մերը, բայց սա երկրների մրցույթ է, քաղաքական»։



Հիշեցնենք, որ Հայաստանը «Եվրատեսիլ» միջազգային երգի մրցույթին մասնակցում է 2006 թ։ Առաջինը մեր երկիրը ներկայացրել է երգիչ Անդրեն՝ «Without Your Love» երգով և զբաղեցրել 8-րդ հորիզոնականը։ Մինչ օրս ամենաբարձր հորիզոնականը եղել է 4-րդը, որը զբաղեցրել են Սիրուշոն 2008 թ՝ «Քելե Քելե» և Արամ Mp3-ին 2014 թ՝ «Not Alone» երգով։ Նշենք նաև, որ հայաստանյան պատվիրակությունն այս գիշեր վերադարձել է Երևան։