Եթե իրենց հովանավորները նավթադոլարներն են, մեր հովանավորը Աստվածն է. Շարմազանով (ֆոտո, վիդեո)

Եթե իրենց հովանավորները նավթադոլարներն են, մեր հովանավորը Աստվածն է. Շարմազանով (ֆոտո, վիդեո)

Այսօր՝ մայիսի 19-ին, առավոտյան, Ծիծեռնակաբերդ էին այցելել ՀՀ և ԼՂՀ հույների «Պատրիդա» կազմակերպության անդամները` հարգելու Թուրքիայում Պոնտոսի հույների ցեղասպանության զոհերի հիշատակը: Այստեղ էին նաև մի շարք ՀՀԿ-ական պատգամավորներ` Էդուարդ Շարմազանով, Գագիկ Մելիքյան,  Մարգարիտ Եսայան, գեներալ-մայոր, Արցախյան ազատամարտի հերոս Արկադի Տեր-Թադևոսյանը (Կոմանդոս) և բարձրաստիճան այլ զինվորականներ: Ծիծեռնակաբերդ էր այցելել նաեւ ՀՀ-ում Հունաստանի արտակարգ և լիազոր դեսպան Իոաննիս Տայիսին:



Էդուարդ Շարմազանովը լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասաց, որ մայիսի 10-ին հույների ցեղասպանության օրն է, և Հայոց ցեղասպանությանը զուգահեռ ցեղասպանվել են նաև քրիստոնյա հույները և ասորիները, դա եղել է մի ծրագիր, որոնք թուրքերը ի կատար են ածել. «Հայաստանի խորհրդարանը միաձայն՝118 կողմով, 2015 թ մարտի 24-ին դատապարտեց հույների ցեղասպանությունը Օսմանյան Թուրքիայում: Այսօր էլ Թուրքիան շարունակում է իր ժխտողական քաղաքականությունը: Մենք ունենք կոչ աշխարհին, և այդ կոչը հետևյալն է՝ պետք է պայքարենք անցյալի ցեղասպանությունների դատապարտման համար, և միասին այդ դեպքում նոր էրդողաներ, ալիևներ չեն լինի: Պետք է համախմբվեն բոլոր ցեղասպանված ազգերի ուժերը, և միջազգային հարթակներում միասին լինենք: Լույսի և խավարի պատերազմում լույսը հաղթելու է, այլընտրանք չկա, եթե իրենց հովանավորները նավթադոլարներն են, մեր հովանավորը Աստվածն է, մեր քրիստոնեական հավատքը և մեր բռունցքը»:



Այնուհետև մասնակիցներն այցելեցին հուշահամալիր, ծաղիկներ դրեցին անմար կրակի մոտ, որից հետո հոգեւորականների կողմից մատուցվեց պատարագ: Հավաքվածներին քիչ անց միացան նաև «ՀԱԲ»-ի ազատամարտիկները, նրանք նույնպես ծաղիկներ դրեցին անմար կրակի շուրջ: Հենց տեղում Իոաննիս Տայիսինն ասաց, որ այսօր մենք հիշում ենք և մեր հարգանքի տուրքն ենք մատուցում զոհերի հիշատակին: Պոնտական և հայկական ցեղասպանություննեը, որոնք տեղի են ունեցել նույն ժամանակաշրջանում, համարվում են ամենացավալի ցեղասպանություններից: Շատ կարևոր է նշել, որ անցյալ տարի ՀՀ-ն ընդունել է Պոնտոսի հույների ցեղսպանությունը: «Պատմական անցյալը տալիս է, որ հույն և հայ ազգերը կողք կողքի են ապրել, կողք կողքի պաշտպանել են իրենց հողերը: Այսօր պահանջում ենք ոչ միայն հույների և հայերի, այլև ասորիների ցեղասպանությանը ճանաչել: Ես կուզեի, որ այսօր այստեղ լիներ քրդերի համայնքի նախագահը, գար ու գլուխ խոնարհեր, ասեր՝ կներեք, սխալվել ենք, մենք դարձել ենք գործիք թուրքերի ձեռքին»,-նշում է Հայոց Ազգային Բանակ ռազմական ՀԿ-ի նախագահ Արամ Թորգոմյանը (Արամո):